Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

LEADER գաղափարախոսությունը մեծ ներդրում է համայնքներում ներուժի զարգացման համար

Փետրվար 26,2024 11:30

Զարինե Դարբինյանը ՀՀ Տավուշի մարզի Տավուշ համայնքից է։ 10 տարուց ավել սոցիալական ոլորտում ներգրավվածությունից հետո արդեն 3 տարի է նա ներգրավված է գյուղատնտեսական աշխատանքներում։ Տավուշ Հոմլենդ (Tavush Homeland) խմբի անդամներից է։ Խումբը ձևավորվել է արդեն գյուղատնտեսության մեջ որոշակի զբաղվածություն ունեցած մարդկանցով և միտք ունի մեծանալու։ Հենց այս խմբի շրջանակներում ԵՄ LEADER համայնքային զարգացման մեթոդաբանությամբ Հայաստանում ստեղծված ութ տեղական ակտիվ խմբերից (ՏԱԽ) մեկի՝ «ԾԻԼԻ ԾՈՎ» ՏԱԽ-ի դրամաշնորհառուներից է։

Aravot.am-ի հետ զրույցում Զարինեն վստահաբար ասում է՝ սա այն ծրագրերից է, այն միջավայրն է, որտեղ մեկ տարի ներգրավված է և ուզում է լինել այդ միջավայրում, որը մեծ հնարավորություն է տալիս համայնքային զարգացման հարցում ներդրումների, տեղում ռեսուրսների ակտիվացման համար։

Զարինե Դարբինյանը նշեց՝ համացանցում տեսել է դրամաշնորհի հայտարարությունը, առիթ են ունեցել դիմելու «ԾԻԼԻ ԾՈՎ» ՏԱԽ-ի կողմից ներկայացված դրամաշնորհի մրցույթին՝ Տավուշ Հոմլենդ խմբով և արդեն հասել են եզրափակիչ փուլ։ Դրամաշնորհը տրամադրվել է, ջերմոցն արդեն պատրաստ է, որտեղ նպատակ ունեն ՖԼՈՏ համակարգով (գյուղատնտեսության ոլորտում ընդունված մոտեցում է, որը սննդամթերքի արտադրության մեջ երկար ժամանակ ջրածածկ տարածքներն օգտագործելու միջոց է) աճեցնել հիմնականում սածիլներ։

Հայաստանում կայուն զարգացմանը և գյուղական համայնքների բնակիչների կենսամակարդակի բարելավմանն ուղղված ԵՄ LEADER մեթոդաբանությունը ԵՄ ֆինանսավորմամբ տեղայնացվել է Լոռու և Տավուշի մարզերում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից ու Շիրակի մարզում՝ Ավստրիական զարգացման գործակալության կողմից: LEADER մեթոդաբանությունն իրականացվում է ՏԱԽ-երի միջոցով, որոնք, առաջնորդվելով գործընկերության և նորարարության մոդելով, համախմբում են տեղական իշխանությունների, տեղական բիզնեսների և տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ապահովելու շոշափելի արդյունքներ և նպաստելու տեղական զարգացմանը։ Տավուշում, Լոռիում և Շիրակում այժմ գործում են ութ ՏԱԽ-եր, որոնք մասնակցային գործընթացի միջոցով հաստատված առաջնահերթություններին համապատասխան օժանդակում են զարգացման ծրագրերի իրականացմանն իրենց տարածքներում։

Մեր զրուցակիցն ասաց, որ իրենց աշխատանքներում հատկապես կարևորում են կանանց ներգրավվածությունը․ «Մեր աշխատանքներում այս պահին ներգրավված են հինգ հոգի, և կարող է այդ թիվը մեծանալ։ Կարևորում եմ տարածաշրջանում նաև կանանց ներգրավվածության հարցը։ Փորձելու ենք նրանց համար ոչ միայն զբաղվածության խնդիր՝ որպես այդպիսին լուծել, այլև լուծել այն հարցը, որ կանայք, որոնք երեխաների խնամքով են զբաղվում երկար տարիներ, երբևէ որևէ տեղ չեն աշխատել, հնարավորություն ստանան՝ ունենալ միջավայր, զբաղվածություն, տնտեսական որոշակի ներդրում ընտանիքի հոգսերի մեջ և այլն»։

«ԾԻԼԻ ԾՈՎ» ՏԱԽ-ի շրջանակներում իրականացված աշխատանքներից Զարինե Դարբինյանի համար կարևոր է նաև փորձի փոխանակումն այլ երկրների գործընկերների հետ։ Անցյալ տարի գարնանն այցելել են Վրաստան, հաջողված ծրագրերի ականատես եղել, կարողացել բավականին հետաքրքիր գաղափարներ բերել։

Զարինեն իր փորձից ելնելով ասում է՝ սահմանամերձ շրջաններում կարևոր է ընտանիքին ծառ նվիրելը, քան սառնարան կամ գազօջախ։ Սոցիալական աշխատողի ոլորտում փորձառությունը Զարինեին օգնում է՝ որպես Տավուշ Հոմլենդ խմբի անդամ զարգացնել այս գաղափարախոսությունը։

Մեր զրուցակիցը մեծ մարդկային ռեսուրս է համարում իրենց համայնքում վերաբնակեցված արցախահայերին և ուրախ կլինի, որ իրենց ծրագրում նրանք ևս ներգրավված լինեն։ Զարինեի կարծիքով՝ ներկայումս լուրջ խնդիր է նաև ծերացող գյուղատնտեսությունը․ «Ավանդական գյուղատնտեսական մեթոդների կիրառությամբ արդեն պապիկներն են զբաղվում, հիմնականում կանայք ներգրավված չեն, և այդ փորձը երիտասարդներին փոխանցելն արդեն բավականին դժվար է։ Մեր նախնական  գաղափարներից մեկը եղել է այն, որ լինի տիպական ջերմոց, և ներգրավենք դպրոցահասակ երեխաների, երիտասարդների, նոր մեթոդներ առաջարկենք, կանաչ գյուղատնտեսության, բարձրարժեք մշակաբույսերի մշակության փորձեր ներդնենք, ամեն փորձառություն կյանքի կոչվի նորովի»։

Գարնանը, երբ արդեն կունենան տիպական ջերմոց, պատրաստվում են կազմակերպել փորձացուցադրական այցելություններ կրթական հաստատությունների հետ համագործակցաբար։

Զարինե Դարբինյանը ԵՄ LEADER գաղափարախոսությունը մեծ ներդրում է համարում համայնքային կյանքի ակտիվացման, քնած ռեսուրսների արթնացման տեսանկյունից․ «Համայնքի զարգացումն այսօր մեզ համար մարտահրավեր է, և ազգաբնակչության աճի, տնտեսական զարգացման տեսանկյունից մենք շատ կարևոր ենք համարում այդ ծրագրերը։ ԵՄ-ի կողմից իրականացվող LEADER գաղափարախոսությունը, որը հենց ներդրվել է համայնքներում, օջախներ է ստեղծել, որտեղից հնարավոր է այդ ռեսուրսները համախմբել։ Սա շատ կարևոր առաջընթաց եմ համարում տարածաշրջանի՝ նամանավանդ սահմանամերձ համայնքների համար, որտեղ խնդիրները կարծես ավելի են սրվել վերջին շրջանում։ Ինքս էլ, ներգրավված լինելով «ԾԻԼԻ ԾՈՎ» ՏԱԽ-ում, փորձում ենք ինչ հնարավոր է անել համայնքներում, համատեղել ջանքերը։ Կարծում եմ՝ այս ծրագիրն էլ ջանքերի համատեղման լավագույն տիպական օրինակներից մեկն է»։

Ըստ Զարինե Դարբինյանի՝ հիմա ավելի շատ համախմբման կարիք ունենք, քանի որ նաև շատ ենք կորցնում։ Ուստի այս նախաձեռնությունը համայնքային զարգացման հարցում և ազգապահպանության բոլոր իմաստներով կորիզ է, նպաստող նախաձեռնություն։ Վստահեցնում է՝ ինքն էլ շարունակելու է առաջ տանել այդ գաղափարախոսությունը, որպեսզի օգնի շատ մարդկանց՝ նրանց բերելով դեպի այս՝ կյանք տվող գաղափարախոսություն։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սույն հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Սույն հրատարակության բովանդակության բացառիկ պատասխանատվությունը կրում է ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիրը և այն ոչ մի կերպ չի կարող արտահայտել Եվրոպական միության տեսակետները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829