Արցախյան ազգային-ազատագրական շարժման ազատամարտիկ, ԱՀ խորհրդարանի երեք գումարման պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանի ֆեյսբուքյան գրառումը
Տարի առաջ զբաղմունք ունեի, սիրած գործ, նպատակներ ու ծրագրեր էի նախամշակում։ Ո՞ւր հասա, ի՞նչ դառա։ Իմ երազած, իմ պաշտած հայրենիքում փախստականի կարգավիճակ «շնորհեցին»։ Հիմա էլ ասում են դիմում գրիր, որ քեզ ՀՀ քաղաքացու կարգավիճակ տանք։
Անպատվություն, բարոյազրկում` այս աստիճանի։ Հային իր հայրենիքում նսեմացնում են այն աստիճանի, որ թողնի ու հեռանա հայրենիքից։ Առանց ապրելու տարրական իրավունք ունենալու քաղաքացիություն ստանամ ինչի՞ համար, առանց տանիքի ու հողի մի փոքր կտոր ունենալու, առանց անորոշ ժամանակահատվածով կասեցված ընտրելու և ընտրվելու իրավունքի ինչի՞ս է պետք ՀՀ քաղաքացիությունը։
Երկու ամսից կդադարեցվի կառավարության կողմից տրամադրվող չնչին օժանդակությունը։ Որպես Արցախի հանրապետության նախկին պաշտոնյա՝ ՀՀ ում կասեցվել է թոշակիս չափը։ Մոռացության են թողնվել 88-ից սկսված պայքարիս իմաստը, ընտրությամբ ձեռք բերած պաշտոններս, հասարակական-քաղաքական գործունեությանս դժվարագույն տարիները, պետակաշինության գործում ունեցածս ծառայությունները։ Այդ առումով երբևէ չեմ ընդգծվել, ինչպես շատուշատ հայրենակիցներ, ես ևս «կբավարարվեմ» եղած կենսաթոշակով։
Կարդացեք նաև
Ուղղակի ապագա չեմ տեսնում։ Ինչպե՞ս և ի՞նչ միջոցների հաշվին պետք է գոյատևի ծերության շրջանում հայտնված ընտանեկան զույգը։ Գուցե ասե՞ք երեխաների խնամակալության։ Աբսուրդ իրավիճակ, քանզի աշխատանք հայթայթելու, բազում խնդիրներ լուծելու շեմին են հայտնվել նրանց ընտանիքները։ Անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակը, իշխանությունների կողմից ոլորտը բարձիթողի հասցնելը լրացուցիչ բարդություններ են ստեղծել գաղթական-թափառականներիս համար։
Այնքան երազած, այնքան կարոտած Մայր երկրում արհամարհված գաղթական հայեր, բազում խնդիրներ ու պրոբլեմներ։
Ո՞վ է տերը…