Լրահոս
Օրվա լրահոսը

Արձագանք Ավետիք Իշխանյանի «Երեք զորավար» հոդվածին

Փետրվար 25,2024 13:59

Զարմանքով կարդացի մեծարգո Ավետիք Իշխանյանի վերոնշյալ հոդվածը․ այն լեցուն է չճշտված տեղեկություններով և մերկապարանոց եզրահանգումներով։ Փորձեմ հնարավորինս հակիրճ անդրադառնալ Զորավար Անդրանիկի վերաբերյալ վիճելի կամ անհիմն դրույթներին։

Բեյրութում Հրայր Դժոխքի մասին լույս տեսած միակ գրքում (հեղինակ՝ Ավո, 1985) Անդրանիկ-Հրայր գաղափարական տարաձայնությունը ներկայացված է 96-97-րդ էջերում, և այնտեղ Անդրանիկի՝ Հրայրի դեմ իբր հրացան ուղղելու մասին ոչինչ չկա․ այդ պնդումն անապացույց է, լուրջ պատմագիտական գրականության մեջ այդպիսի փաստեր չկան, իսկ դրվագն այլ կերպ է ներկայացված (տե՛ս օրինակ պատմաբան Համբարձում Կարապետյանի «Անդրանիկ» աշխատության 51-53 էջերը)։

Հոդվածագիրը «հավանական»  է համարում, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Անդրանիկն ունեցել է հաղթանակներ ու նշում է, թե «ճակատամարտերի մարտավարությունները  մշակված են եղել ռուսական  հրամանատարության կողմից»։ Նախ՝ Անդրանիկի մասին հոդված գրելիս արժեր գոնե ծանոթանալ նրա գործունեության այնպիսի փառավոր դրվագների, ինչպիսիք են Դիլմանի ճակատամարտը, Զևինի, Դատվանի կռիվները, Բիթլիսի և բազում այլ բնակավայրերի ազատագրումը, հաղթական արշավները Սալմաստից մինչև Վան ու Մուշ, Լոռուց մինչև Նախիջևան, Զանգեզուր և Արցախ, որոնք աննախադեպ էին (ո՛չ Դրոն, ո՛չ Նժդեհը նման աշխարհագրական ընդգրկման, նման մասշտաբի շարունակական մարտեր չեն վարել)։ Եվ հետո, մարտավարությունները մշակողը շատ դեպքերում հենց Անդրանիկն է եղել։

Հոդվածագիրը զարմանում է, թե ինչու Դսեղում գտնվող Անդրանիկը իր զորքով չի մասնակցել Ղարաքիլիսայի ճակատամարտին։ Սակայն լուրջ ռազմական գործիչը նման որոշումներ է կայացնում ոչ թե ըստ աշխարհագրական մոտիկության, այլ տվյալ ճակատամարտի պատասխանատուներից կամ իր վերադասից համապատասխան կոչ-հրաման ստանալու դեպքում, ինչը չի եղել․ Հովհ․ Թումանյանի վկայությամբ՝ «զինվորական բարձր հրամանատարությունից հրահանգ եկավ Անդրանիկին՝ մնալ Դսեղ և պաշտպանել երկաթուղու գիծը»։ Հարգարժան հոդվածագիրը՝ նախ այլափոխում է մեր պատմության բարդագույն դրվագների իրողությունները և այնուհետև հանգում անտրամաբանական եզրակացությունների․ այսպես, հարցնելով, թե ինչու Անդրանիկը չի հռչակել «անկախ Նախիջևանի հայկական պետություն», պրն Իշխանյանը մոռանում է, որ Անդրանիկը զորավար էր, ոչ թե պետական գործիչ։ Մոռանում է նշել նաև, որ նախքան Նժդեհը ութ ամիս շարունակ Անդրանիկն է Սյունիքը հայկական պահել։ Հոդվածագիրը գրում է, իբր «զորավար Դրոն միայն հաղթանակներ է ունեցել»․ դա այդպես չէ, Դրոն իր կյանքի գլխավոր պատերազմը տանուլ է տվել՝ Կարմիր բանակին հանձնելով Հայաստանի անկախ հանրապետությունը։ Ու եթե Անդրանիկը նահանջեց Էրզրումից, ապա Դրոն՝ Սուրմալուից։ Ընդ որում՝ դաշնակցական կառավարությունը վատ էր տրամադրված Անդրանիկի հանդեպ և օգնություն չէր տրամադրում նրա բանակին, մինչդեռ Դրոն զբաղեցնում էր բարձրագույն զինվորական պաշտոններ՝ համապատասխան հնարավորություններով։

Էլ ավելի սխալ թեզ է այն, թե իբր Անդրանիկը ամենահայտնի զորավարն է դարձել շնորհիվ կոմունիստական քարոզչության։ Նա դեռ կյանքի օրոք ժողովրդի, այլ ոչ թե կոմունիստական ռեժիմի կամ որևէ կազմակերպության կողմից ճանաչվել էր որպես համազգային հերոս։ Նրան նվիրված մասնագիտական, թե գեղարվեստական ահռելի գրականության, արվեստի գործերի և երգերի մեծագույն մասը ստեղծվել և հրապարակվել է ո՛չ ԽՍՀՄ-ում։ Դա ճշտելը դժվար չէ, նշեմ միայն երկու աղբյուր՝ «Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր» (1989) և «Անդրանիկ Օզանյան․ մատենագիտություն» (1989) գրքերը։ Վիճելի է նույնիսկ այն դրույթը, թե Անդրանիկը, «հարմար գործիչ» էր ԽՍՀՄ համար, քանի որ դուրս էր եկել ՀՅԴ-ից։ Ուջանում նրա արձանը տեղադրվել էր ժողովրդի նախաձեռնությամբ՝ ի հեճուկս խորհրդային արգելքների, նույն կերպ ԽՍՀՄ օրոք Աշնակում կառուցվեց ՀՅԴ-ից չհեռացած Գևորգ Չաուշին նվիրված հսկա թանգարան․ դա չի նշանակում, որ Չաուշը «հարմար գործիչ էր»։ ԽՍՀՄ օրոք Անդրանիկին նվիրված հատուկենտ պատմագիտական և գեղարվեստական գրքերի հեղինակները ոչ թե կոմունիստական քարոզիչներ էին, այլ հայրենասերներ՝ Ջ․ Կիրակոսյան, Ծ․ Աղայան, Խ․ Դաշտենց։ Անդրանիկի ռազմական տաղանդը ոչ միայն իր հայ զինակիցներն են բացառիկ համարել, այլև օտարները՝ Լև Տրոցկուց մինչև գեներալ Ռադկո Դմիտրիև։ Իսկ ռազմական պատմաբան Ալեքսեյ Շիշովի «100 մեծ հերոսներ» (2013) գրքում աշխարհի մեծագույն զորավարների կողքին տեղ է գտել և Անդրանիկի կենսագրությունը։ Բանն այն է, որ նոր ժամանակներում որևէ հայ զորավար գործողությունների նման մասշտաբ, ընդգրկում և հաջողություն չի արձանագրել, այն էլ՝ զերծ պահելով իր զորքը ջախջախումից և արժանանալով չորս պետությունների բարձր պարգևների։ Զարմանալի է, որ փոխանակ հպարտանալու Անդրանիկի շուրջ 3 տասնամյակ տևած զինվորական փայլուն գործունեությամբ (հայդուկային շրջանի քաջագործությունները՝ Խալիլի գլխատումը, Առաքելոց վանքի կռիվը, Սասնո Բ․ ապստամբությունը, մասնակցությունը Բալկանյան պատերազմին, արևմտահայության գաղթի ապահովումը, Զանգեզուրի պաշտպանությունը և այլն), հարգարժան հոդվածագիրն ինչ-որ մութ միջադեպեր ու պարտություններ է փնտրում։

Չեմ ուզում շատ մանրամասնել, հեղեղել նյութը պատմագիտական աղբյուրներով, միայն նշեմ, որ ամենևին համաձայն չեմ նաև Վարդան Մամիկոնյանի և Վազգեն Սարգսյանի մասին հոդվածագրի դրույթներին։ Առաջինը հռչակվել է ոչ որպես հանճարեղ զորավար, այլ հանուն քրիստոնեության մարտիրոսված սուրբ, իսկ երկրորդի դեպքում հոդվածագիրը կրկին չի տարբերում Սարգսյանի գործունեության ահռելի ընդգրկումը, որն իր ժամանակակից հայ ռազմական գործիչներից կամ հրամանատարներից որևէ մեկը չի ունեցել։ Ինչ խոսք՝ նման թեմաներով նյութեր գրելուց առաջ արժե ուսումնասիրել եղած հարուստ գիտական գրականությունը և հնարավորինս չխեղաթյուրել փաստերը։

Աշոտ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Անդրանիկագիտական հանդեսի» խմբագիր (2002-2004)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829