ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Ներքին գործերի նախարարությունում 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկման ժամանակ Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ՆԳՆ պլանշետների ձեռքբերման պայմանագրին։
Նրա խոսքով՝ 2023 թվականի հունիսին ՆԳ նախարարությունը ջրային պարեկների համար 40 համակարգչային պլանշետի ձեռքբերման նպատակով հայտարարել է էլեկտրոնային աճուրդ՝ նախահաշվային գին սահմանելով 15 մլն 760 հազար դրամ կամ մեկ հատի արժեքը 394 հազար դրամ։ Էլեկտրոնային աճուրդին մասնակցության հայտ են ներկայացրել երկու ընկերություն, նվազագույն գին առաջարկած «Էլ մարկետ» ընկերությունը մեկ պլանշետի գինն առաջարկել է 393 099 դրամ, այսինքն՝ 0,01 դրամով պակաս նախահաշվային արժեքից, եւ ընկերության հետ կնքվել է պայմանագիր։
«Կատարվել է մատակարարումը, սակայն այս մասով մենք արձանագրել ենք այլ փաստեր։ «Էլ մարկետ» ՍՊԸ-ին փոխկապակցված «Էլդորադո» էլեկտրոնային հարթակը նույն պլանշետը հատով վաճառում է 286 900 դրանով։ Այսինքն՝ 107 հազար դրամով պակաս, քան նույն պլանշետները գնել է ոստիկանությունը։ Այս 40 հատի մեջ շուրջ 4 մլն 280 հազար դրամի տարբերություն է»,- ասաց Կարեն Կարապետյանը։ Նրա խոսքով՝ նույն մատակարարից նույն պլանշետները գնվել են նաեւ 2023 թվականի հունվարին։ Այն ժամանակ գնվել է 200 հատ, դարձյալ 393 099 դրամով։ Այս դեպքում գնային տարբերությունը կազմել է շուրջ 28 մլն դրամ։ Նա նշեց, որ միայն «Էլրդորադոյի» գներով չեն առաջնորդվել, ուսումնասիրել են «Սամսունգի» կայքը եւ պարզել, որ նույն օրերին այդ պլանշետների գինը կազմել է 233 900 դրամ։ «Այսինքն՝ գների ակնհայտ տարբերություն է եղել։ Երկու գնումներով միասին տարբերությունը գերազանցում է 30 մլն-ը»,- հավելեց նա։
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանին առաջարկեց դիմել իրավապահներին, որպեսզի բացահայտեն՝ չարաշահումներ կա՞ն, թե՞ ոչ։ Ջանջուղազյանն ի պատասխան ասաց, որ ՆԳՆ-ում իրականացրած հաշվեքննության արդյունքները ամփոփելով՝ դրա կարիքը չեն տեսնում։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ