Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն վարչապետը քնում, եվրոպական երազներ է տեսնում ու մեզ ձեռ առնում»․ Գյումրիում «խոպանչիների» բողոքի ցույցը շարունակվում է

Փետրվար 26,2024 17:12

Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց այսօր նորից բողոքի ցույց անցկացրեցին այս մարզի տարբեր համայնքներից Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնողները։

Նրանք մեր հետ զրույցում նշեցին՝ քանի դեռ հստակ պատասխան չկա այս հարցի շուրջ, իրենք էլ շարունակում են նամակներ ստանալ Հայաստանի Հանրապետությունում հարկեր մուծելու պարտավորության մասին, բողոքի ցույցերը կշարունակեն։

Նրանցից մեկն անչափ վիրավորված ու վրդովված վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերից, թե «Հայաստանում աշխատած, հարկ վճարածների ճանապարհից մի օգտվեք, կողքի մերձդաշտյա ճանապարհներով գնացեք․ հնձեք եղեգները ու ըտենց գնացեք, հասեք օդանավակայան», ասաց․

«Մի հատ էլ ձեռ են առնում էլի, թե ասֆալտով մի գնացեք, չոլերով գնացեք, դա անելու բա՞ն է, մոռացե՞լ է, որ էս ժողովրդի շնորհիվ է վարչապետ դարձել»։

Ըստ ցուցարարի, իրենք եկել են «խելքը գլխին» մի պաշտոնյայի տեսնելու, որը հստակ պատասխան տա, իրենք էլ կհավատան նրա խոսքերին։

Նա նախազգուշացրեց՝ եթե իրենց պահանջը չբավարարվի, մեծ ցույց կանցկացնեն․ կհավաքվեն ողջ հանրապետությունից բոլոր արտագնա աշխատանքի մեկնողները։

«Ամեն անգամ խաբելով չէ, եթե էդ օրենքը դեռ չի հաստատվել, էդ ի՞նչ նամակներ ենք ստանում ՊԵԿ-ից։ Պարոն վարչապետը մոռացել է, որ էսքան ժողովրդի շնորհիվ է վարչապետ դարձել, էսքան բանվորների, նրանց ընտանիքների հաշվին։

Իրեն հավատալով՝ ընտրեցին, բայց արի ու տես եկավ, օրը հասավ, «խոպանչիներից» է փող պոկում, որ իրենց պարգևատրումներ տա։ Մի դրամ մեր վրա չեն ծախսել, մեր անվտանգությունը չեն ապահովել, մենակ հարկ են ուզում մեզանից, որպես ի՞նչ։

Նման բան միայն Հայաստանում կարող է լինել։ Քնում-ելնում, եվրոպական երազներ են տեսնում, նրանց հետ են համեմատվում, որ «խոպանչիներից» փող պոկեն։ Մեր անվտանգությունն ապահովեք մնալու տեղով, աշխատանքով, բերենք, մուծենք»։

Ցուցարարներից մեկն էլ, որը 20 տարուց ավելի արտագնա աշխատանքի է մեկնում, ասաց․ «Չգիտեմ մեզանից ինչ են ուզում, նախ հասկանամ՝ ինչ են ուզում, որ ինչ տամ։

Ինչ ճանապարհ սարքելուց է խոսում, էդ ո՞ր երկիրը ճանապարհ չի սարքում, Հայաստանի սարքած ճանապարհները լավ երկրների քանդած ճանապարհներն են հիշեցնում։ Մենք բողոքավոր մարդիկ չենք, դժգոհ չենք, բայց թող մեզ բողոքավոր չդարձնեն, մենք աշխատավոր մարդիկ ենք, մեզ փող չի տալիս, մենք փող ենք բերում, որ մեր երկրում ծախսվի, եթե փող չես տալիս, ի՞նչ ես ուզում։

Հենց էսօր թող աշխատանք տա, ես էլ չեմ գնա արտագնա աշխատանքի, հարկն էլ իրեն կտամ։

Մենք հարկատու ենք, բայց ո՞ւմ հարկ պիտի տանք ու ինչո՞ւ պիտի տանք, թող գան, պարզաբանեն։ Աշխատանքային ստաժ հաշվո՞ւմ են մեր դրսում աշխատելը։

Իմ ընտանիքը տնակում է ապրում, թող մտածի էդ տնակներից ընտանիքներին հանի, երեխա ենք բանակ ուղարկել, ձայներս կտրել ենք, բերաններս փակել ենք, ասել ենք, թող գնան ծառայեն, նեղություն չտանք մեր երեխաներին։ Ներքին կարգով մեր բանակին էլ ենք օգնել, չհաշված արտաքին կարգով ինչքան ենք օգնում։ Շատ էլ մեր երեխեքը չեն ասում՝ էսօր սապոգս պատռվեց, նորը չտվեցին, որ մի ծնողը իր երեխուն մայկա չի ուղարկում բանակ։

Քնից ելել է, մի բան որոշել է, հիմա ո՞նց անենք, մենք էլ մեր քնից ելնեք ու որոշենք՝ ընդմիշտ թողնել, գնալ Հայաստանից, պրծնե՞լ։
Պետք լինի՝ իր ասած ճանապարհները կհնձենք, կսարքենք, ուրիշ երկրների համար էնքան ենք սարքել էդ ճանապարհներից, բայց ձև կա, չէ՞։ Նախկինում օդի փող էինք տալիս, հիմի էլ թող 5 հազար դրամ սահմանի միանվագ, ամեն մի գնացող, հանի տա, դրանից էլ պրծնենք»։

Մեկ այլ ցուցարար էլ կատակեց․ «Եկել եմ, միանամ տղերքին, որ գնանք, մեզ համար ճանապարհ բացենք, իր ասած խոտերը, եղեգները քաղենք, որ կարողանանք գնալ։

Ես չեմ մուծելու, ինչքան էլ ուզում է հարկ ու տուրք գա, նույնիսկ եթե ճանապարհս փակեն, չթողնեն գնամ ու չկարողանամ ընտանիքիս պահել, ես կդառնամ պահանջատեր իմ երկրում։

Թող աշխատանքով ապահովեն, ոչ թե հարկ վճարեմ թե՛ օտար երկրում, թե՛ էստեղ։

Թող մնամ իմ հողում ու ջրում աշխատեմ, հայրենիքս էլ վայելեմ, ոչ թե գնամ Ռուսաստան ու մտածեմ՝ քնիցս կարթնանա՞մ, թե՞ չէ, չգիտեմ ինձ կգան կսպանեն, կմորթեն, թե ինչ կանեն։ Թող էստեղ գործով ապահովի,էստեղ էլ կմնամ»։

Ցուցարարներն ամենայն հավանականությամբ վաղը կշարունակեն բողոքը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Այ հենց որ նիկոլի ուղտը ձեր դռանը չոքում է, ոտքի եք կանգնում, բայց որ նա Արցախը ճանաչեց ադրբեջանի կազմում ու դրա հետևանքով արցախցիները գաղթական դարձան, հեչ պետքներդ չէր, փողոց չէիք փակում: Իսկ հիմա ձեզ ա կպնում, ասում եք ամբողջ Հայաստանը ոտքի կհանեք:
    Եթե հանկարծ նիկոլն իրա որոշածից հետ կանգնի ու խոպանչիներիդ ընդառաջի, հաստատ նորից նիկոլին հարգելու եք ու գնաք խոպան՝ ձեր գործին: Տղերք, իհարկե ճիշտ եք անում, որ բողոքում եք ու ձեր շահերը պաշտպանում, բայց դա քիչ է, երկրի, արցախցիների ու տարբեր պրոբլեմներ ունեցող մեր մյուս հայրենակիցների շահերի համար նույնպես ակտիվ եղեք, միմյանց նկատմամբ թասիբ ունեցեք, որ մյուսներն էլ գան և խոպանչիներիդ թիկունքին կանգնեն, ձեր պայքարին աջակցեն:
    Նիկոլականները մեր երկիրը վարի են տալիս ու քիչ-քիչ թուրքին են հանձնում,մնացեք երկիրը միասին կարգի բերենք ու նոր գնացեք ձեր խոպանները:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829