Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի խորհրդարանական ընտրություններ․ 1200 թեկնածուից հինգը հայ են

Փետրվար 25,2024 23:40

Առաջիկա ուրբաթ օրը տեղի կունենան Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) 12-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները։ 290 տեղի համար մրցելու են 1200 հոգի, որոնցից հինգը հայ են։ Իրանահայերի երկու մանդատի համար գրանցվել են յոթ հոգի, որոնցից հինգն են քարոզչություն կատարում։ Իրանահայերը, ինչպես նաև իրանական բոլոր ուժերը, պահանջվածից շատ թեկնածուներ են ներկայացնում, որպեսզի հավանական մերժումների դեպքում մրցասպարեզից դուրս չմնան։ ԻԻՀ-ի օրենքների համաձայն, Իսլամական խորհրդարանի պատգամավորը պետք է լինի ԻԻՀ մուսուլման քաղաքացի, ընդունի երկրի կրոնապետական դրվածքը, լինի 30-75 տարեկան և նվազագույնը գիտությունների մագիստրոս աստիճան ունենա։ Մուսուլման լինելու պահանջը բացառվում է միայն Սահմանադրությամբ ճանաչված երեք կրոնական փոքրամասնությունների համար (քրիստոնյա, զրադաշտական, մովսիսական)։

Մինչև Իսլամական Հեղափոխությունը (1979 թ.) նշված կրոնների հետևորդները Իրանի խորհրդարանում ունեին չորս պատգամավոր՝ մեկ զրադաշտական, մեկ մովսիսական, մեկ հայ հարավից և մեկ հայ կամ ասորի հյուսիսից։ 1979 թվականին, Սահմանադրության վերամշակման համար ընտրված Ժողովը, ճանաչված երեք կրոնական փոքրամասնությունների մանդատների քանակը հասցրեց հինգի և թույլ տվեց, որ երկրի ասորիները և հյուսիսի հայերն ունենան իրենց առանձին պատգամավորները։ Այդ փոփոխության նախագծի հեղինակն էր  Սահմանադրության վերամշակման Ժողովի միակ հայ անդամ դաշնակցական Հրայր Խալաթյանը։

Այս տարի Նոր-Ջուղայի և հարավի ընտրատարածքում մրցելու են Գեղարդ Մանսուրյանը և Էմին Հովսեփը․ առաջինը վայելում է ՀՅԴ-ի հովանավորությունը։ Գեղարդը քաղաքագիտության դոկտորի կոչման հայցվոր է և հայոց դպրոցի տնօրեն, Էմինը հաշվապահական գիտությունների դոկտորի կոչման հայցվոր է և բանկի պաշտոնյա։ Թեհրանի և հյուսիսի ընտրատարածքում մրցելու են գործող պատգամավոր Արա Շահվերդյանը, Սևան Սոհրային և Ժոզեֆ Ամիրյանը։ Գործող պատգամավորը տնտեսագիտության դոկտոր է և՝ Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահի տեղակալ։ Ս․ Սոհրային մաթեմատիկական գիտությունների դոկտոր է և համալսարանի դասախոս։ Ժ․ Ամիրյանը իրավաբանական գիտությունների մագիստրոս է և ճանաչված փաստաբան։ Էմին Հովսեփը և Սևան Սոհրային 2020 թվականի ընտրություններին ևս առաջադրվել էին որպես թեկնածու, բայց անհրաժեշտ քանակի ձայն չէին հավաքել։ ՀՅԴ-ն Թեհրանում հովանավորում է գործող պատգամավորին։

Թեկնածուները 22 փետրվարից սկսել են իրենց քարոզարշավը․ Իրանի օրենքներով քարոզարշավի ժամկետը մեկ շաբաթ է․ հարավի թեկնածուներն արդեն եղել են Շիրազ և Շահինշահր քաղաքներում և այսօրվանից սկսել են Նոր-Ջուղայի իրենց հանդիպումները։ Արա Շահվերդյանն այցելել է Ատրպատականի Թավրիզ և Ուրմիա քաղաքներ, նաև Թեհրանի սբ Թարգմանչաց եկեղեցու բակում հանրահավաք է կազմակերպել։ Սևան Սոհրային և Ժոզեֆ Ամիրյանը Թեհրանի «Րաֆֆի» միությունում և սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում և այլուր հանդիպել են իրենց ընտրողներին։ Բոլոր թեկնածուները խոստացել են ընտրվելու դեպքում պաշտպանեն ԻԻՀ-ի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և արտաքին քաղաքականությունը։ Թեկնածուները խոսել են նաև իրանաբնակ հայերի համայնքային հարցերի և դրանց լուծման ելքերի մասին։

Իրանի խորհրդարանը ելնելով ԻԻՀ-ի դրվածքից և Սահմանադրության թելադրանքից՝ լայն իրավասություններ չունի․ նա միայն կարող է վերահսկել հանրապետության նախագահի և նախարարների գործունեությունը, իսկ կառավարությունից վեր կանգնած է երկրի առաջնորդը, որը խորհրդարանին հաշվետու չէ։ ԻԻՀ-ի առաջնորդին կարող է վերահսկել մեկ այլ Ժողով-խորհրդարան, որը կոչվում է «Խոբրեգան»․ Խոբրեգանի անդամները հիմնականում ազդեցիկ հոգևորականներ են։ Խորհրդարանական ընտրությունների համար հայտ ներկայացրած թեկնածուների գործերն անցնում են նաև Ներքին գործերի նախարարության և «Սահմանադրության Պահապան Խորհրդի» բովից, որոնք հիմնականում մերժում են ընդդիմության թեկնածուներին։ Իրանի ընդդիմադիր մի շարք գործիչներ բոյկոտել են երկրի խորհրդարանական ընտրությունները։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ                

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829