Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատական նիստն առանց տուժողի, ոնց որ հարսանիք՝ առանց հարսի, կամ՝ թաղումն առանց մեռելի». Արմեն Աշոտյանի գործով տուժող չկա

Փետրվար 26,2024 16:56

«Դատական նիստն առանց տուժողի, ոնց որ հարսանիք՝ առանց հարսի, կամ՝ թաղումն առանց մեռելի»,- այսօր դատարանում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ դահլիճում հիմա քննարկվում է մի հարց, որը իրավաբանության մեջ փաթեթավորված քաղաքական հետապնդման հերթական արգասիքն է:

Այսօր, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նիստը: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Դատարանն այսօր քննում էր տուժողներից ԵՊԲՀ հիմնադրամի ներկայացուցիչ Տիգրան Խաչիկյանի բացակայությամբ նիստը շարունակելու հարցը: Դատավորն ասաց, որ վերջինս փետրվարի 14-ին, ծանուցվել է դատարանի կազմի կողմից՝ այսօր կայանալիք նիստի մասին, սակայն, հետադարձ ծանուցում չկա եւ բարդ է ասել՝ վերջինս պատշաճ ծանուցվա՞ծ է, թե՞ ոչ:

«Տարօրինակ է, չէ՞, դատարանում հրավիրյալ դատական նիստ է ու քննարկվում է, որ տուժողները չկան: Որպես կանոն, երբ մի արարք է լինում, այդ տուժողն է իրեն ճղում, որ ամեն ինչ անի՝ հասնի դահլիճ, պահանջի արդարություն, վերականգնում, մեզանից շուտ գա, մեզանից ուշ գնա, ակտիվ լինի, իր իրավունքների, գույքային վնասի հետ կապված տուժողները տեսականորեն պիտի ավելի շատ ջանքեր գործադրեն, քան դատավարության մյուս անդամները: Մենք ունենք գործ, որտեղ երկու տուժող կա, մի տուժողի օրինական ներկայացուցիչը որերորդ անգամ չի գալիս, էդ մարդիկ իրենց տուժող համարո՞ւմ են, թե՞ ոչ: Մյուս տուժողի օրինական ներկայացուցչի հետ կապված, դատարանը՝ հիմնվելով ներկայացված փաստաթղթերի վրա, որոշում կայացրեց, որ այդ մարդը՝ Գալինա Հարությունյանը, չի կարող լինել տուժողի օրինական ներկայացուցիչ»:

Արմեն Աշոտյանը հռետորական հարց հնչեցրեց՝ ինչ-որ նոր բա՞ն է արել դատավորը, դատավորն արե՞լ է մի բան, որը նախաքննության փուլում հնարավոր չէր անել. «Չորս տարի տեւող դատական գործով, ՔԿ-ն, դատախազությունը տուժողի օրինական ներկայացուցիչ ճանաչել են մի մարդու, որը չէր կարող այդ կարգավիճակն ունենալ: Այսինքն, չորս տարի «բռակ» աշխատանք է կատարվել, ու այդ աշխատանքը կատարած քննիչը պաշտոնի բարձրացում է ստացել, դատախազության ներկայացուցիչն էլ այստեղ ասում է, որ ինքն է եղել հսկող դատախազը: Այնքան սարքած, թքած- կպցրած գործ է, որ … »:

Դատավորն ընդհատեց Արմեն Աշոտյանին, նաեւ ճշտեց, որ դատարանը Գալինա Հարությունյանի մասով որոշում է կայացրել՝ հիմնվելով նրա իսկ հայտարարության վրա, որ չի ցանկանում լինել տուժողի օրինական ներկայացուցիչ:

Արմեն Աշոտյանը դատավորին հիշեցրեց իր իսկ հայտարարությունը՝ Գալինա Հարությունյանի կարգավիճակի որոշումից հետո, որ ինքը տուժողի հետ կապված ճշտումներ կանի, թե հետոն ինչպե՞ս պետք է շարունակվի հարցի քննությունը եւ հետաքրքրվեց՝ արե՞լ է այդ ճշտումները, ո՞ւմ հետ եւ ի՞նչ ճշտումներ է արել:

Վահե Դոլմազյանն ասաց, որ դատարանը որեւէ մեկի հարցերին պատասխանելու պարտադրանք չունի, բայց տեղեկացրեց, որ դատարանը համապատասխան հարցերը քննարկում է եւ համապատասխան որոշումները կայացվել են: Դրանցից մեկն էլ այն է, որ Գալինա Հարությունյանն այլեւս տուժողի օրինական ներկայացուցիչ չէ: Նա տեղեկացրեց նաեւ, որ որոշ այլ հարցումներ էլ է դատարանն արել:

Եվ հայցվորը, եւ պատասխանողը համամիտ էին, որ առանց տուժողի ներկայացուցչի հարցի քննությունը հնարավոր չէ շարունակել:

Նիստը շարունակվեց դռնփակ՝ պաշտպաններից մեկի ներկայացրած միջնորդության քննարկման համար: Թե ինչի՞ մասին էր միջնորդությունը, չհայտարարվեց, դատավորն ասաց, որ ինքը տեղյակ է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829