Ինչո՞ւ արցախցուն դաժանորեն սպանած ադրբեջանցուն ուղարկեցին Ադրբեջան. այսօր լրագրողների այս հարցին ի պատասխան՝ ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանն ասաց. «Մենք դրանում որեւէ առնչություն չունենք: Հարցում ենք ստացել, պատասխանել ենք: Մեր գործառույթները լրիվ իրավաչափ են»:
Հիշեցնենք, որ խոսքը Քամիլ Զեյնալլիի մասին է, որին ձերբակալել էին փետրվարի 20-ի երեկոյան՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Հայաստանը Զեյնալլիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել 2020 թվականի 44-օրյա պատերազմի երկրորդ օրը, մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 135 (մարդկության դեմ հանցագործություններ) և 147 (վարձկան հավաքագրելը) հոդվածներով։
Հարցին՝ Մոսկվայի որոշումը՝ 2 ժամվա մեջ նրան ուղարկել Բաքու, արդյոք քաղաքակա՞ն որոշում էր՝ նախարարը պատասխանեց. «Դա չեմ կարող ասել: Նման գնահատական չեմ կարող տալ»: Նա ասաց, որ նմանատիպ հետախուզման օրինակներ էլի կան. «Բռնել են, բաց են թողել»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է, օրինակ, գլխավոր դատախազը երթեւեկում փարոսիկներով ավտոշարասյունով՝ Վահե Ղազարյանը պատասխանեց, որ կոնկրետ իր ավտոշարասյունը խախտումներով չի երթեւեկում. «Օրինակ, ՔԿ-ի հետ կապված կարող է պետք լինի հրատապ կարգով դեպքի վայր գնալ, գուցե պետք է ձայնային ազդանշաններով ճանապարհ բացել, որպեսզի շուտ կարողանա հասնել ինչ-որ տեղ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ