Լրահոս
Օրվա լրահոսը

«10 հա դեղձի այգի ունեմ, երեւի քանդեմ ինքնաթիռի полоса սարքեմ». Ռաֆայել Երանոսյանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը

Փետրվար 26,2024 15:56

Aravot.am-ը դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ շոու բիզնեսի ներկայացուցիչները պետք է հարկեր վճարեն, եթե Հայաստանի սահմաններից դուրս համերգներ, ելույթներ են ունենում, այլապես ինքն առաջարկում է մերձդաշտյա ճանապարհներով, եղեգները հնձելով հասնել օդանավակայան, որպեսզի ասֆալտը չմաշվի:

Ռաֆայել Երանոսյանը հարցը լսելով՝ ասաց, որ ինքը վաղուց հարկատու է, հարկ է վճարում: Երբ մանրամասնեցինք, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, մեր զրուցակիցը ծիծաղեց. «Տեղյակ չեմ, ոչ մի բանի չեմ հետեւում, ուզում եմ հանգիստ ապրել… Հաստա՞տ ասել է նման բան, թե՞ խաբում եք: Ստենդա՞փ եք մեզ պատմում, ներկայացման սցենա՞ր եք առաջարկում…»:

Երբ հիշեցրինք, որ իր գործընկերներից Անդրանիկ Հարությունյանը անգամ այդ թեմայով հումորային հոլովակ է նկարել եւ հրապարակել իր էջում, Ռաֆայել Երանոսյանն ասաց. «Ես Անդոյի հետ չեմ շփվում շատ վաղուց… Բայց այդ ամեն ինչն իսկապես խնդալու է, ես պատասխան չունեմ, անկեղծ… Հետաքրքիր է՝ իսկապես ձեր ասածներն իրականությո՞ւն են…»:

Փաշինյանի նշած՝ մերձդաշտյա ճանապարհներով, եղեգները հնձելով, առանց ասֆալտը մաշելու օդանավակայան հասնելու մասին էլ Երանոսյանը նշեց. «Ես ապրում եմ Արմավիրի մարզում, մեզ մոտ ասֆալտ չկա, ես դաշտերով կգնամ… (ծիծաղում է-Գ.Հ.): Միակ բանը այն է մնում, որ ներկայացումներ շատ դնեմ, շատ աշխատեմ, սեփական ուղղաթիռն առնեմ… Ի դեպ, 10 հա դեղձի այգի ունեմ, երեւի քանդեմ полоса (թռիչքուղու գոտի) սարքեմ: Իսկ եթե հարկ վճարելու մասին է խոսքը, նորից եմ կրկնում՝ միշտ վճարել եմ ու վճարելու եմ: Բայց մեկ է, այս ամեն ինչը խնդալու է, պատասխան չեմ կարող տալ…»:

Նա հավելեց, որ հենց հիմա իր նոր՝ «Փահլեւան» ներկայացմանն է պատրաստվում, որի պրեմիերան կկայանա ապրիլին․ «Ես անպայման սրա մասին կգնամ տղերքին՝ մեր սցենարական խմբին կասեմ ու սրան կանդրադառնանք»:

Ինչ վերաբերվում է դերասան Անդրանիկ Հարությունյանին, որը Նիկոլ Փաշինյանի հայտարարության թեմայով հումորային հոլովակ է նկարահանել եւ հրապարակել ֆեյսբուքի իր էջում, հիշեցնենք, որ նա 2018թ «թավշյա» հեղափոխության հռետորներից էր եւ իր հարցազրույցներում միշտ ասում էր, թե մարդիկ փողոցներում վերջապես ժպտում են, ու վերջին 20 տարում ինքը նման ժպտուն դեմքեր չի տեսել, նաեւ կոչ էր անում սատարել «թավշյա» հեղափոխությանը եւ հենց Փաշինյանին էր տեսնում վարչապետի պաշտոնում։

«2018թ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 80 տոկոսը այդ կուսակցության կողքին է եղել, եթե դուք չեք եղել, ուրեմն 20 տոկոսի մեջ եք մտնում։ Բայց հիմա էդ 80 տոկոսին զանգում հատ-հատ հարցնո՞ւմ եք էն, ինչ ինձ հարցրիք․․․Կոպիտ ասած՝ կրա՞կն ենք ընկել (կրակ բառի փոխարեն կոպիտ բառ օգտագործվեց-Գ․Հ․), որ աջակցել ենք։ Բնականաբար, եթե իմանայինք էսօր էս է լինելու, չէինք անի, ո՞վ էր բայց պատկերացնում։ Էդքան բան․․․»,-Aravot.am-ին հետո ասել էր Անդրանիկ Հարությունյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Կամերային թատրոնի կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829