Լրահոս
Օրվա լրահոսը

Ես քեզ գումար, դու ինձ դիպլոմային աշխատանք

Փետրվար 24,2024 20:21

Բրյուսովի պետական համալսարանն ավարտած ուսանողներից մեկը, որը մասնագիտացել է որպես օտար լեզուների թարգմանիչ, իր դիպլոմային աշխատանքը գրել է՝ դիմելով նման ծառայություն մատուցող կազմակերպություններից մեկին։ Մեզ հետ զրույցում հարգելի պատճառներով չցանկացավ, որ անուն-ազգանունը նշենք, բայց համաձայնեց պատմել իր փորձառության մասին․ «Գրեցին շատ արագ, ինձ հարկավոր էր ստանալ անցողիկ միավորը։ Ստացա այդ անցողիկ միավորը, ստացա նաև դիպլոմս, բայց անպետքության զգացում ունեի այդ պահին»։

Հարցին՝ ի՞նչն է եղել պատճառը, որ սեփական նախաձեռնությամբ չի գրել իր ավարտական աշխատանքը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ժամանակն այդ պահին շատ քիչ է եղել․ «Աշխատում էի, օրեր էին լինում նաև գիշերային ռեժիմով, նման պայմաններում հասկացա, որ ինքս անել չեմ կարող և որոշեցի գումարի դիմաց պատվիրել, որպեսզի գրեն դիպլոմային աշխատանքս։ 35000 դրամ պահանջեցին աշխատանքը կատարելու համար։ Մեկ շաբաթում աշխատեցի գումարը։ Արդեն մեկ ամիս անց աշխատանքս պատրաստ էր։ Մասնագիտությամբ չեմ աշխատում և չեմ էլ պատրաստվում նաև հետագայում աշխատել»։

ԵՊՀ նախկին ուսանողներից մեկն էլ նշեց․ «Իմ դիպլոմային աշխատանքի համար մեկ շաբաթ շարունակ սննդի առաքմամբ եմ զբաղվել»։ ԵՊՀ  ուսանողն այս քայլին է դիմել գումար հավաքելու համար, որպեսզի համապատասխան կազմակերպություններից մեկը շատ արագ գրի իր դիպլոմային աշխատանքը․ «Թեմաս շատ բարդ էր, վերնագիրն էլ չէի հասկանում, իսկ ղեկավարիս մի քանի անգամ էի տեսել։ Մի քանի անգամ փորձել եմ համացանցով օգտակար հետազոտություններ և նյութեր գտնել, բայց այդ ամենը հավաքել մեկ հարկի տակ չէի կարողանում։ Ֆեյսբուքում տեսա հայտարարությունը, որ կարճ ժամանակահատվածում կարող են գրել դիպլոմային աշխատանքս․ դիմեցի և 10 օր անց այն ներկայացրի ղեկավարիս։ Ստորագրեց, ինքն էլ լավ հասկացել էր, որ ես չեմ գրել․․․ Պաշտպանեցի, ստացա դիպլոմս, հիմա նույն սննդի առաքման կետում եմ աշխատում»։

Սա ընդամենը երկու ուսանողի պատմություն է, որոնք դիմել են կազմակերպությունների՝ գումարի դիմաց դիպլոմային աշխատանք գրելու համար։ Նման տասնյակ ուսանողներ կան։ Այս մասին կարելի է կռահել այսպիսի կազմակերպությունների՝ անընդհատ աճող թվից, որոնք ունեն իրենց անհատական կայքէջերը, սոցիալական էջերը Facebook, Instagram հարթակներում, տելեգրամյան ալիքները և այլն։

Դիպլոմային աշխատանք գրելը պարտադիր է։ Ցանկացած բարձրագույն ուսումնական հաստատությունում և ցանկացած ուսանողի համար․ բացառություններ չկան։ Իսկ որքանո՞վ է պարտադիր, որ այդ դիպլոմային աշխատանքը գրվի հենց տվյալ ուսանողի կողմից։ Համացանցում տեղ գտած դիպլոմային աշխատանք գրելու առաջարկները փաստում են, որ ոչ՝ պարտադիր չէ։ Հաճախ կարելի է կարդալ այսպիսի հայտարարություններ․ «Եթե չես հասցնում, մենք քո փոխարեն կհասցնենք…  Շատ կարճ ժամանակում մենք կօգնենք քեզ… Մեզ համար կարևորը որակն է…»։

Վստահություն ներշնչող և գրավիչ այսպիսի առաջարկները սոցիալական ցանցերում շատ են։ Այս հայտարարությունների միջոցով ոչ թե վաճառվում են ինչ-որ կենցաղային իրեր, այլ հենց դիպլոմային աշխատանքներ՝ պատրաստի և կարճ ժամանակահատվածում։

Այն ուսանողները, որոնք չեն հասցնում, չեն կարողանում և կամ պարզապես չեն ցանկանում գրել իրենց ավարտական աշխատանքները, դիմում են պատվերով դիպլոմային աշխատանք գրողներին՝ այս դեպքում արդեն սահմանված գումարի դիմաց։ Կարճ ասած՝ ես քեզ գումար, դու ինձ դիպլոմային աշխատանք։

Նախ և առաջ՝ անվճար խորհրդատվություն, սիրալիր վերաբերմունք և հետևողական կապ, որպեսզի ձեռք բերեն ուսանողի վստահությունը։

Իրենց բառերով՝ երաշխավորում են բարձր որակ։ Նշում՝ «համոզվելու համար կարող եք պատվիրել համապատասխան աշխատանքը, ստանալ և ուսումնասիրել պատվիրված աշխատանքի որոշակի հատված, այնուհետև ստանալ ամբողջական աշխատանքը»․ Kursayin.am կայքում հենց այսպես էլ գրված է։ Կազմակերպությունը, ինչպես նշված է կայքում, ունի 12 տարվա աշխատանքային փորձ, համալրված է փորձառու մասնագետներով։ Այստեղ, իհարկե, ոչ թե քննարկվելու է այն հարցը, թե արդյոք մատուցած ծառայության որակը բա՞րձր է, և արդյոք աշխատո՞ւմ են փորձառու մասնագետներ, այլ ինչքանո՞վ է մատուցված ծառայությունը արդարացի հենց այդ ուսանողի, իր ղեկավարի, և այն հանձնաժողովի նկատմամբ, որոնք պիտի այդ աշխատանքը համարեն ուսանողինը, գնահատեն և վերջում շնորհեն ավարտական դիպլոմ, որն էլ կփաստի, որ այդ ուսանողը ավարտել է տվյալ ֆակուլտետը և ավարտական կուրսում պաշտպանել իր դիպլոմային աշխատանքը։

Նման կազմակերպությունների միայն  թվից կարելի է եզրակացնել, որ ուսանողների մի հոծ բազմություն է դիմում նրանց։ Այս դեպքում նաև առաջարկն է ձևավորում է պահանջարկ։

Որոշ ճշտումներ կատարելու համար Kursayin.am կայքում հարցում արեցինք պատրաստի թեմայի վերաբերյալ։ Հետադարձ կապը ստացվեց շատ արագ, մեզ պատասխանեցին Viber հավելվածով, պատասխանեցինք, որ մի փոքր ուշ կկապվենք, որից հետո մենք չզանգահարեցինք։ Գրեցին ևս մեկ անգամ՝ պատասխան չստանալով, որոշեցին զանգահարել։ Ստացվում է, որ եթե անգամ ուսանողը միայն  հարցում է անում, ապա սկսվում է կազմակերպության կողմից ակտիվ հետադարձ կապի ապահովում։

Կազմակերպության աշխատակցուհին մեզ ասաց, որ աշխատանքը կարող են կատարել փուլ առ փուլ․ «Այնպես կանենք, որ ձեր ղեկավարը չհասկանա, որ աշխատանքը ձեր կողմից չէ արված։ Մաս առ մաս կներկայացնեք գլուխները, համապատասխան շտկումները ևս կանենք, որոնք կստանաք ձեր ղեկավարից»։

Մեզ հետ զրուցած ուսանողներից մեկը, ով դիմել էր այս կազմակերպությանը, նշեց, որ սպասարկումը հիանալի է եղել։ «Շատ սիրալիր էին, անընդհատ կապի մեջ էին ինձ հետ, հստակ ժամկետներում կատարեցին իրենց աշխատանքը»։ Ստացվում է որ նման կազմակերպությունների հաջողության բանալին  հստակ ժամկետների մեջ իրենց աշխատանքը կատարելն է։

Ի՞նչ են այս մասին մտածում համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմը, հանձնաժողովների անդամները։ Արդյոք գործո՞ւմ է  որևէ իրավական կարգավորում, որը կկանխի, կնվազեցնի նման կազմակերպությունների մատուցած ծառայությունների գործունեությունը։

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Նոր մեդիայի և հաղորդակցության» ամբիոնի վարիչ, դասախոս Դավիթ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նույնիսկ 15-20 տարի առաջ էլ այս խնդիրը եղել է․ «Այն ժամանակ, երբ դեռ համացանցը առանձնապես զարգացած չէր, միևնույն է, կային մարդիկ, որոնք գրում էին դիպլոմային աշխատանքներ։ Հայտարարությունները փակցված էին լինում համալսարանների պատերին։ Համացանցը էլ ավելի հեշտացրեց նման մարդկանց գործունեությունը»։

Հարցին՝ ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ աշխատանքն ուսանողի կողմից է կատարված, ամբիոնի վարիչը պատասխանեց, որ կան մի քանի տարբերակներ, որոնք օգնում են հասկանալ՝ արդյոք ուսանողը ինքնուրույնություն ցուցաբերե՞լ է իր ակադեմիական աշխատանքում․ «Նախ փոխում ենք մեր ավարտական աշխատանքների թեմաները պարբերաբար՝ մանավանդ գործնական հատվածը, որտեղ էլ պիտի նկատելի դառնա ուսանողի ինքնուրույնությունը։ Այն ուսանողները, որոնք տարիների ընթացքում աշխատում են, իրենք որոշակի ձեռագիր են ստեղծում, և դա նկատելի է դառնում նաև դիպլոմային աշխատանքում։ Խնդիրը վերաբերվում է այն ուսանողներին, որոնք չեն աշխատել նախորդող տարիներին, և մենք մեծ հաշվով ծանոթ չենք այդ ուսանողների գրելու ունակություններին։ Բարոյական տեսանկյունից սա խիստ դատապարտելի երևույթ է և ինքնախաբեություն։ Կարծում եմ՝ խնդիրը կհասնի նվազագույնին, երբ իրավական կարգավորումներով կփորձեն հարցին լուծում տալ, սակայն այսքան տարիների ընթացքում կարծես թե «սայլը տեղից չի շարժվում»։

Կրթության փորձագետ Արա Աթայանն ասաց՝ խնդիրը բացառելու համար օրենսդրական կարգավորումներ հարկավոր չեն, հարկավոր է փոխել համալսարանների մոտեցումները ուսանողների նկատմամբ․ «Եթե այսօր մարդը կրթություն ստանալու համար պետք է լինի ավելի հարուստ, քան մեկ ուրիշը, ապա սա կարող է ծնել մի շարք խնդիրներ, որոնցից մեկն էլ գումարի դիմաց դիպլոմային աշխատանք պատվիրելն է։ Այստեղ օրենսդրական բացերը չեն խնդիր առաջացնում, որովհետև նման դեպքերը բացահայտելն անհնար է, այլ պետք է փոխել ուսանողի նկատմամբ ունեցած պահանջը ավարտական աշխատանք գրելիս։ Շեշտը պետք է դրվի ստեղծագործական և գործնական  մասի վրա։ Քանի դեռ կա այն մթնոլորտը, որ ուսանողը պետք է չորս տարի սովորի գումարի դիմաց, ապա զարմանալու չէ այն, որ գումարի դիմաց այսօր ուսանողները պատվիրում են գրել իրենց դիպլոմային աշխատանքները»։

Ոլորտը իրավական կարգավորումների տեսանկյունից ամբողջությամբ բաց չէ։ Փաստաբան Կարեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում խոսեց հենց այդ ոլորտում գործող իրավական կարգավորումների մասին․ «Մեկ այլ անձի կողմից մյուսի ինքնուրույն աշխատանք կատարելու նկատմամբ վերահսկում իրականացնելը և վարչարարությունը շատ դժվար է լինելու և ինչ-որ տեղերում նաև աննպատակահարմար։ Պետությունը չի կարող իր ռեսուրսները կենտրոնացնել այնտեղ, որտեղ կա աննպատակահարմարություն,  կարծում եմ»։

Փաստաբանը, սակայն, նշեց, որ դաշտն ամբողջովին բաց չէ, իրավական կարգավորումներ կա՛ն և դրանք արվել են 2019 թվականին․ «2019 թվականին  ՀՀ օրենսդիր մարմինը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում և  «Գովազդի մասին»  ՀՀ օրենքում  կատարվեց որոշակի փոփոխություններ։ Ըստ այդ փոփոխությունների՝ պատասխանատվություն նախատեսվեց կրթական, գիտական և հետազոտական ծրագրերի շրջանակներում սովորողի կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները, հետազոտությունները և այլ գործնական աշխատանքները կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդի համար, որը կարող է առաջացնել տուգանքի նշանակում ՝մինչև նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։

Սակայն միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ որևէ պատասխանատվություն՝ գործող իրավակարգավորումներով սահմանված չէ այլ անձանց կողմից սովորողի համար ինքնուրույն կատարման ենթական աշխատանք պատրաստելու համար։ Այս ամենի հիմքում ամենայն հավանականությամբ ընկած է այն կանխավարկածը, որ պետությունը այս առումով գործնականում չի կարող տիրապետել վերահսկողության արդյունավետ միջոցների։ Այստեղ խնդիրը շոշափելի առնչություն ունի նաև սովորողի կողմից  ակադեմիական բարեվարքության կանոնների պահպանման անհրաժեշտության հետ, քանի որ դրանց խախտումը առերևույթ կարող է պարունակել գրագողության տարրեր»։

Ակադեմիական աշխատանքների գնացուցակը սկսվում է 1500 դրամից՝ պայմանավորված էջերի քանակով և աշխատանքի բարդությունով։ Գնացուցակում ամենաթանկը մագիստրոսական թեզերն են։ Diplomayin.am կայքում այդ աշխատանքները սկսվում են 30 հազար դրամից։ Իսկ 4-5 էջանոց անհատական ռեֆերատները այս կայքում  կարելի է պատվիրել 1500-2000 դրամով։

Գումարի դիմաց հագուստ, սնունդ, հանգիստ, մեքենա և կամ տուն։ Այս դեպքում նաև գումարի դիմաց ավարտական աշխատանք և երկար սպասված դիպլոմ՝ հավաստումն այն բանի, որ այդ ուսանողը պաշտպանեց իր դիպլոմային աշխատանքը։ Ծափահարություններն ու գովեստի խոսքերն էլ կարող են վայելել, նրանք, ովքեր գրեցին այդ ինքնուրույն աշխատանքը՝ «ոչ ինքնուրույն» տարբերակով։

Անահիտ ՂԱԶԱՐՅԱՆ

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

4-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829