Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը բոյկոտում է արեւմտյան հարթակները, հիմա արդեն սպառնում չճանաչել ՄԻԵԴ իրավազորությունը. ո՞ւմ է սա վնասում

Փետրվար 26,2024 13:30

Ադրբեջանի՝ արեւմտյան հարթակները մերժելու քաղաքականությունը նաեւ վնասում է ադրբեջանական հասարակությանը։

Ադրբեջանի՝ արեւմտյան հարթակները մերժելու քաղաքականությունը շարունակվում է՝ ավելի խստանալով եւ ստանալով նորանոր երանգներ։ Դրա վկայությունն է նաեւ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ արված հայտարարություններին ի պատասխան՝ տարածված հաղորդագրությունը։ Էմանուել Մակրոնը փետրվարի 21-ին Փարիզում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր. «Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալյացիայի վտանգն իրական է մնում, Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի պատճառով վիրավորվել է ադրբեջանցի, ինչը ընդունել է նաեւ ՀՀ ղեկավարությունը՝ թափանցիկությամբ, բայց Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամապատասխան պատասխան հարվածի համար, որի պատճառով ՀՀ-ն ունեցավ 4 զոհ եւ մեկ վիրավոր։ Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար ու խաղաղ կայունությանն ուղղված ջանքերին»։

Էմանուել Մակրոնը նաեւ հայտարարել էր. «Մենք նաեւ կոչ ենք անում Ադրբեջանին կատարել Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023-ի նոյեմբերի 17-ի որոշումը՝ համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է ապահովի, որ այն անձինք, որոնք լքել են ԼՂ-ն 2023-ի սեպտեմբերի 19-ից եւ ցանկանում են վերադառնալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել եւ արագորեն»։

Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն բավականին կոշտ պատասխան է տարածել. «Խստորեն դատապարտում ենք 2024 թվականի փետրվարի 21-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Փարիզում Հայաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հնչեցրած անհիմն պնդումները Ադրբեջանի դեմ՝ Հայաստանի միակողմանի պաշտպանության հարցում։ Ֆրանսիան, որը շուրջ 30 տարի չի բարձրաձայնում իրենց տարածքներից վտարված եւ զանգվածային սպանությունների ենթարկված ադրբեջանցիների ոտնահարված իրավունքների մասին, բացարձակապես անտեղի է խոսել Ադրբեջանի տարածքն իրենց կամքով եւ առանց որեւէ բռնության լքած հայերի իրավունքների եւ անվտանգության մասին»:

Ավելի վաղ, երբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը որոշեց չվավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը, որի համաձայն՝ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից, դրանից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, թե Ադրբեջանը դիտարկում է Եվրոպայի խորհրդից (ԵԽ) դուրս գալու ընթացակարգը։ Ադրբեջանի նախագահը նաեւ հայտարարել էր. «Ադրբեջանը կարող է նաեւ հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասության ճանաչումից»։

Ադրբեջանը՝ միջազգային իրավունքից դուրս

Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները մեկը մյուսից ավելի կոշտ ու նյարդային են, երբեմն նաեւ չեն տեղավորվում դիվանագիտական էթիկայի սահմաններում։ Նա նաեւ անդրադարձել էր Եվրոպական խորհրդարանի աշխատանքին՝ նշելով, որ «Եվրախորհրդարանում շատ անպատասխանատու մարդկանց խումբ կա, որոնք մոլագարի պես են իրենց պահում։ Նրանց հակաադրբեջանական տրամադրություններն ու հայտարարությունները հատում են մարդկային նորմալ հոգեբանական վիճակի սահմանները»։

Ադրբեջանի՝ արեւմտյան հարթակներից հրաժարվելը կարող է ունենալ քաղաքական-դիվանագիտական եւ իրավական հետեւանքներ։

2023-ի սեպտեմբերի 26-ին Բրյուսելում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւի հանդիպումից հետո շատերին էր թվում, թե մինչեւ տարեվերջ կստորագրվի խաղաղության պայմանագիր, սակայն, ընդհակառակը, դրան հաջորդած ամիսների ընթացքում Ադրբեջանը կտրուկ նվազեցրեց իր ներգրավվածությունը բանակցությունների արեւմտյան հարթակներում։ Չեղարկվեցին Գրանադայում, Բրյուսելում, Վաշինգտոնում հանդիպումները։ Պաշտոնական Բաքուն մինչ այժմ էլ հետեւողականորեն շարունակում է մերժել Արեւմտյան հարթակները եւ մեղադրել, որ արեւմտյան կառույցները չեզոք չեն եւ պաշտպանում են Հայաստանին։

Ադրբեջանի ԱԳՆ-ն օրերս հայտարարություն էր տարածել, որում ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը համարել էր՝ որպես հակաադրբեջանական քարոզչական գործիք։ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ստիպված եղավ Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ արձագանքել այս հայտարարությանը. «Մենք պարեկային շրջայցեր ենք կատարում սահմանի երկայնքով եւ այցելուներ ենք նաեւ բերում այդ տարածքներ, որ ցույց տանք նրանց հակամարտության վիճակը, ոչ թե լրտեսենք Ադրբեջանի տարածքը։ Քանի որ մեզ չի թույլատրված Ադրբեջանի տարածքում նույնը կատարել, մեր միակ հնարավորությունը ցույց տալն է հայաստանյան կողմում սահմանագծի իրավիճակը։ Ի սկզբանե անում ենք դա, ինչը շարունակելու ենք անել գալիք տարի»։

Ի վերջո ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանի այս քաղաքականությունը։ Ադրբեջանը, երկրի բարձրագույն ղեկավարության մակարդակով հայտարարելով, որ կարող է նաեւ հրաժարվել ՄԻԵԴ իրավասության ճանաչումից, եւս մեկ անգամ ի ցույց է դնում այն, որ Ադրբեջանը, մեղմ ասած, հաշվի չի նստում միջազգային իրավունքի հետ՝ իրեն փաստորեն դուրս դնելով այդ իրավունքի պատասխանատվության սահմաններից։ Դրա մասին են նաեւ վկայում միջազգային դատարանների որոշումները չկատարելը։  Միակ փաստն այն է, որ որքան ԵՄ-ից Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված հայտարարությունները հաճախադեպ են դառնում, այնքան կոշտանում է Ադրբեջանի եւ Ռուսաստանի հռետորաբանությունն՝ ընդդեմ արեւմտյան կառույցների եւ ՀՀ-ի։ Ավելին, Ադրբեջանի կողմից արեւմտյան հարթակների բոյկոտը, մինչեւ անգամ ակնարկները, թե չեն ճանաչելու նաեւ ՄԻԵԴ իրավազորությունը, թեեւ շատերը կասեն, որ վնասում է առաջին հերթին Ադրբեջանի վարկանիշին, բայց խոշոր հաշվով վնասում է նաեւ Հայաստանին, քանի որ որքան Ադրբեջանն իրեն այսպես ասած հեռու է պահում արեւմտյան կառույցներից, այնքան ավելի է ի ցույց դնում, որ ինքը չի վախենում ոչ ճնշումներից, ոչ էլ արեւմտյան պատժամիջոցներից եւ ոչ էլ հաշվի է ուզում նստել միջազգային իրավունքի հետ։ Իլհամ Ալիեւի՝ ԵԽ-ից դուրս ընթացակարգ դիտարկելու մասին հայտարարությունից հետո սոցցանցերում ադրբեջանական հասարակության հատկապես երիտասարդության ներկայացուցիչներ քննարկումներ են վարում, որով ըստ էության մտահոգություն են հայտնում այսպիսի հնարավոր որոշման առիթով։ Օրինակ՝ գրառումներ կարելի է կարդալ այն մասին, թե ինչքանով կտուժի ադրբեջանական երիտասարդությունը հատկապես կրթության ոլորտում։ Մտահոգություններ կան, որ շատերը, որ երազում են սովորել Եվրոպայում Erasmus-ի նման ծրագրերի միջոցով, եթե Ադրբեջանը դուրս գա ԵԽ-ից, իրենց շանսերը կնվազեն, կբարդանա Եվրոպա տեղափոխվելու հարցը՝ աշխատելու, ապրելու: Նաեւ երիտասարդներն անհանգստացած են, որ այս մասին բավականաչափ քննարկումներ ադրբեջանական հասարակության մեջ չեն ծավալվում։ Ուստի այս ամենը հաշվի առնելով կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի վարած՝ երեւմտյան հարթակները մերժելու քաղաքականությունը թերեւս մեծապես վնասում է հենց Ադրբեջանի հասարակությանը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829