Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը օրերս հանդիպել է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի անդամների հետ: Այս տարի բուհի ուսխորհուրդը նշում է ստեղծման 30-ամյակը եւ տարատեսակ կառույցների հետ համագործակցություն է սկսում: Հայաստանի գրողների միության հետ համագործակցությունը «Երիտասարդ գրականասերների ակումբի» առաջարկով է իրականանում:
«Մեր 30 տարվա գործունեության ընթացքում համագործակցել ենք կրթական, մշակութային, տնտեսական եւ այլ տեսակի կառույցների հետ: Այս անգամ որոշել ենք դրանց տալ ավելի պաշտոնական տեսք եւ կնքել նաեւ փոխհամագործակցության մասին վկայող հուշագրեր»,- նշեց բուհի ուսխորհրդի նախագահ Պարույր Գալստյանը։
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ ասաց, որ միությունը միշտ համագործակցում է բուհերի, ուսանողական ինքնակառավարման մարմինների հետ. «Ուսանողները հաճախ են այցելում միություն, ներկա գտնվում հանդիպումներին, գործնական պարապմունքներին, եւ այդ պատճառով է, որ հուշագրերից զատ կարեւոր են համատեղ նախագծերն ու գրողների հետ հանդիպումները»:
Էդվարդ Միլիտոնյանը երիտասարդներին խորհուրդ տվեց կարդալ ոչ միայն հայ, ռուս եւ արեւմտյան դասականներին, այլեւ ժամանակակից գրողներին՝ տեղեկացված լինելու համար: Ուսանողները նաեւ հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու ՀԳՄ նախագահին: Իսկ հանդիպումն ավարտվեց հուշագրի ստորագրմամբ։
Կարդացեք նաև
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
24.02.2024