Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք չեն էլ պատկերացնում, որ կրակի հետ են խաղում. «Հայացք Երևանից»

Փետրվար 25,2024 11:40

Արեւմուտքի հետ «խաղեր տալու» վտանգավորության մասին պարբերաբար հիշեցնում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը եւ այլ գործիչներ: Ռուսական կողմի փաստարկներում գերակշռում է այն մտայնությունը, որ Երեւանի աշխարհաքաղաքական տատանումները կարող են ՀՀ-ի ինքնիշխանության կորստի հանգեցնել: Առկա մարտահրավերները, ըստ ռուս պաշտոնյաների, արեւմտյան խաղացողների հաղթահարելիք խնդիրը չէ, քանի որ Արեւմուտքի նպատակը Հարավային Կովկասում իրադրության ապակայունացումն է, միջամտությունը հայ-ադրբեջանական կարգավորմանը, ինչն էլ հանգեցրել էր իրավիճակի սրմանը տարածաշրջանում՝ այդ թվում «Ներքին հանդում»:

Այն փաստարկներին, որ Հայաստան-ՆԱՏՕ երկխոսության խորացման համատեքստը լուրջ սպառնալիք է պարունակում Հայաստանի պետական ինքնիշխանության կորստյան առումով, ՏԱՍՍ-ին տված վերջին հարցազրույցում եւս մեկ անգամ անդրադարձել է ՌԴ ԱԳ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ռազմաքաղաքական դասին հորդորելով շատ չխանդավառվել հյուսիսատլանտյան դաշինքի դատարկ խոստումներով: «Մենք բազմիցս հրավիրել ենք մեր հայ գործընկերների ուշադրությունը, որ ՆԱՏՕ-ի իրական նպատակը տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդումն է եւ «բաժանիր, որ տիրես» սխեմայի համաձայն մանիպուլյացիաների համար պայմանների ստեղծումը»,- լրատվականին ասել է Լավրովը:

ՆԱՏՕ-ն այս ամբողջ ժամանակ, բնականաբար, «խոսքի տակ» չի մնացել եւ արձագանքել է Ռուսաստանի մեղադրանքներին՝ դեմ տալով նրան իր հակափաստարկները: Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան օրերս հայտարարեց, թե ՀՀ-ն շատ հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը եւ Մոսկվայի հետ հարաբերություններում հեռու պահել իրեն: «Իմ կարծիքով՝ Հայաստանը սկսել է մերձենալ մեզ։ Նրանք պահանջում են ավելի շատ համագործակցություն, ավելի շատ քաղաքական երկխոսություն եւ ՆԱՏՕ-ի ավելի մեծ ներկայացվածություն, ինչը մեզ համար շատ կարեւոր է»,- վրացական «Առաջին ալիքի» հետ զրույցում ասել էր Կոլոմինան։

Կողմնորոշման հարցում Երեւանը, սակայն, լղոզված քաղաքականություն է վարում, եթե, իհարկե, դա կարելի է քաղաքականություն անվանել: ՀԱՊԿ-ից բազում դժգոհություններ ունենալով եւ դրա մասին բացեիբաց խոսելով հանդերձ՝ չի շտապում այդ կառույցից դուրս գալու կոնկրետ քայլ ձեռնարկել: Ավելին՝ Փաշինյանն ասում է, որ Հայաստանը «դեպի Արեւմուտք վեկտոր չի փոխում», պարզապես դիվերսիֆիկացնում է իր անվտանգային քաղաքականությունը: Բայց խոսքի արանքում, միաժամանակ, նա չի մոռանում ընդգծել, թե «հայ ժողովուրդը եվրոպական ձգտումներ ունի»: Մի կողմից, կարծես թե, ՀՀ-ի արտաքին քաղաքական ուժագիծը գնում է եվրաինտեգրման, սակայն վարչապետի՝ ՌԴ այցից հետո տպավորություն էր, թե գնում է դեպի Մոսկվա:

Այս թեմայով հետաքրքիր լրատվություն է փետրվարի 16-ի իր համարում հրապարակել «Ժողովուրդը»: Թերթի տեղեկությամբ՝ իշխանականները որոշել են առավել խորացնել եվրոպական տարբեր հայտնի կուսակցությունների հետ փոխգործակցությունը: ՔՊ-ի նախաձեռնող խմբի վերջին նիստում, ըստ պարբերականի, Նիկոլ Փաշինյանն ինքն է թիմակիցներին հրահանգել ակտիվ աշխատանք տանել այդ ուղղությամբ: Մինչդեռ ՌԴ-ի հետ հարաբերությունների հարց ՔՊ-ականների օրակարգում չի եղել, ինչից դատելով՝ «Ժողովուրդը» եզրակացնում է, որ իշխանությունը փորձում է արտաքին քաղաքական գծի կտրուկ փոփոխությունների գնալ եւ այդ ուղղությամբ առաջին քայլերն արդեն արվում են:

Ամփոփելով՝ նկատենք, որ արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի երկդիմի խաղերը կարող են շրջադարձային լինել պատերազմից հյուծված, թույլ եւ անպաշտպան սահմաններ ունեցող, անդաշնակից Հայաստանի համար: Նրանք չեն էլ պատկերացնում, որ կրակի հետ են խաղում:

Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829