Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամբողջ համակարգով հավաքվել, փաստացի քննարկում ենք անվահեծերը 16 դյույմ պետք լինեի՞ն, թե՞ 17»․ Արա Ֆիդանյանը դժգոհեց Հաշվեքննիչ պալատից

Փետրվար 26,2024 14:46

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է «Ներքին գործերի նախարարությունում 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը։

Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանը նշեց, որ Պարեկային ծառայության համար ավտոմեքենաների ձեռքբերման պայմանագրով ՆԳ նախարարությունը չեխական ընկերության հետ 2023 թվականի հունիսի 7-ին կնքել է պայմանագիր՝ թվով 65 հատ «Շկոդա սուպեր» մակնիշի ավտոմեքենաների գնման համար՝ 1 մլրդ 177 մլն 800 հազար դրամով։ 2023 թվականի սեպտեմբեր ամսին մեքենաներն ամբողջությամբ մատակարարվել են։

«Հաշվեքննության ընթացքում ուսումնասիրվել է «Շկոդա սուպեր» մակնշի ավտոմեքենաների արտադրող Չեխիայի Հանրապետության ընկերության պաշտոնական կայքը, համաձայն որի՝ համեմատվել են պայմանագրային եւ արտադրողի կայքում զետեղված տեխնիկական տվյալները։ Այս մասով արձանագրվել են հետեւյալ անհամապատասխանությունները։ Ընթացակարգի հրավերով նախատեսվել է ձեռք բերել սեդան 4 դուռ տեսակի ավտոմեքենաներ։ Սակայն, ըստ արտադրողի, «Շկոդա սուպեր» մեքենան երբեւէ չի արտադրվել սեդան տեսակի թափքով եւ ունի հինգ դուռ։ Այսպիսով՝ արձանագրել ենք անհամապատասխանություն արտադրողի եւ մատակարարի առաջարկած մեքենաների թափքերի միջեւ, քանի որ պատվիրատուն նշել է, որ ուզում է ձեռք բերել սեդան տեսակի մեքենա, սակայն մրցույթի մասնակիցը որպես սեդան է ներկայացրել այլ թափք ունեցող ավտոմեքենա»,- ասաց Կարեն Կարապետյանը։

Նրա խոսքով՝ ըստ պայմանագրի՝ «Շկոդա սուպեր» մակնիշի մեքենաների ճանապարհային լուսածերպը պետք է կազմեր 155 միլիմետր։ Բայց հաշվեքննության ընթացքում արձանագրվել է, որ այդ մեքենաներն արտադրողը տվյալ մոդելի լուսածերպը նշում է 138 միլիմետր, այսինքն՝ 17 միլիմետրով պակաս, քան պայմանագրով նախատեսված է։

Կարեն Կարապետյանը նշեց, որ ըստ պայմանագրի՝ մեքենաների քաշը պետք է կազմեր 15 035 կգ, որը ներառում է նաեւ պայմանական վարորդ՝ 75 կգ քաշով, այսինքն՝ առանց վարորդի պետք է կազմեր 14 060 կգ։ Սակայն, համաձայն սահմանային հայտարարագրման փաստաթղթերի տվյալների, տվյալ «Շկոդա սուպեր» մակնիշի մեքենաների բրուտո քաշը կազմել է 15 076 կգ, այսինքն՝ շուրջ 116 կգ-ով ավելի են եղել, քան նախատեսված էր պայմանագրով։

«Ունենք նաեւ մեկ խնդիր՝ կապված մեքենաների անվադողերի հետ։ Ի սկզբանե պայմանագրով նախատեսված է եղել 17 դյույմ անվադող եւ անվահեծ, որի փոխարեն մատակարարվել են 16 դյույմանոց»,- նշեց նա։

ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանն ի պատասխան ասաց․ «Երբ ներկայացվում է, որ ուսումնասիրվել է համացանցում առկա տեղեկատվությունը, կներեք, բայց մի փոքր հասկանալի չէ՝ ի՞նչ է նշանակում համացանցում կատարված ուսումնասիրություն։ Տեղյակ ենք, որ համացանցում առկա են բազմաթիվ տեղեկություններ, բազմաթիվ հայտնի ու անհայտ աղբյուրներից։ Եվ հիմք ընդունել համացանցի որեւէ տեղեկատվություն հաշվեքննության համար, կարծում եմ, տեղին չէ»։

Ֆիդանյանը նշեց, որ իր ձեռքի տակ առկա են «Շկոդա» ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցչի պարզաբանումները, համաձայն որոնց մատակարարվել են մեքենաները։ Նա ներկայացրեց մատակարարված ավտոմեքենաների տեսակները՝ նշելով, որ շեղում չի եղել։ «Այո, անվահեծերի հետ կապված խնդիր առկա է, մատակարարվել է այլ չափի, ընդամենը մեկ չափ տարբերվող անվահեծով։ Դրանով պայմանավորված՝ տրամադրվել են նույնքան ձմեռային տեսակի անվադողեր, որոնք չէին մտնում պայմանագրի մեջ։ Հետեւաբար, պետությունն այստեղ բավական մեծ գումարներ խնայել է։ Չունենք դրա համար կատարված փորձաքննություն, հիմքեր, թե այդ մեկ շեղումն արդյոք բացասակա՞ն էր, թե՞ դրական։ Նույնկերպ ես կարող եմ պնդել, որ այդ շեղումը դրական է։ Պետությանը ոչ թե պատճառվել է վնաս, այլ 65 ավտոմեքենայի համար 4-ական ձմեռային անվադող ուղղակի նվիրաբերվել է ընկերության կողմից»,- ասաց Ֆիդանյանը։

Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցրեց․ «Բնական հարց է առաջանում՝ հաշվեքննություն, որտեղ արձանագրված են խախտումներ Գնումների մասին օրենքի շրջանակներում, եւ իրականություն, որտեղ ՆԳՆ-ն ձեռք է բերել Երեւանի համար մեքենաներ, որոնք ծառայության ընթացքում, ըստ էության, իրենց առջեւ դրված խնդիրը լուծում են։ Որտե՞ղ է շան գլուխը թաղված»։

Ատոմ Ջանջուղազյան

Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ անհամապատասխանությունը նախ եւ առաջ արձանագրված է ընթացակարգի համատեքստում։ «Եվ երբ ասում եք՝ գնումների մասին օրենսդրությունը պահպանվել է, գնումների մասին օրենսդրության շրջանակում հրավեր է հրապարակվել, պայմանագիր է կնքվել, որտեղ տեխնիկական բնութագրեր են կոնկրետ նախատեսվել, որոնք պահպանված չեն։ Անհամապատասխանությունը վերաբերում է դրանց»,- հավելեց Ջանջուղազյանը։

Արա Ֆիդանյանն արձագանքեց․ «Եթե մենք այստեղ խոսում ենք ընթացակարգերի խախտումների մասին, թույլ տվեք արձանագրենք, որ կան երկու տեսակի խախտում՝ էական եւ ոչ էական։ Եվ ես վստահաբար կարող եմ փաստել, որ դժվար է գտնել մի այնպիսի ընթացակարգ, մանավանդ մեր Գնումների մասին օրենքի իրավակարգավորումներով, երբ հստակ բոլոր ընթացակարգերը լիարժեք պահպանված կլինեն։ Մենք հիմա այս ամբողջ համակարգով եւ անձնակազմով հավաքվել, փաստացի խոսում ենք այն մասին, թե 16 դյույմ պետք է մատակարարվե՞ր, թե՞ 17։ Այսինքն՝ խնդիրն ի՞նչ էր, ընդամենն այդ մեկ դյույմի տարբերության մասի՞ն ենք մենք հիմա քննարկում անում, որի դիմաց, կրկնում եմ, պետությանը տրվել է հավելյալ ֆինանսական հնարավորություններից օգտվելու հնարավորություն»։

Ջանջուղազյանը պատասխանեց․ «Մենք դա չենք քննարկում, պարոն Ֆիդանյան, մենք քննարկում ենք, թե արդյոք մրցույթի դրված գնման առարկան բնութագրվա՞ծ է եղել այնպես, ինչպես ձեր կարիքն է եղել։ Երկրորդ հարց՝ արդյոք դուք ընդունե՞լ եք հենց այն գնման առարկան, ինչն ի սկզբանե հայտարարել եք, որ ուզում եք։ Երրորդը՝ դուք պնդում եք, որ վառելիքի ծախսը նվազել է։ Դուք դա պնդելու համար որեւէ հիմնավորում, եթե ունեիք, ի սկզբանե պետք է հայտարարեիք, որ ձեզ պետք է ոչ թե 17, այլ 16 դյույմ չափ ունեցող անվահեծ»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829