Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանուշյանն իրեն անվանում էր «ցասումով լի վագր», երբ ձերբակալեցին». Մակրոն

Փետրվար 26,2024 12:30

2024 թվականի փետրվարի 21-ին՝ Միսաք Մանուշյանի եւ նրա խմբի անդամների մահապատժի 80-ամյակի օրը, նրա եւ կնոջ՝ Մելինեի աճյունները տեղափոխվեցին Փարիզի Պանթեոն, ամփոփվելով Վիկտոր Հյուգոյի, Ժան Ժակ Ռուսոյի, Էմիլ Զոլայի, Կյուրիների, Ալեքսանդր Դյումայի, այլ ֆրանսիացի մեծությունների կողքին:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասաց. «Մանուշյանն իրեն անվանում էր «ցասումով լի վագր», երբ ձերբակալեցին, բայց Մելինեն իր հետ էր բոլոր ոդիսականներում եւ ապրեցնում էր իրեն: Վերջնական, մշտական ընտրությունը ազատությունն էր»:

Մահապատժից առաջ նա իր վերջին նամակը գրեց կնոջը՝ Մելինեին. «Մի քանի ժամից հետո այլեւս չեմ լինելու այս աշխարհում: Շուտով, այս կեսօրից հետո, ժամը 15-ին կգնդակահարվենք: Իմ կյանքում սա ինձ պատահում է որպես մի դժբախւտ դեպք. դրան չեմ հավատում, սակայն եւ այնպես ես գիտեմ, որ այլեւս երբեք քեզ չեմ տեսնելու… Վստահ եմ, որ ֆրանսիական ժողովուրդը եւ ազատության համար բոլոր պայքարողները պիտի արժանավայել կերպով պատվեն մեր հիշատակը… Ես Պլեզանս փողոցի մեր տան ճամպրուկում ունեմ 15 հազար ֆրանկ, եթե կարող ես վերցնել, վճարիր իմ պարտքերը և մնացածը նվիրիր Հայաստանին» … Միսաք Մանուշյանի՝ կնոջն ուղարկած վերջին նամակի բնօրինակը պահվում է Վաշինգոնում՝ Կոնգրեսի գրադարանում:

Միսաք Մանուշյանի եւ նրա խմբի անունով փողոցներ եւ հրապարակներ կան Փարիզում, Մարսելում, Վալանսեում եւ Երեւանում, Գյումրիում՝ նաեւ դպրոցներ։ 1947 թվականին (հետմահու) Փարիզում լույս է տեսել Միսաք Մանուշյանի բանաստեղծությունների ժողովածուն, որը վերահրատարակվել է Երեւանում «Իմ երգը» խորագրով (1956թ., խմբագիր Հրաչյա Հովհաննիսյան), 2009թ. Մանուշյանի եւ նրա մարտական ընկերների մասին ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը նկարահանել է «Ոճրագործության բանակ» կինոնկարը:

Միսաք Մանուշյանի մասին կան տասնյակ գրքեր, Ալեքսանդր Իսբախ, «Նրանք մարտնչել են Ֆրանսիայի համար» (պատմվածք Մանուշյանի եւ նրա ընկերների մասին, «Հայաստան», 1967), Պողոսյան Վարուժան (1985). «Միսաք Մանուշյանի նամակները», Խալեյան Ե. (1946) «Նյութեր Միսակ Մանուշյանի մասին», Գրիգոր Ջանիկյան. «Անավարտ համանվագ» վիպակը… Լուի Արագոնը, ոգեշնչված Մանուշյանի վերջին նամակից՝ ուղղված կնոջը, գրել է «Տողեր՝ հիշատակի համար» բանաստեղծությունը: 1954 թվականին Մելինե Մանուշյանը գրում է ամուսնուն նվիրված հուշեր, որոնց հիման վրա նկարահանվել է ֆիլմ 1985 թվականին:

Հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Գեւորգի Մանուշյանը (ընդհատակյա անունը՝ Միշել Ժորժ) Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եղել է եվրոպական ներգաղթյալներից, այդ թվում մեծաթիվ հրեաներից կազմված խմբավորման ղեկավար, որն իրականացրել է դիվերսիաներ ընդդեմ նացիստների:

Միսաք Մանուշյանը ծնվել էր 1906 թվականի սեպտեմբերի 1-ին Արեւմտյան Հայաստանի Ադիյաման գյուղում: Հայրը զոհվել է 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ, մայրը՝ գաղթի ճանապարհին։ Միսաքը եղբոր հետ կարողացել է փրկվել եւ տեղահանված այլ հայերի հետ միասին հասնել Սիրիա։ 1920 թվականից Լիբանանի Ճյոնիա քաղաքի հայկական որբանոցի սաներ են։ Այդ ժամանակ Լիբանանի տարածքը Ազգերի լիգայի մանդատով գտնվում էր Ֆրանսիայի տիրապետության տակ, եւ Մանուշյան եղբայները որբանոցում գտնվելու ընթացքում սովորում են ֆրանսերեն։ 1925 թվականին տեղափոխվում են Ֆրանսիա՝ սկզբում Մարսել, ապա հաստատվում Փարիզում, որտեղ նա աշխատում է «Citroսn» գործարանում որպես խառատային հաստոցի օպերատոր եւ զբաղվում ինքնակրթությամբ։ Գործարանում աշխատելու ընթացքում Միսաք Մանուշյանը միացել է «Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիա» (Confédération Générale du Travail, CGT) պրոֆմիութենական արմատական միությանը։ 1927 թվականին մահանում է Միսաք Մանուշյանի եղբայրը՝ Կարապետը։ Ապրուստի միջոցներ վաստակելու համար նա աշխատում է որպես բնորդ քանդակագործների համար։

Միսաք Մանուշյանը 1930 թվականին եղել է «Ֆրանսիացի-հայ նորագույն գրողների ընկերության» հիմնադիրների շարքում։ Իր հայրենակից Սեմայի (Գեղամ Աթմաճյան) հետ հիմնադրել է երկու գրական ամսագրեր՝ «Ջանք» եւ «Մշակույթ», որ քարոզում էին ձախակողմյան գաղափարներ եւ հայկական մշակույթի պահպանում տեղի հայերի շրջանում։ Մանուշյանն ակտիվորեն զբաղվել է թարգմանական գործունեությամբ՝ հայերեն թարգմանելով Բոդլերի, Վեռլենի ու Ռեմբոյի ստեղծագործություններից, ինչպես նաեւ Սորբոն համալսարանում հաճախել գրականությանը, փիլիսոփայությանը, պատմությանն ու քաղտնտեսությանը նվիրված դասախոսությունների։ Գրում է «Պայքար», «Ընդվզում», «Նամակ Հայաստանեն», «Ամբոխի կանչը» բանաստեղծություններ:

1934 թվականին Մանուշյանը դարձել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ: 1935 թվականից մինչեւ 1937 թվականը նա խմբագրել է հայերեն «Զանգու» ձախակողմյան շաբաթաթերթը, որ եղել է հակաֆաշիստական, հակադաշնակցական, հակաիմպերիալիստական եւ քարոզել խորհրդային գաղափարներ:

1935 թվականին՝ Հայաստանի օգնության կոմիտեի կազմակերպած երեկոներից մեկի ժամանակ Միսաք Մանուշյանը ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Մելինե Ասատրյանի հետ, ով նույնպես Մեծ եղեռնի ժամանակ կորցրել էր ծնողներին եւ որբանոցում անցկացրած տարիներից հետո հայտնվել Ֆրանսիայում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի հայտարարման օրը՝ 1939 թվականի սեպտեմբերի 3-ին, Ֆրանսիայի իշխանություններն արգելել են Կումունիստական կուսակցության գործունեությունը եւ ձերբակալել բազմաթիվ ակտիվիստների, այդ թվում նաեւ Մանուշյանին, որին ուղարկել են Սանտե բանտ։ Մանուշյանի բնակարանում անցկացված խուզարկության ժամանակ առգրավվել ու ոչնչացվել են նրա շատ ձեռագրեր։ Երեք ամիս անցկացնելով անազատության մեջ՝ Մանուշյանը՝ որպես արտասահմանցի, ուղարկվել է Նորմանդիայի Ռուան շրջան, որտեղ կրկին սկսել է աշխատել որպես խառատային հաստոցի օպերատոր։ Գերմանական զորքերի՝ Ֆրանսիա ներխուժումից հետո Մանուշյանը ֆրանսիական բանակի նահանջող մնացորդների հետ տեղափոխվել է երկրի հարավ, սակայն հետո վերադարձել է Փարիզ կնոջ՝ Մելինեի կանչով, ով պատասխանատու էր տեղում Ֆրանսիայի կոմկուսի ընդհատակյա կազմակերպությունների միջեւ կապի կոորդինացման համար։ Փարիզում Միսաք Մանուշյանը իր շուրջն է հավաքել հայ մտավորականներին։ 1941 թվականի հունիսի 22-ին՝ Խորհրդային Միության վրա գերմանացիների հարձակման օրը, գեստապոն ձերբակալել է Միսաք Մանուշյանին եւ նրա խմբավորման անդամերին։ Մանուշյանն ուղարկվել է Կոմպիեն համակենտրոնացման ճամբար, որտեղ շարունակել է պայքարն ընդդեմ ֆաշիզմի՝ իր նոր ծանոթի՝ ֆրանսիացի մի բժշկի հետ կազմակերպելով ընդհատակյա կազմակերպություն։

Փախչելով ճամբարից՝ Միսաք Մանուշյանը 1943 թվականի մարտին միացել է «Ստալինգրադ» ջոկատին (կոչվել էր ի պատիվ Ստալինգրադի ճակատամարտի), որ ենթարկվում էր «Ազատ հրաձիգներ եւ ֆրանսիացի պարտիզաններ» կառույցին։

1943 թվականի օգոստոսից Մանուշյանի ղեկավարած խումբը կատարել է մոտ 30 հաջող հարձակումներ գերմանական նվաճողների վրա, այդ թվում նաեւ լիկվիդացրել են Փարիզի պարեկ գեներալ ֆոն Շամբուրգի եւ ՍՍ շտանդարտենֆյուրեր Յուլիուս Ռիտերին, որը պատասխանատու էր 600 000 քաղաքացիական անձանց Գերմանիա հարկադիր աշխատանքի ուղարկելու համար։ 1943 թվականի նոյեմբերի 16-ի առավոտյան ֆրանսիական ոստիկանության աշխատակիցները ձերբակալում են Մանուշյանի խմբի անդամներին: Մանուշյանի խմբի հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալվել է ընդհանուր առմամբ 68 մարդ։ Նրա կինը՝ Մելինեն, կարողանում է փախչել ոստիկանությունից եւ մահվան է դատապարտվում հեռակա կարգով։ Մանուշյանը տանջանքների է ենթարկվել եւ երեք ամիս անց՝ 1944 թվականի փետրվար 21-ին, իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվել Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում:

Միսաք Մանուշյանի կինը՝ Մելինեն մահացավ Փարիզում, 1989թ. դեկտեմբերի 6-ին:

Պատրաստեց

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
24.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829