Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչի մեջ էլ կարելի է հակառուսական երանգ գտնել, եթե փնտրում եք». Թունյանը՝ Զելենսկու այցի եւ Պապոյանի՝ նախարար նշանակվելու մասին

Փետրվար 26,2024 14:24

«Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Հայաստան այցի մասին չեմ մտածել, բայց անհավանական էլ չեմ համարում: Չեմ ուզում գնահատել դրական կամ բացասական: Ի վերջո` Ուկրաինայի նախագահը երկրի ընտրված ղեկավար է եւ ինչպես մնացած երկրների ղեկավարները, եթե ինչ-որ արգելք չկա, կարող են այցելել Հայաստան»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Հարցին սա կարո՞ղ է ՌԴ-ի դեմ լինել՝ ուղերձ, որ Հարավային Կովկասի երկրները պատրաստ են ընդունել Զելենսկուն՝ նա պատասխանեց. «Ամերիկյան կո՞ղմն է պնդում, որ պետք է գա: Ես չգիտեմ, այդ պնդմանը ծանոթ չեմ: Որեւէ պաշտոնական հայտարարություն այդ մասին չեմ տեսել»:

Կա՞ այդտեղ հակառուսական երանգ՝ նա պատասխանեց. «Ի վերջո ամեն ինչի մեջ էլ կարելի է հակաուսական երանգ գտնել, եթե փնտրում եք: Կարող եք գտնել Հռոմի ստատուտի վավերացման հետ կապված եւ ցանկացած որոշման հետ կապված»:

Խոսելով ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության սառեցման մասին՝ Թունյանն ասաց, որ ՀԱՊԿ-ն է հեռացել Հայաստանից, ոչ թե Հայաստանը՝ ՀԱՊԿ-ից: Նա ասաց, որ Հայաստանի դիրքորոշումները ՀԱՊԿ-ի հետ կապված չի պատրաստվում արդարացնել, որովհետեւ դրանց մասին բազմիցս խոսվել է ու այդ հարցերը պետք է ուղղել ՀԱՊԿ-ին:

Լուրեր կային, որ Բաբկեն Թունյանին առաջարկել են լինել էկոնոմիկայի նախարար: Լրագրողները ճշտեցին՝ եղե՞լ է նման առաջարկ, Թունյանը չհերքեց. «Նման քննարկումներ եղել են, բայց ես արտահայտվել եմ, որ ԱԺ-ում մեր անելիքները պակաս չեն: Բայցեւայնպես, եթե որոշումը այնպիսին լիներ, որ ես գործադիրում աշխատեի, կքննարկվեր»:

Թե ինչո՞ւ ընտրությունը հատկապես Գեւորգ Պապոյանի վրա կանգ առավ, խոսակցություն կա, որ ՔՊ-ն ուզում է գրավել բոլոր պետական կառույցները՝ նա պատասխանեց. «Նախ, ՔՊ-ն ընտրություններում հաղթած ուժն է եւ պետական պաշտոնները, կառավարությունը ձեւավորվում է ընտրությունների հիման վրա եւ այդ քաղաքական ուժի կողմից: Գրավելու-չգրավելու հարց չկա: Գեւորգ Պապոյանն է նշանակվել, որովհետեւ Գեւորգ Պապոյանն իր գործին տիրապետող պրոֆեսիոնալ մարդ է, իր քաղաքական թիմի արժեքներին նվիրված եւ կարծում եմ, որ պարոն Պապոյանը բավականին լավ կկարողանա իր դերը կատարել»:

Հարցին՝ նա ԱԺ-ում անելիք չունե՞ր, Թունյանը պատասխանեց. «ԱԺ-ում անելիք ուներ, բայց կարծում եմ, գործադիրում նույնպես անելիք կունենա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829