Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցի հայտնի ու հարուստ մարդկանց հետ ենք հանդիպում ու խնդրում աջակցել»․ ի՞նչ օգնություն է ցուցաբերվում սոցանապահով արցախցիներին

Փետրվար 25,2024 17:30

«Աջակցություն արցախահայությանը» հասարակական կազմակերպության անդամները երեկ հավաքվել են Արցախի հերոս, ծննդով Հադրութից գեներալ-մայոր Արթուր Աղաբեկյանի տան առաջ՝ պահանջելով, որ նա նույնպես միանա ՀԿ ծրագրերին ու աջակցի սոցիալապես անապահով վիճակում հայտնված արցախցիներին։ ՀԿ համահիմնադիր Հովիկ Մայիլյանի խոսքով՝ ՀԿ նպատակն է օգնել սեպտեմբերյան պատերազմի ընթացքում զոհված եւ բենզինի պայթյունի հետեւանքով մահացած անձանց ընտանիքներին։ «Առաջանային խնդիր ենք համարել, որ պետք է դիմենք Արցախում պաշտոնավարած եւ բիզնես վարած այն անձանց, որոնք ֆինանսապես լավ վիճակում են գտնվում եւ կարող են օգնել մեր ժողովրդին։ Մեր ժողովուրդն անտուն է, մարդիկ գործազուրկ են, մեծամասնությունը չեն կարողանում վճարել տան վարձերը։ Բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք նաեւ զոհեր են ունեցել, շատ ծանր սոցիալական վիճակում են գտնվում։ Մենք սպասում էինք, որ մեր հերոսներն ու գեներալները մեզ պետք է ինչ-որ գաղափարի շուրջ համախմբեին, որ ժողովուրդը մենակ չզգար իրեն։ Նամակով դիմել ենք նաեւ Արթուր Աղաբեկյանին, բայց չի հաջողվել կապվել նրա հետ, որոշել ենք գնալ իր տան մոտ ու ներկայացնել, թե ինչ կարիք ունի ժողովուրդը»,- ասաց Հովիկ Մայիլյանը։

ՀԿ անդամներից մեկն էլ, ով չցանկացավ ներկայանալ, «Առավոտի» հետ զրույցում ասաց․ «Ղարաբաղի հարուստներից՝ պաշտոնյաներից, գեներալներից, բոլորից խնդրեցինք, որ գումար տան։ Աղաբեկյան Արթուրը ոչ ուզեց գումար տալ, ոչ էլ հանդիպել մեզ հետ։ Մենք էլ գնացինք իրենց տուն՝ իմանալու, թե ինչո՞ւ չի տալիս։ Ո՞նց է ստացվում, որ հերոս գեներալն այդքան հարստացել է, բայց զոհված զինվորի տան տեղը չգիտի»։

Մեր զրուցակիցն ասաց, որ կարողություն ունեցող արցախցիների նվիրատվությունների միջոցով ավելի քան 50 մլն դրամ է փոխանցվել է ՀԿ հաշվեհամարին, որն էլ վերաբաշխվել է կարիքավոր ընտանիքների վրա։ 200 հազարական դրամ միանվագ գումար հատկացվել է ռազմական գործողությունների հետեւանքով զոհերի ընտանիքներին։ Պայթյունի հետեւանքով մահացածների ընտանիքներին եւս նախատեսում են առաջիկայում 200 հազարական դրամներ հատկացնել։ Իսկ որոշ կարիքավոր ընտանիքների 100 հազարական դրամ կհատկացվի։ Նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է նաեւ սոցիալապես անապահով արցախցի ընտանիքների համար բնակարանային ապահովության կամ բիզնես հիմնելու ծրագրեր իրականացնել։ Արդեն աջակցություն է տրամադրվել մոտ 260 ընտանիքի։

«Հայտնի ու հարուստ մարդկանց հետ ենք հանդիպում ու խնդրում աջակցել։ Օրինակ՝ ԱԺ պատգամավոր Լեւոն Քոչարյանը եկավ մեր օֆիս, ասաց՝ կաջակցենք։ Բաբայան Սամվելի հետ ենք հանդիպել, ասաց՝ ինչ պետք է կանենք ձեզ համար։ Մեր գերենալ Կարապետյան Սամվելին ասացինք, ինքն էլ պետք է մասնակցի։ Ղարաբաղում ինչքան հարստացած մարդ կա, համարյա բոլորի դիմել ենք, Բակո Սահակյանի որդին էլ գումար փոխանցեց։ Մյուսներին էլ պետք է ասենք, սա շարունակական է լինելու։ Եթե արցախցին արցախցուն չօգնի, էլ ո՞վ պետք է օգնի։ Թող իրենք օգնեն անապահով ժողովրդին, որ մյուսներից կարողանանք մի բան պահանջել։ Արցախում օլիգարխ են դառնում, բայց Արցախը չկա, արցախցիների համար էլ ոչ մի բան չեն ուզում անել։ Օգնությունը շարունակական է լինելու, մինչեւ այդ ընտանիքները սկսեն օգտվել աջակցության ծրագրերից։ Օրինակ՝ զոհվածների ընտանիքները պետք է դառնան զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու, բայց ասում են՝ ամիսներ կտեւի՝ մինչեւ պարզեն, թե ով որտեղ է զոհվել։ Բայց այդ մարդկանց վիճակը վիճակ չէ։ Կարիքավոր ընտանիքների թիվը շատ-շատ է՝ վերջին հարձակման ժամանակ 220 զոհ ենք ունեցել, պայթյունի հետեւանքով զոհերի թիվը 240 է։ Ընտանիքներ կան, որ կին, երեխա, տատիկ, պապիկ են մնացել, աշխատող չկա»,- հավելեց մեր զրուցակիցը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829