Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամբողջ երկրիդ ընդերքը բազալտ է, ինչի՞ պիտի բազալտը այդպիսի գին ունենա ու մեր մայթերը ասֆալտ լինեն, ոչ թե բազալտ». Սուքիասյանը բողոքեց

Փետրվար 26,2024 13:08

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում այսօր էկոնոմիկայի փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Տերյանը ներկայացրեց ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից արդյունաբերական ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:

Արձանագրությամբ սահմանվում է ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից այդ նախագծերի իրականացման համար ֆինանսական միջոցների ձեւավորման ընթացակարգը, ձեւաչափը, ըստ որի, այն պետք է կանոնակարգվի Եվրասիական միջկառավարական եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդների որոշումներով:

Նարեկ Տերյան

Ինչպես նշեց Տերյանը, նախագծով նախատեսվող փոփոխությունների նպատակն է ստեղծել ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերության ոլորտների փոխշահավետ կոոպերացիոն ծրագրեր ու ստանալ ֆինանսական աջակցության նոր գործիք: Այն կխթանի բարձր տեխնոլոգիական, նորարական արտադրանքի ստեղծումը: Բյուջեն մոտ 20-22 մլն ԱՄՆ դոլար է, որը նախատեսվում է ծրագրերի սուբսիդավորման համար: Այդ բյուջեն գոյանալու է ԵԱՏՄ անդամ պետությունների վճարումներից, Հայաստանի մասնաբաժինը կազմում է 1,22%: Սուբսիդավորման չափը չպետք է գերազանցի 3,8 մլն դոլարը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ասաց, որ շատ լավ նախագիծ է, բայց գումարները փոքր են, առավել եւս, որ Հայաստանի մասնաբաժինը փոքր է: Նա հարցրեց՝ էկոնոմիկայի նախարարությունն արդեն ունի՞ ծրագրեր, թե ո՞ր արտադրություններն է հնարավոր համատեղել այլ երկրների հետ, ո՞ր ճյուղերում է հնարավոր մրցունակ արտադրանք տալ:

Նարեկ Տերյանը պատասխանեց, որ, օրինակ` ՌԴ-ում, Բելառուսում ու Ղազախստանում համատեղ արտադրվող «Էլեկտրոբուսը» կարող է ծրագրի շահառու դառնալ, ամեն երկրում մի մասնիկն է արտադրվում ու համատեղ արտադրություն է: Ինչ վերաբերում է Հայաստանին, նա ասաց, որ մոտ մեկ տարի քննարկվել է այս ծրագիրը ու սկսել են արդեն տնտեսվարողների հետ խոսել, թե ինչ կոոպերացիոն ծրագրեր կարող են լինել. «Հիմնական ծրագիրը, որ մենք տեսնում ենք, մետալուրգիական ուղղության է, մինչեւ այս տարվա վերջ կունենանք պատկերացում, թե Հայաստանից ի՞նչ ընկերություններ կարող են մասնակցել»: Սուքիասյանն ասաց, որ ժամանակակից հաստոցների ստեղծման, ցանկացած բաղադրիչ պատրաստելու հարցում Հայաստանը կարող է մասնակցություն ունենալ. «Երկու տարի է՝ ձեզ ասում եմ՝ հավաքեք արդիական հաստոցներ պատրաստող ընկերությունների, որոնք կարողանում են մրցունակ արտադրանք տալ: Այդ հաստոցները կարող են երկու նպատակի ծառայել՝ ե՛ւ քաղաքացիական, ե՛ւ այլ»:

Վաղարշակ Հակոբյան

Հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը բողոքեց, որ նախարարությունը սպասում է բիզնեսից եկող առաջարկներին. «Այդ մարդիկ գլուխները կախ իրենց գործն են անում, հարկ են վճարում, այնպես չի, որ նստած ամբողջ օրը ուսումնասիրում են պետական մարմինների որոշումները: Եղել է իրավիճակ, որ ինձ դիմել են ինչ-որ հարցով, վերջում, որ սկսել ենք աշխատել, պարզվել է՝ վաղուց արված է այդ փոփոխությունը, ուղղակի բիզնեսը տեղյակ չի: Դուք, որպես նախարարություն, շատ կարեւոր է, որ նախաձեռնությունը վերցնեք ձեր ձեռքը ու բիզնեսին տեղյակ պահեք»:

Նարեկ Տերյանը խոստացավ. «Այս տարի կփորձենք այնպես անենք, որ բիզնեսին ավելի մոտիկ լինենք»:

Խաչատուր Սուքիասյանն ասաց. «Ես լոգիստիկայի համար մեծ գումար եմ տալիս, ՀՀ տնտեսվարողներն էլ, որպեսզի ջերմամեկուսիչ նյութեր բերեմ Հայաստան: ՀՀ-ում սարերով լցված պեռլիտի հանքեր կան, փոխանակ առաջին հերթին այնտեղ ներդրում կատարվի, որպեսզի ես այդ ներմուծումը չանեմ, ՀՀ-ում բարձր որակի մրցունակ արտադրանք տալու հնարավորություն ստեղծենք, մեկ անգամ դուք ներդրում եք կատարում պեռլիտի կամ պեռլիտանման նյութերի մեջ, տասնյակ տարիներ այն ձեզ եկամուտ է տալիս: Սկզբնական շրջանում ՀՀ տարածքում է իրացվում, իքս ժամանակ հետո սկսում է արտահանվել: Ձեր վարչության պետը կարո՞ղ է մի քանի անուններ տալ, ասել՝ ի՞նչ կարող ենք անել, սարերով պեռլիտ ունենք: Լավ գիտեք, պեռլիտը ե՛ւ ջերմամեկուսիչ է, ե՛ւ ձայնամեկուսիչ»:

Սուքիասյանը նաեւ բողոքեց, որ Հայաստանում լիքը բազալտ կա, բայց բազալտի գները «անհասկանալի են». «Նշանակում է, որ կա՛մ սարքավորումները չեն հասցնում, որովհետեւ ամբողջ երկրիդ ընդերքը բազալտ է, ի՞նչն է պատճառը, ո՞վ է հասկանում, ինչի՞ պիտի բազալտը այդպիսի գին ունենա ու մեր մայթերը ասֆալտ լինեն, ոչ թե բազալտ: Պատճառն ի՞նչն է, թե՞ պահանջարկը այնքան մեծ է, որ գները միանգամից բարձրացել են, ոնց որ բնակարանների գները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829