Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստեղծվել է. «Armenian sound» նախագիծը. Արսեն եւ Տիգրան Հակոբյանները «փաստագրել» են իրականության ձայները

Փետրվար 26,2024 16:23

Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում հնչյունային ռեժիսորներ Արսեն Հակոբյանն ու Տիգրան Հակոբյանը ներկայացրին Հայաստանում նախադեպը չունեցող «Armenian sound» նախագիծը։ Նրանց ստեղծած ձայնադարանը հնարավորություն է տալիս ավելի ամբողջական պատմել աշխարհին Հայաստանի ու հայ ժողովրդի մասին` լինի դա ֆիլմի, թե հաղորդման միջոցով: Ձայնադարանը պարբերաբար թարմացվում է, ներբեռնվում են նոր ձայները, որոնք ունեն նկարագրություն, թեգեր եւ հեշտ որոնման համակարգ։

«Մենք հնչյունային ռեժիսորներ ենք, որոնք տարիների փորձ ունեն: Աշխատել ենք գեղարվեստական ֆիլմերում, հաղորդումներում, ունենք մասնակցություն հեռուստատեսային նախագծերում, սերիալներում: Տարիների ընթացքում աշխատելիս միշտ մտածել ենք, թե ինչ բացեր կարող են լինել մեր աշխատանքում, որոնք պետք է փորձենք լրացնել: Ի վերջո, հասկացանք, որ մեր հայկական հնչյունային ռեժիսուրայում կա այսպիսի մի բաց՝ չունենք հայկական ձայնադարան»,-ասաց Արսեն Հակոբյանը:

Նա ներկայացրեց, թե ինչ է ձայնադարանը. «Դրանք մեզ շրջապատող, ատմոսֆերային ձայներն են, որոնք մեծ պահանջարկ ունեն ֆիլմերում, գովազդային հոլովակներում: Այդպիսի այլընտրանք մենք կարող ենք գտնել արտասահմանյան ձայնադարաններում, ինչը մի շարք խնդիրներ է առաջացնում: Մենք ունենք սովորույթներ, ծիսակարգեր, որոնք չունեն այլ երկրներ եւ ժողովուրդներ: Վերցնենք, թեկուզ Վարդավառը: Ասենք, ձմեռվա ցրտաշունչ օրով որոշել եք տեսահոլովակում ներկայացնել Վարդավառը իր ողջ հմայքով; Միայն միայն վիզուալ մասը ցույց տալը՝ երաժշտության հավելմամբ, բավական չէ, ամբողջ էմոցիոնալ դաշտը, որ կա Վարդավառի ընթացքում, պետք է փոխանցել ունկնդրին»:

Արսեն Հակոբյանն ընդգծեց, որ իրենք հիմնականում կենտրոնացել ենք այնպիսի ձայների վրա, որոնք այլ ձայնադարաններում հնարավոր չէ գտնել. «2017-ին, երբ որոշեցինք ձայնադարանը գործուն քայլերով տանել առաջ, հասկացանք, որ դրա համար մեզ շատ լուրջ ու թանկարժեք տեխնիկա է անհրաժեշտ: Նաեւ մեզ պատասխանատու էինք զգում, որովհետեւ եթե անում ենք մի բան, որը նախադեպը չունի, պետք է շատ լավ անել: Այն ամենը, ինչ արել ենք ձայնադարանի հետ կապված, մեր ուժերով ենք իրականացրել, չենք ունեցել հովանավորներ, օգնողներ եղել են մեր ընկերները: Խորհրդակցել ենք նաեւ մեր արտասահմանյան գործընկերների հետ եւ պարզել, որ շատ առանձնահատուկ տեխնիկա է անհրաժեշտ բնության ձայները ձայնագրելու համար»:

Հավելեց, որ բացի տեխնիկա գնելուց, 2017-ից զբաղվել են նաեւ ձայները հավաքագրելով: Ասաց, որ անգամ հեղափոխության օրերին են աշխատել եւ փորձել այդ օրերին ու հոգեվիճակին բնորոշ ձայները հավաքել, ավելի տարածական են ձայնագրել պատմության համար:

Տիգրան Հակոբյանի խոսքով, իրենք փորձում են ձայնագրությունների միջոցով միջավայրից կորզել առավելագույն տեղեկատվությունը, որը կարելի է հետագայում օգտագործել ոչ միայն ֆիլմերում, այլ դարձնել պատմության մի մասը. «Սա բնույթով եւ ունիվերսալ է, եւ ինչ-որ առումով էնդեմիկ , որովհետեւ պատմության մեջ մնում են այն ձայները, այն արխիվը, որը ներկա ժամանակում է տեղի ունենում: Սա եւ տեխնիկական խնդիր է լուծում, եւ ինչ-որ առումով բանահավաքության, դրամատուրգիայի էլեմենտների նման է, որ անհրաժեշտ է լինելու հետագա սերունդներին»:

Արսեն Հակոբյանի պատկերավոր բնորոշմամբ, ձայնը ֆիլմի ողնաշարն է, եթե դու ունես առողջ ձայն, դա ֆիլմին տալիս է կենդանի շունչ: Նրա խոսքով. «Ձայներն էլ ունեն լեզու , օրինակ, արտասահմանյան ռեստորանային ամբիենսն ու հայկական ռեստորանային ամբիենսը տարբերվում են: Մարդը հասկանում է, որ սա հայկական է, սա արտասահմանյան: Մեր հնչյունային ռեժիսորները հաճախ ստիպված են լինում ինչ-որ ձեւով նմանեցնել, ձեւափոխել, խաբել, որը ներկայացվողը հայկական ռեստորան է …Իսկ ինչու չունենալ հայկականը…Մենք հիմա ավելի շատ կենտրոնացել ենք տեսողականի վրա, մեր երկիրը ներկայացնում ենք ողջ հմայքով, բայց արտասահմանում մարդկանց հետաքրքրում է նաեւ ձայնային մասը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829