Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կանաչ լույս է Ադրբեջանին՝ Հայաստանի վրա հարձակվելու համար»

Փետրվար 26,2024 13:00

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են կապիտուլյացիոն բնույթի նոր փաստաթուղթ ստորագրել Ադրբեջանի հետ։ Եվ Նիկոլ Փաշինյանի գործողություններն ու հայտարարությունները դրան են միտված։ Այսինքն՝ ստեղծել անելանելի իրավիճակ, ժողովրդին կանգնեցնել կայացած փաստի առաջ եւ դրանով արդարացնել նոր զիջումները։

-Տիկին Վարդանյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։ Այնուհետեւ ասաց, որ հնարավոր է՝ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա։ Ինչո՞ւ հիմա այս երկու հայտարարությունները միաժամանակ արեց։

-Դա շատ լեգիտիմ հարց է, որովհետեւ մենք վաղուց խոսում ենք ադրբեջանական նոր ագրեսիայի վտանգի մասին։ Եվ եթե այդպիսի վտանգը բարձր է, եւ Նիկոլ Փաշինյանն էլ այդպիսի տեղեկությունների է տիրապետում, տրամաբանական է, որ այս իրավիճակում պետք է լրացնել պաշտպանության բացերը եւ պահպանել այն, ինչ ունենք։ Մինչդեռ, այս հայտարարությանը նախորդել է հայտարարություն այն մասին, որ Հայաստանը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ Ուկրաինայի հարցում դաշնակից չէ Ռուսաստանին։ Հիմա էլ հայտարարվում է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, որի մասին, ինչպես հասկանում ենք, ՀԱՊԿ-ը տեղյակ չէ։ Եվ ուզում եմ հասկանալ՝ սա ինչո՞վ է նպաստելու մեր պաշտպանունակության բարձրացմանը։ Սա զսպելո՞ւ է Ադրբեջանին, թե՞ ազդանշան է, որ հարձակվեն։ Այս պարզ հարցերը հայ քաղաքացին պետք է իրեն տա։ Ես սա գնահատում եմ ազդանշան ու կանաչ լույս Ադրբեջանին՝ հարձակվելու համար: Կարելի է անվերջ թշնամացնել բոլորին եւ հետո հայտարարել, որ մենք դաշնակիցներ չունենք։ Նման վարքագծով որեւէ մեկը դաշնակից չի ունենա։ Փաստորեն, սա ծրագրված քաղաքականություն է՝ մնալու առանց դաշնակիցների՝ արդարացնելով հերթական պարտությունն ու զիջումը։ Ես դա եմ տեսնում, եւ դա են վկայում փաստերը, որովհետեւ եթե դու մտադիր ես պաշտպանվել, պետք է օգտագործես բոլոր մեխանիզմները։ Եթե անվտանգային մեխանիզմը չի աշխատում, պետք է լավարկել այն, ոչ թե եղած աշխատող մեխանիզմներն ուղղակի ոչնչացնել՝ առանց դրանց փոխարինող գտնելու։

-Բայց եթե խոսում ենք ՀԱՊԿ մասին, փաստ է, որ այդ կառույցը երբեք չի աջակցել Հայաստանին։ Նախորդ իշխանությունների օրոք էլ, երբ Տավուշի ուղղությամբ ադրբեջանական ոտնձգություններ էին լինում, այս կառույցը դարձյալ լուռ էր։ Իսկ 2022 թվականի սեպտեմբերյան հարձակման ժամանակ արդեն բացահայտ ցույց տվեցին, որ չեն էլ պատրաստվում աջակցել Հայաստանին։ Հետեւաբար, որքանո՞վ է արդյունավետ կամ Հայաստանի համար նպաստավոր՝ ապավինել ՀԱՊԿ-ին։

-Ես չեմ ուզում ՀԱՊԿ փաստաբանությամբ զբաղվել։ Մենք երբեք ավելի շատ օգնության կարիք չենք ունեցել, քան այս պահին։ Ես հարցնում եմ՝ մենք ի՞նչ հնարավորություններ ունենք այս պահին եւ ի՞նչ ենք անում՝ այդ հնարավորություններն ավելացնելու համար։ Ես հիմա տեսնում եմ, որ միայն առիթներ ենք տալիս, որպեսզի եւ դաշնակից պետությունները, եւ այն ռազմաքաղաքական կազմակերպությունները, որոնց մենք անդամակցում ենք, արդարացնեն իրենց անգործությունը։ Ես հարց եմ տալիս՝ ինչո՞ւ ենք մենք դա անում, ինչո՞վ է դա օգուտ տալիս մեզ։ Դա որեւէ գրամ նպաստո՞ւմ է մեր պաշտպանունակության բարձրացմանը։ Մենք երբեք այսքան անպաշտպան վիճակում չենք եղել, որքան այսօր ենք։ Դուք վկայակոչեցիք նախկինում տավուշյան դեպքերը, բայց այն ժամանակ մենք ունեինք մեր անվտանգությունն ապահովող հայկական մարտունակ բանակ։ Հիմա այդ անվտանգության բաղադրիչն էականորեն պակասել է, որն անհրաժեշտ է լրացնել։ Եթե դրան գումարած նաեւ կապում ենք մեր բոլոր դաշնակիցների ձեռքերը՝ ՀԱՊԿ-ին ասում ենք՝ սառեցնում ենք անդամությունը, Իրանին ասում ենք՝ չենք կարող օգտվել քո հնարավորություններից, որովհետեւ Արեւմուտքը դեմ կլինի, եվրոպացի 200 դիտորդնե՞րն են հեռադիտակով մեզ պաշտպանելու։ Այո, շատ հարցեր կան ՀԱՊԿ-ին, բայց խնդիրը մերն է, Ադրբեջանը մեզ վրա է պատրաստվում հարձակվել, պետք է հասկանանք՝ ի՞նչ անել։

-Այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը փորձում է պատասխանատվությունը գցե՞լ իր վրայից։

-Պատասխանատվությունն իր վրայից գցելուց բացի, շատ ավելի լուրջ խնդիր կա։ Երբ նախորդ տարվա վերջին հայտարարում էին, որ մոտ է Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրումը, փաստացի մոտ էր նոր ագրեսիան։ Եվ գուցե դրանից հետո փորձելու են կապիտուլյացիոն բնույթի նոր փաստաթղթի ստորագրման համար արշավ կազմակերպել։ Այսինքն՝ ստեղծել անելանելի իրավիճակ, ժողովրդին կանգնեցնել կայացած փաստի առաջ եւ դրանով արդարացնել նոր զիջումները։ Եթե այս սցենարը լինի, այդ ժամանակ իրենք իսկապես ճիշտ դուրս կգային, որ ասում էին՝ չափազանց մոտ ենք Ադրբեջանի հետ պայմանագրի կնքմանը։ Ես այստեղ տեսնում եմ նոր զիջումներն արդարացնելու եւ հիմնավորելու դիտավորյալ քաղաքականություն։ Տեսնում եմ Ադրբեջանի հետ պայմանագիր կնքելուն ուղղված գործողություններ, որոնք այլ պարագայում հանրության կողմից կարող են չընդունվել։

-Ֆրանսիայի զինված ուժերի նախարարն այցելեց Հայաստան, հայկական կողմի հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր կնքեցին, զինատեսակներ մատակարարելու մասին հայտարարեցին։ Ի՞նչ ակնկալիք պետք է ունենալ Ֆրանսիայի հետ համագործակցությունից։

-Ես միայն դրական կարող եմ համարել, եթե մենք փորձում ենք լրացնել մեր պաշտպանության համակարգը։ Իհարկե, պետք է հասկանանք՝ դրա որ մասն է PR, որ մասը՝ իրականություն։ Բնականաբար, Ֆրանսիան մեր դաշնակից երկրներից է, մշտապես աչքի է ընկել իր հայանպաստ դիրքորոշումներով։ Ես այն կարծիքին եմ, որ կան տարրեր, որոնք մեր պաշտպանության համակարգում Ֆրանսիան կարող է լրացնել։ Պարզապես պետք է դրա չափը հասկանանք։ Նաեւ պետք է հասկանանք՝ Ֆրանսիան ՀԱՊԿ-ին կարո՞ղ է փոխարինել, եթե կարող է, դա էլ է քննարկելու հարց։ Բայց մենք իրականության մասին պետք է խոսենք, հասկանանք, որ մեր հնարավորությունները պետք է փոխլրացնեն իրար, ոչ թե հակադրվեն։ Եթե փոխլրացնում են, դա ողջունելի է, բայց եթե հակադրվում են եւ մեզ համար նոր խնդիրներ են ստեղծում, լավ չէ։ Պետք է հասկանանք, թե նոր պայմանավորվածությունների օգուտը գետնի վրա ո՞րն է լինելու, որովհետեւ Ադրբեջանի հարձակման դեպքում միայն հայտարարությունները մեզ չեն կարող պաշտպանել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829