Լիլիթ Մինասյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ձմեռային նստաշրջանում
Վիեննայում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պատվիրակության անդամ Լիլիթ Մինասյանը:
Պատգամավորն ասել է.
«Հարգելի՛ գործընկերներ,
Կարդացեք նաև
Այսօր ես կցանկանայի խոսել մեր հասարակության հիմնաքարի՝ ժողովրդավարության մասին: Ժողովրդավարությունն ավելին է, քան պարզապես քաղաքական համակարգ: Այն հույսի փարոս է, ժողովրդի իշխանության վկայություն, խաղաղության եւ զարգացման հիմք:
Վերջերս ավելի ու ավելի եմ մտածում, թե ինչու է միջազգային հանրությունը բախվում նման մարտահրավերների:
Դա տարբեր շահերն ու հեռանկարները կամ ուժային դինամիկան եւ աշխարհաքաղաքական մրցակցությունը չեն, եւ ոչ էլ նույնիսկ թույլ միջազգային ինստիտուտները եւ հակամարտությունների լուծման մեխանիզմների ձախողումը:
Ես վստահ եմ՝ հիմնական պատճառն այն է, որ մենք՝ որպես միջազգային հանրություն, ավելի ենք հեռանում մեր արժեքներից: Բռնապետությունն անտեսելը կամ դրա վրա աչք փակելը կարող են մեծ հետեւանքներ ունենալ համաշխարհային խաղաղության, կայունության եւ մարդու իրավունքների վրա:
Ժողովրդավարական ազգերը պատերազմի չեն ձգտում: Փոխարենը նրանք ձգտում են խաղաղության, կայունության եւ բարգավաճման՝ իրենց քաղաքացիների ու աշխարհի համար: Ավտորիտար վարչակարգերը հաճախ հենվում են արտաքին թշնամիների ստեղծման վրա իրենց իշխանությունը եւ բնակչության նկատմամբ վերահսկողությունը պահպանելու նպատակով: Արտաքին սուբյեկտներին քավության նոխազ դարձնելով՝ այս ռեժիմները շեղում են ուշադրությունն իրենց ներքին խնդիրներից, ճնշում այլախոհությունը եւ արդարացնում ռեպրեսիվ միջոցները: Այս ռազմավարությունը, ի վերջո, խաթարում է կայունությունը եւ հավերժացնում հակամարտության եւ ճնշումների շրջանը:
Նրանք խաղաղություն չեն ցանկանում: Ինչպես տեսնում ենք, նրանք նորանոր պահանջներ են ստեղծում՝ չկորցնելու արտաքին թշնամու գաղափարը, իրենց իշխանության բռնակալությունը: Կարեւոր է ընդունել, որ ժողովրդավարական երկրները զերծ չեն մնում աշխարհի ճնշումներից եւ բարդություններից: Նրանք վտանգի են ենթարկվում ավտորիտար ռեժիմների եւ այլ դերակատարների կողմից, ովքեր ձգտում են խարխլել ժողովրդավարական արժեքները եւ հակամարտություն հրահրել:
Եզրափակելով՝ մենք կարող ենք կանխել բռնակալությունը, ագրեսիան կամ պատերազմը՝ հասցեագրելով եւ բարձրաձայնելով ժողովրդավարական արժեքներին սպառնացող վտանգը:
Թույլ տվեք վերահաստատել Հայաստանում ժողովրդավարությանը եւ մեր տարածաշրջանում խաղաղությանը մեր հավատարմությունը: Եկեք մերժենք ժողովրդավարության եւ պատերազմի միջեւ կեղծ երկփեղկվածությունը եւ փոխարենը ընդունենք այն համոզմունքը, որ ժողովրդավարության միջոցով մենք կարող ենք կառուցել ավելի խաղաղ եւ բարգավաճ աշխարհ գալիք սերունդների համար:
Շնորհակալություն»:
ԱԺ