Լրահոս
Օրվա լրահոսը

Պլաստիկն այսօր ամենուր է․ այն հայտնաբերվել է անգամ կնոջ ընկերքում

Փետրվար 26,2024 09:30

Այսօր պլաստիկի շատ փոքրիկ մասնիկներն ամենուր են՝ դրանք հայտնաբերվել են Մարիանյան իջվածքից մինչև Էվերեստի գագաթին և նաև արդեն մարդու մարմնի ամենատարբեր հյուսվածքներում, անգամ՝ ընկերքում, որի մասին փաստում էր Scinece Direct ամսագրում 2021 թ․-ի հունվարին հրապարակված հետազոտությունը, որի շրջանակներում առաջին անգամ կնոջ ընկերքում միկրոպլաստիկ էր հայտնաբերվել։

Փետրվարի 17-ին Toxicological Sciences ամսագրում հրապարակված նոր հետազոտությունն ավելի ծավալուն տվյալներ է պարունակում։ Ինչպես հայտնել են Նյու Մեքսիկոյի համալսարանի հետազոտողները, 62 կանանցից վերցված ընկերքային հյուսվածքի բոլոր նմուշներում պլաստիկի միկրոսկոպիկ մասնիկներ են հայտնաբերվել 1 գրամ հյուսվածքին  6,5 -790 միկրոգրամ խտությամբ։ Իհարկե, այս քանակը շատ փոքր է առողջության վրա գործող ազդեցության մասին խոսելու համար, սակայն ստացված տվյալներն անհանգստության տեղիք են տալիս։ 

Ինչպես նշել է հետազոտության առաջատար մասնագետ Մեթյու Կամպենը․ «Չափաբաժինը թույն է ստեղծում։ Եթե այն սկսի աճել, ապա մենք պետք է անհանգստանանք։ Եթե ընկերքի վրա ազդեցությունը դառնա նկատելի, դա կարող է ազդել սաղմի հետագա ողջ կյանքի վրա»։

Միկրոպլաստիկ են համարվում շրջակա միջավայրում առկա պլաստիկե առարկաների քայքայման հետևանքով առաջացած 5 մմ-ից փոքր մասնիկները։

Նշենք, որ հայտնաբերված պլաստիկե միկրոմասնիկների  54%-ը կազմել է պլաստիկ շշերի ու տոպրակների կազմում առկա պոլիէթիլենը, պոլիվինիլ հայտնաբերվել է 10% չափաքանակով։

Հետազոտողները միկրոպլաստիկի՝ օրգանիզմ ներթափանցման 2 հիմնական ուղի են նշում՝ կուլ տալու և շնչելու միջոցով։ Այսօր բազմաթիվ տվյալներ կան, որոնց համաձայն սնունդն ու ջուրը աղտոտված են միկրոպլաստիկով։  

Թե ինչպես են պլաստիկի նանոմասնիկները թափանցել ընկերքի մեջ, դեռևս հայտնի չէ․ որոշ չափով սպասելի է այդ մասնիկների հայտնվելը մարդու օրգանիզմի այլ հյուսվածքներում, բայց դրա համար բավականին երկար ժամանակ է հարկավոր, իսկ ընկերքն աճում է սահմանափակ ժամանակամիջոցում։ Ուստի հետազոտողները պլանավորում են շարունակել խնդրի ուսումնասիրումը, քանի որ այն գնալով մեծանում է և սպասվում է, որ յուրաքանչյուր 10-15 տարին մեկ միկրոպլաստիկի քանակությունն օրգանիզմում կրկնապատկվելու է։ 

 Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829