Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։
Նարինե Սերոբյան․ «Այսօր Արցախյան շարժման 36 ամյակն է։ Կարո՞ղ ենք նորից համախմբվել ու հաղթանակ տանել»։
Արմեն Աշոտյան․ «Արցախյան շարժման 36 ամյակին անդրադարձել եմ իմ ուղերձում։ Ընդամենը ուզում եմ ավելացնել, որ դրսում հաղթանակներ տանելուց առաջ մենք ինքներս պարտավոր ենք հաղթանակ տանել ներսում, վերականգնել ներքին արդարությունը, դեն նետել հուսահատությունը, ապատիան, անտարբերությունը։ Երեւանյան սլենգով ասած` պետք է դուրս գալ մանթոյից… Միայն այդ դեպքում է հնարավոր վերջ դնել կորուստների, անպատվության, ցավի այս մղձավանջին։
Իրավացի եք։ Այս ամենը հնարավոր չէ առանց համախմբման, առանց մեզ միավորող արժեքների վերաիմաստավորման, առանց ինքնամաքրվելու։ Մեզ միավորող լարերի կոնտակտները ժանգոտել են, վառվել են, հալվել են, կտրվել են։ Այդ կոնտակները մաքրելու կարիք կա։ Եվ միայն այդ դեպքում մենք նորից կդառնանք համազգային ցանց, որ ունակ է էներգիա գեներացնել, պահպանել և ուղղորդել»։
Կարդացեք նաև
Մարատ Հովսեփյան (Գերմանիա)․ «Ձեզ գրում եմ Քյոլնից։ Ուզում եմ ասել, որ Ձեզ շատ հարգում եմ։ Դավաճանը չունի աջակցություն։ Դա ցույց տվեց նրա էստեղի հանդիպումը։ Բոլորը մերժել են նրան։ Հարցս այսպիսինն է․ կդառնա՞ք ՀՀ վարչապետ, եթե ժողովուրդը պահանջի, և ի՞նչ կանեք,որ իրավիճակը շտկվի»։
Արմեն Աշոտյան․ «Նախ շնորհակալ եմ ձեզ և գերմանահայ համայքների մեր հազարավոր հայրենակիցներին, որոնց շնորհիվ հերթական անգամ տապալվեց Սփյուռքի հետ Փաշինյանի հանդիպումների շոուն։ Ուզում եմ առիթից օգտվել եւ ձեզ ու Եվրոպայի մեր մյուս հայրենակիցներին խնդրել հետեւյալը։ Եվրոպական միությունում շուտով ընտրություններ են։ Ես կոչ եմ անում քվեարկելու իրավունք ունեցող հայերին դրսևորել շատ ակտիվ կեցվածք հենց նախընտրական փուլից։ Փորձեք ձեր հարցադրումներով, ակցիաներով, քաղաքացիական ակտիվությամբ հենց այս պահից ճիշտ կարծիք ձևավորել պոտենցիալ եվրոդեպուտատների մոտ մեր ազգային խնդիրների և Նիկոլի խայտառակ քաղաքականության մասին։ Ճնշում գործադրեք եվրոպական քաղաքական դաշտի վրա՝ մեր ազգային հարցերով։ Այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս հասնել մեծ հաջողությունների նաև փոքր թիմերով կամ համայնքներով։ Նիկոլ Փաշինյանը այլեւս տոքսիկ է որպես գործիչ։ Հայերիս համար դա պարզ է։ Հարկ է այդ ճշմարտությունը հասցնել նաև Եվրոպայի քաղաքական գործիչներին
Իսկ ես, որպես Եվրոպայի Ժողովրդական կուսակցության անդամ խնդրում եմ բոլորին այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տալ ԵԺԿ-ի թեկնածուներին։
Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա շնորհակալ եմ նման կարծիքի համար և ուզում եմ ձեզ անկեղծ ասել. Միշտ չէ, որ համաձայնել եմ մարդկանց կոչերի հետ (2015 Բաղրամյան պողոտան վկա) և կյանքը ցույց է տվել,որ ես ճիշտ էի։ Ուստի եկեք ապրենք՝ կտեսնենք։ Որովհետև շարքային պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել»։
Գեղամ Հովհաննիսյան․ «Արմեն Աշոտյան ջան, պայքարի վերսկսման դեպքում, եթե մարզերում չլինեն ակցիաներ, դա կարո՞ղ է նպաստել պայքարի ձախողմանը»։
Շատ կարեւոր հարց եք բարձրացնում։ Ակնհայտ է, որ մայրաքաղաքը վաղուց է դեմ Փաշինյանին (Երևանի վերջին ընտրությունները դրա ապացույցն են)։ Բազմաթիվ այլ քաղաքներում ևս ժողովուրդը իր վստահությունից անվերադարձ զրկել է ՔՊ-ի թիմին։ Հիմա ևս, ըստ ծագող բազմաթիվ խնդիրների, տարբեր մարզեր կամ բնակավայրեր դեմ են ելնում Փաշինյանի որոշումներին և ձախողումներին։ Պարզապես, պետք է հաշվի առնել հետեւյալ երկու հանգամանքները։
Առաջին․ մարզաբնակ մեր հայրենակիցները տեղեկատվության պակաս են ունենում (տարբեր պատճառներով) և ավելի խոցելի են իշխանական սանձարձակ և կեղծ պրոպագանդայի համար։ Միայն Հ1-ը հերիք է, որ քաղաքացու գլուխը լվան ստերով, մանիպուլյացիաներով և կեղծարարությամբ։
Երկրորդ․ մարզաբնակները, ցավոք, ավելի շատ են կախված իշխանություններից, ռեպրեսիվ վարչական ռեսուրսը այնտեղ ավելի անպատիժ և լկտի է գործում։ Ընդդիմությունը պիտի հաշվի առնի այս հանգամանքները և գտնի առավել արդյունավետ ձևերը մարզաբնակ ՀՀ քաղաքացիներին ոտքի հանելու համար»։
Լյուդվիգ Մարգարյան․ «Արմեն ջան, բոլոր այն «անկլավները» , որոնք Նիկոլը ցանկանում է հանձնել թուրքին, հայաթափվում են, Նիկոլին հանելուց զատ սրա դեմը ո՞նց առնենք»։
Արմեն Աշոտյան․ «Ցավով արձանագրենք, որ որքան ուշացնում ենք Նիկոլին հեռացնելը, այնքան շատանում են մեր կորուստները՝ մարդկային, տարածքային, դիվանագիտական, բարոյական։ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո այդպիսի կորուստների շարքը շատ մեծ է. Արցախն ամբողջությամբ, Լաչինի միջանցքը, Հայաստանի ինքնիշխան տարածքից 200 քկմ, մոտ 500 զոհ, հազարավոր կորուստներ, 140,000 տեղահանվածներ, ռազմավարական բարձրունքներ, ճանապարհներ, դիվանագիտական դիրքեր և այլն։
Այպես կոչված «անկլավները», պլյուս եւս 4 գյուղ հերթական զոհերը կարող են դառնալ Նիկոլի պարտվողական և ձախողված քաղաքականությանը։ Ասածս ի՞նչ է. երբ ուշացնում ենք Փաշինյանի պաշտոնանկությունը և ավելի ակտիվ ու միասնական կերպով չենք կանխում նոր դավաճանությունները, ապա դոմինոյի էֆեկտը շարունակում է նոր կորուստներ բերել և ավերածություններ գործել։ Ուստի ես կարծում եմ, որ ամեն մի նման լրջագույն մարտահրավերի դեպքում պետք է դիմադրել և պայքարել ամբողջ ուժով․ մի կողմից`խանգարելու հակահայկական ծրագրերին, մյուս կողմից` առիթ ստեղծելու Փաշինյանի դեմ առավել զանգվածային և ուժեղ բողոքի ալիք բարձրացնելու համար»։
Գայանե Մակարյան․ «Պրն. Աշոտյան, ես սկսնակ լրագրող եմ։ հնարավո՞ր է Ձեզնից այս ֆորմատով կարճ հարցազրույց վերցնել, եթե դեմ չեք»։
Արմեն Աշոտյան․ «Նախ, ցանկանում եմ Ձեզ մասնագիտական հաջողություններ մաղթել ձեր կարևոր աշխատանքում։ Մեծ հաճույքով Ձեզ կհանդիպեի նաև ՔԿՀ-ում, սակայն արդարադատության նախարարությունը ամեն կերպ խոչընդոտում է իմ հանդիպումները ԶԼՄ-ների այն ներկայացուցիչների հետ, որոնք ինձանից հարցազրույց վերցնելու ցանկություն են հայտնել, թեպետ իրավակարգավորումներով նման հնարավորություն նախատեսված է։
Ինչ վերաբերում է Ձեր առաջարկին, ապա կխնդրեմ մի քիչ ավելի տեղեկություններ փոխանցել ինձ Ձեր և այն ԶԼՄ-ի մասին, որտեղ աշխատում եք՝ կից ուղարկելով նաև ձեզ հուզող հարցերը։ Կփորձեմ օպերատիվ կերպով արձագանքել»։
Հարգանքներով՝ Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ, «Նուբարաշեն» ՔԿՀ
Սղագրեց՝ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ