Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգի խմբագրատուն» անունով յայտնի շէնքը ընդամէնը 2 ամիս առաջ պաշտօնապէս դարձաւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան կեդրոնատեղի

Փետրվար 26,2024 09:45

Երեք տարի առաջ, գրեթէ ճիշդ այս օրերուն, «Ազգ»ի խմբագրութիւնը զրկուեցաւ 30 տարուան իր նստավայրէն, անոր հետ նաեւ՝ ՌԱԿ Հայաստանի Կեդրոնական վարչութիւնը, որ հակականոնադրական եղանակով, ի բացակայութեան յատենի ատենապետի, ընչաքաղց բախտախնդիրի մի «ջանքերով» իր շատ յարմարաւէտ գրասենեակը կորսնցնելէ ետք ապաստան գտեր էր թերթի խմբագրատան մէկ հատուածին մէջ։

Թերթին խմբագիրը վերոյիշեալ նստավայրը (Հանրապետութեան 47) գտեր էր 1990 թուականի վերջերուն, իր սերտ ընկեր, մեր շրջանակի լաւ բարեկամ, հանգուցեալ Ռոմէն Կոզմոյեանի միջոցով, որպէս գրասենեակ՝ Հ.Բ.Ը.Միութեան։ Որոշ ժամանակ անց Բարեգործական ունեցաւ շատ յարմարաւէտ իր գրասենեակը, ասպարէզը, ձգելով «Ազգ»ին եւ յարակցաբար, ինչպէս պատմուեցաւ, ՌԱԿ-ին։

30 տարի շարունակ, իր կառուցման օրերէն ի վեր բնաւ հիմնանորոգումի չենթարկուած այդ անշուք խմբագրատան մէջ աճեցաւ ամբողջ սերունդ մը լրագրողներու, որոնցմէ շատերը առ այսօր կը շարունակեն իրենց գործունէութիւնը նոյն ասպարէզին մէջ, ոմանք՝ իրենց իսկ հիմնած լրատուամիջոցներու գլուխը, ուրիշներ՝ դիւանագիտական ընդգրկումով։

Ոմանց համար թերեւս տաղտկալի այս նախապատմութիւնը գրուեցաւ անգամ մը եւս փաստելու, որ վերոյիշեալ շէնքը պատմութիւն ունի՝ «արժանի գրոց յիշատակի»։

Այդ պատմութիւնը ընդհատեցաւ այն ժամանակ, երբ իշխանութեան եկաւ նիքոլիզմը, որով սկսաւ մեր հայրենիքի ու պետականութեան աղիտալի վայրընթացը։ Կաշառակերութեան, իրենց բառով՝ թալանճիութեան դէմ պայքարի ու նման կարգախօսներու քօղին տակ աննախադէպ (այս բառը Նիքոլ Փաշինեանի՝ շատ կը սիրէ գործածել) կաշառակերութիւնը, ուրիշներու ունեցուածքը, մեր պարագային՝ վարձակալած տարածքը խլելու, իւրացնելու ախորժակը սրեցաւ ու դեռ կը շարունակէ սրիլ։

Մինչ այդ եւ մինչ այս աւարտեցաւ շէնքին վարձակալութեան պայմանագրին ժամկէտը։ Նոր պայմանագիր կնքելու մեր ընթացիկ դիմումին ի պատասխան Պետական սեփականութեան շէնք-շինութիւններու վարչութիւնը, որ սեփականատէրն է շէնքին, մեր դիմումին ի պատասխան շա՜տ քաղաքավարական արձագանգ տուաւ «փոքրիկ» շտկումով մը՝ նշանակելով վարձակալութեան նոր գին, որ 8,5 անգամով կը գերազանցէր նախկինը։ Մեր առարկութեան, թէ տակաւին մէկ տարի առաջ շուրջ 50 հազար տոլարով, զոր մեր այժմ հանգուցեալ ընկեր Երուանդ Ազատեանի միջնորդութեամբ եւ ընկեր Յակոբ Վարդիվառեանի բարեխօսութեամբ աննման բարերար Նազար Նազարեանը նուիրեր է մեզի այդ նպատակով, հիմնանորոգեր էինք խմբագրատունն ու յարակից սենեակները, ուր կուսակցութիւնն էր տեղաւորուած, բանաւոր պատասխանի արժանացանք՝ «վնաս չունի, համարեցէք, որ պետութեան նուիրած եք այդ գումարը»։

Իսկ ինչ կը վերաբերի մեր միւս առարկութեան, թէ մեզի համար անմատչելի գումար է այդ բազմապատկուած վարձավճարը, յիշեցնելով նաեւ, որ ըստ օրինի պետութիւնը պարտաւոր է խմբագրութիւններուն ու կուսակցութիւններուն մատչելի գինով տարածք վարձակալութեան տալ, պատասխանը եղաւ բացասական եւ աւելին՝ պահանջուեցաւ վարձավճարին համաձայնութեան պարագային սկիզբէն մուծել առաջին 3 ամսուանը սկիզբէն մուծել։

Յայտնապէս, մեր թերթի եւ կուսակցութեան յետագայ կեցութիւնը անկարելի դարձնելն էր պետական վարչութեան նպատակը։ Ստիպուած՝ 30 տարուան պատմութիւն մը մեր ետին ձգած՝ լքեցինք մեր խմբագրութիւնը եւ օթեւանեցանք Թէքէեան Մշակութային Միութեան Կեդրոնական վարչութեան միջոցներով եւ բարեգործ իմ բարեկամ Գաբրիէլ Չեմպերճեանի եւ Պէյրութի մեր ընկեր Նար Խաչատուրեանի նիւթական աջակցութեամբ ժամանակին հեռատեսօրէն գնուած մեր շէնքը։

…Այսքանէն ետք պէտք կա՞յ յիշեցնելու, որ «Ազգի խմբագրատուն» անունով յայտնի, Երեւանի Հանրապետութեան 47 հասցէն կրող շէնքը ընդամէնը 2 ամիս առաջ պաշտօնապէս դարձաւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան կեդրոնատեղի։

ՅԱԿՈԲ ԱՒԵՏԻՔԵԱՆ

Յատուկ՝ «ՊԱՅՔԱՐ»ին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Gohar says:

    Հարգելի Հակոբ Ավետիքյան , 1964-70 -ական թվականներից եմ Ձեզ հիշում։ Բժշկական ինստիտուտից երբ իմ լիբանանյան կուրսեցիները մշտապես սպասում էին Ձեր այցերին ։ Ձեր համալսարանական կրթությունից կիսվում էիք նրանց հետ, որը հետո մեզ՝ տեղաբնակներիս էր անցնում ։ Այսինքն դեռեվս ուսանողական տարիներից դուք ստանձնել էիք կրթելու, արդարության համար պայքարելու եվ հաղթելու սուրբ գործին ։ Ցավով կարդացի, որ ներկա իշխանությունը իրենց արթուն աչքով լավ հետեվում են , աչք դնելով լավագույն տեղերում եղած օբյեկտներին եվ իրենց զավթողական քաղաքականությամբ հասնում են իրենց հերթական “հաղթանակին”, մայր հողում միայն ։ Կարդալիս, նմանեցրի քաղցկեղի դեմ պայքարի ուղիներին։ Այո , անիմացիոնկենսաբանության աղբյուրներից գտա եվ, ստորեվ, տեղադրում եմ , նախապես մի կարճ բացատրություն տալով։ Մարդու բջջային ցիկլում կա Գեն53, որը արտադրում է հակաքաղցկեղային սպիտակուց 53։ “Normal Function. The TP53 gene provides instructions for making a protein called tumor protein p53 (or p53). This protein acts as a tumor suppressor, which means that it regulates cell division by keeping cells from growing and dividing (proliferating) too fast or in an uncontrolled way”. Կախված քաղցկեղային բջիջների վնասվածքի քանակությունից, սպիտակուց53-ի քանակությունը շատանում է եվ հաղթում է քաղցկեղին ։ Չե՞ք կարծում, որ դեռ մի բան էլ ուշանում է ակտիվացնելու այդ գենը։

  2. Gohar says:

    Շնորհակալություն “Առավոտ”-ի աշխատակազմ, վերը նշված կարծիքս տպագրելու համար։ Ես այնտեղ նշել էի անիմացիոն կենսաբանության միջոցով մատչելի ներկայացված Սպիտակուց 53-ի կռիվը, զենք ու զրահով քաղցկեղային բջիջների դեմ հարձակումը ,որը բավականին հետաքրքիր է։ Այն կրկին անգամ եմ ուղարկում; Հարմար կգտնեք՝ տեղադրեք, եթե ոչ՝ ըմբռնումով կմոտենամ։ Կրկին անգամ շնորհակալություն։

    https://www.youtube.com/watch?v=_Isvd01XvSs

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829