Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես հաղթել ցեց դարձած պատերազմին

Փետրվար 26,2024 12:00

Նորաստեղծ «Շունչ» թատրոնը լուծումներ է առաջարկում

Նորաստեղծ «Շունչ» թատրոնն արդեն մեկ տարի է՝ ստեղծագործում է։ Հոկտեմբերին կայացել էր «Պատերազմի ցեցը» ներկայացման առաջնախաղը։


«Շունչ» թատրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի եւ Կապանի դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանի համագործակցության արդյունքում Կապանում օրերս ցուցադրվեց «Շունչ» թատրոնի «Պատերազմի ցեցը» ներկայացումը: Պիեսի հիմքում պատերազմի թեման է՝ իր բոլոր հետեւանքներով։ Ընտրված է ընտանիքի մոդելը՝ որպես ազգի հավաքական մարմնավորում, որտեղ յուրաքանչյուր կերպար, կարծես, ներկայացնում է հասարակության ինչ–որ մի շերտ՝ իր մտածելակերպով ու նպատակներով։ Ինչո՞ւ պատերազմել։ Ինչո՞ւ պայքարել սեփական հողի ու հայրենիքի համար։ Ինչպե՞ս հաղթահարել պատերազմի տված ցավը, ողբերգությունն ու հետեւանքը։ Ինչպե՞ս սերունդներին թողնել խաղաղ երկիր։ Այս հարցերն են արծարծվում ներկայացման մեջ՝ տալով բոլոր հնարավոր պատասխանները։ Պատերազմ, որ ցեց դարձած փորձում է խարխլել ընտանիքը՝ այսինքն՝ ազգը։ Սակայն հերոսներն իրենց տեսակով այնքան ուժեղ են, որ, ի վերջո, միասնականությամբ կարողանում են հաղթել այդ «ցեցին»։

«Ներկայացման վերնագիը «Պատերազմի ցեցն» է, այն  մեր պատվերով գրել են Արմինեն Բոյաջյան եւ Նարեկը Մանուչարյան, գիտեք, ներկայացումը նայելով՝ կհասկանաք, որ այն  զուտ պատերազմի մասին չէ, իհարկե, պատերազմի թեման սեւ գծի նման ամբողջ ներկայացման ընթացքում սկզբից մինչեւ վերջ գնում է, բայց գաղափարները լրիվ այլ են, այսինքն ինչո՞ւ գնալ, ինչո՞ւ չգնալ: Եթե նկատեցիք մենք հայրենիքի մոդելը խտացրել էինք ընտանիքի մեջ եւ ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ներկայացնում էր հայրենիքի՝ Հայաստանի, ինչ-որ մի խավի, եւ կարծում եմ մեզ մոտ ստացվել է, որովհետեւ այս ներկայացման մեջ բոլորը իրենց գտնում են, ու կապ չունի՝ որ կերպարն են մարմնավորում»,- ասում է դերասան-պրոդյուսեր Սեյրան Մովսիսյանը:

Հարցին՝ ինչո՞ւ պատերազմ, Սեյրան Մովսիսյանը հետեւյալ կերպ է արձագանքում. «Իհարկե, միշտ պետք է պատերազմել հայրենիքի համար՝ անկախ սեռից, դիրքից, անկախ պաշտոնից միշտ պետք է պայքարել, եթե կա կարիքը: Այս ներկայացումով ոչ թե ասում ենք՝ գնացեք ու պատերազմեք, այլ՝ պատրաստ եղեք ամեն ինչի: Թեման ինքնին ծանր է, բայց դերասաններին հաջողվում է հրաշալի մարմնավորել հերոսներին:

Մենք այս ներկայացման փորձերը սկսել էինք անցյալ տարվա հունիսին, երբ դեռ ոչինչ չկար, պատերազմն ավարտվել էր, բայց Արցախի հանձնումը, հայաթափումը չկար… Արցախը հանձնումից հետո դժվար էր մեզ համար, հազիվ ենք մեզ հավաքել եւ փորձ արել: Մյուս կողմից, մենք դերասան ենք, ամեն ինչի միջով պետք է անցնենք եւ ծառայենք մեր հայրենակիցներին մեր արվեստով, մենք էլ մեր տեղում ենք կռվում, մեր տեղում ենք պատերազմում»:

Թատրոնի կարեւոր սկզբունքներից է՝ հանդիսատեսի հետ շփվելը եւ զգացմունքային կապ ստեղծելը:

Սաշ Սուքիասյանի խոսքով՝ թատրոնը ինքնին արդեն հույզ է, վերաբերմունք եւ շփում է հանդիսատեսի հետ. «Շատերն ասում են, որ կարողացանք իրենց դարձնել հանդիսատես: Ինչը վերաբերում է «Պատերազմի ցեցին», մենք ունենք փաստ, որ հանդիսատես-թատրոն փոխհարաբերությունը ստացվում է, երբ անկեղծ ես քո մասնագիտության հետ: Ի դեպ, «Պատերազմի ցեցը» այն եզակի ներկայացումներից է, որտեղ դերասանական կազմը միմյանց ճանաչում է»:

Ներկայացման մասին Շուշան Ղազարյանի խոսքով, իրենց աշխատանքը հաջողել է միմյանց վստահելու արդյունքում, արդյունքում շահել է եւ ներկայացումը, եւ հանդիսատեսը: Դերասանները նշեցին, որ մեծ ցանկություն ունեն «Պատերազմի ցեցը» ներկայացումը Կապանից բացի, այլ տեղերում էլ ներկայացնել: Նրանց համոզմամբ,  այն գաղափարները, որ ներկայացումը առաջ է քաշում, պետք է  հասանելի դարձնել բոլորին:

Ռոզա ԱՄԻՐՋԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829