Լրահոս
Օրվա լրահոսը

Նորայր Նորիկյան․ «Հրկիզված զինծառայողների գործով ցուցմունքների բովանդակային տարբերությունները ցույց են տալիս, որ միջդատական վարույթն իրականացվել է թերի, մակերեսային»

Փետրվար 24,2024 21:41

Ազատ գյուղի կացարանում հրկիզված զինծառայողների գործով հերթական դատական նիստի ավարտից հետո տուժող կողմի լիազոր ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը Aravot.am-ին ասաց․ «Ըստ էության, շարունակվեց եւ ավարտվեց տուժող Լեւոն Խառատյանի հարցաքննությունը։ Նրա՝ դատական քննության ընթացքում տրված ցուցմունքների եւ միջդատական վարույթում տված ցուցմունքների միջեւ առկա են էական հակասություններ, որի պատճառով մենք միջնորդել էինք, որպեսզի հրապարակվեն նրա նախաքննական ցուցմունքները։

Նախաքննական ցուցմունքները հրապարակվելուց հետո դատավարության մասնակիցները, ինչպես նաեւ ես այդ հակասությունների վերաբերյալ տվել ենք մի շարք հարցեր, որից հետո ես ինքս որպես տուժողների լիազոր ներկայացուցիչ հանդես եմ եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ նշված տուժողի ցուցմունքների բովանդակության եւ նախորդ դատական նիստում մեղադրյալ Եղիշե Հակոբյանի եւ մեղադրյալ Մառլեն Սարգսյանի կողմից տրված ցուցմունքների բովանդակությունը տալիս է հնարավորություն արձանագրելու եւ մեկ անգամ եւս համոզմունք արտահայտելու, որ ըստ քրեական գործի միջդատական վարույթն իրականացվել է թերի, մակերեսորեն, մի շարք էական հանգամանքներ դուրս են սպրդել վարույթն իրականացնող մարմնի ուշադրությունից։ Մասնավորապես այն հանգամանքը, որ դեպքից տառացիորեն մի քանի ժամ առաջ զինծառայողներից մեկի ծնողը նրա ընկերների հետ միասին գտնվել են դեպքի վայրում, դեռեւս պարզաբանման ենթակա հանգամանքներից ելնելով՝ մեզ համար դեռ պարզ չէ, թե ինչ նպատակով են իրենք եղել այդտեղ, ինչ գործողություններ են կատարել, ինչ է դրանց նախորդել ու հաջորդել։ Ակնհայտ էր, որ այդ տուժողը չէր հիշում, որ նրա դրսեւորած խուսափող վարքագիծը ակնհայտ էր։ Եվ դատավարության մասնակիցներն ու դատարանը չստացան  դատական քննության ընթացքում հնարավոր այն հարցերի պատասխանները, որ ակնկալում էին այդ տուժողից։ Ես ինքս  վերջում հայտարարեցի, որ մենք չենք բացառում, որ անհրաժեշտություն առաջանա հետագա փուլերում դարձյալ գործով նշված տուժողին՝ Լեւոն Խառատյանին, դատարան դատակոչելու եւ  հարցաքննելու մասով։

Այդ տուժողի ցուցմունքն ավարտելուց հետո դատարանը սկսեց լսել մյուս տուժողի՝ Գարուշ Սարգսյանի ցուցմունքը։ Դա այն երկու տղաներից մեկն է, որն ըստ իրենց եւ գործի փաստական հանգամանքների, իբրեւ թե ճաղավանդակից դուրս է եկել եւ փրկվել է։

Հանրային մեղադրողը հարցերն ավարտեց։ Ես որպես տուժողների լիազոր ներկայացուցիչ իմ հարցադրումներն արեցի։ Հիմա հերթը պաշտպանության կողմինն է։ Հաջորդ դատական նիստը մարտի 15-ին է եւ կտեսնենք, թե ինչպիսի զարգացումներ կլինեն»,- ասաց փաստաբանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829