Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեղեցին, երբ քննադատում է պաշտոնյաներին, նա հայրաբար խրատ է տալիս․ օրինակ՝ վարչապետը սիրում է իրեն նույնացնել Պապ թագավորի հետ, որին հոգեւորականները խրատել են իր պղծությունների համար»․ Արա Զոհրաբյան

Փետրվար 24,2024 18:15

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այսօր մարդաշատ էր․ բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել էին եկեղեցու բակում ՝ ի աջակցություն Վեհափառի։

«Վարդանանք» շարժումն այսօր Մայր Աթոռում բողոքի ցույց էր նախատեսել՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջով։ Էջմիածնի քաղաքապետարանը այդ ցույցն արտոնել էր, հետո մերժել։ Որպես այս ցույցին հակազդեցություն՝ փաստաբան Արա Զոհրաբյանի կոչով բազմաթիվ քաղաքացիներ Մայր Աթոռի բակում էին։

Էջմիածնի ավագանու «Էջմիածին» խմբակցությունը եւս կոչ էր արել քաղաքացիներին հավաքվել Մայր Աթոռի բակում՝ ի աջակցություն Վեհափառի։

Ավագանու «Էջմիածին» խմբակցության  անդամ Սեւակ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց նախաձեռնության նպատակն է ցույց տալ բոլորին, որ ովքեր ոտնձգություններ են անում հայոց եկեղեցու եւ Վեհափառի դեմ, բարձրաստիճան եկեղեցականների դեմ, որ նրանք չեն կարողանալու հաջողության հասնել, ինչպես նաեւ ցույց տալ, որ ընդդեմ եկեղեցու այդ ցույցերն ուղղորդվում են իշխանության կողմից․ «Հայաստանում չկա մի կառույց, որտեղ իշխանության ձեռքը չի հասել, ու չի փորձել ուղղորդել այդ կառույցներին իրենց արժեքներով։ Եկեղեցին միակ կառույցն է, որտեղ իշխանության ձեռքը չի հասնում»։

Մանրամասն՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Այսօր ի զորակցություն Վեհափառի հավաքին էին մասնակցում նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ։ Նրանցից Լեւոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ընդդեմ Վեհափառի այդ ցույցերի նպատակը մարդկանց շեղելն է երկրում առկա պայթունավտանգ իրավիճակից։

«Այն ոլորտներում, որտեղ իշխանությունն ազդեցություն չունի, փորձում է քանդել այն, ինչ իրենց համար խոչընդոտ կարող է լինել, հակառակ խոսք հնչել, այդ ամենը փորձում են քանդել եւ այդ տեղերում փորձում են ունենալ իշխանամետ մարդ։ Նույնը եկեղեցու դեպքում է, փորձում են թուլացնել եկեղեցին»,-ասաց Քոչարյանը։

Լրագրողի դիտարկմանը՝ իշխանությունը հայտարարել է, որ եկեղեցին իր հոգեւոր առաջնորդողի դերը կորցրել է այն պահից, երբ քաղաքականացվել է եւ փորձել է քաղաքական հայտարարություններ անել, Քոչարյանը պատասխանեց՝ այսօր շատ ոլորտներում մի հատ բոբո են մտցրել քաղաքականության հանդեպ, օրինակ՝ արվեստի, մարզական ոլորտներում, ասում են՝ այ, հանկարծ քաղաքականությամբ չզբաղվեք, դա վատ  բան է․ «Բայց եթե խոսում են անվտանգությունից, Արցախից, պատմական իրավունքներից, այս ամենի մասին է եկեղեցին խոսում։ Ի՞նչ անել, չխոսե՞լ, եթե իշխանությունն է խոչընդոտը այս ամենի»։

Մանրամասն՝ տեսանյութում

«Հայաստան» խմբակցությունից Գառնիկ Դանիելյանն էլ հիշեցրեց՝ դեռ 2018 թվականի իշխանափոխությունից հետո մեծ արշավ սկսվեց եկեղեցու դեմ՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ»  նախաձեռնություն ձեւավորվեց եւ իշխանամետ շրջանակները տարբեր տեսակի ցույցեր էին անում, եւ իրենց գործունեության առանցքը եկեղեցին էր․ «Փորձում էին  վարկաբեկել հոգեւոր առաջնորդին եւ եկեղեցին, եւ ինչ վերաբերում էր ազգայինին, մեր արժեհամակարգին, արժեքներին, այդ ամբողջի նկատմամբ մեծ քարոզչություն էր գնում։ «Այս ընթացքում որեւէ իշխանականի պատարագի ժամանակ տեսած կա՞ք։ Իրենց ամբողջ գործունեությունը հակապետական է, հակազգային է, հակաեկեղեցական է»։

Եկեղեցին միշտ կարեւոր դեր է ստանձնել պետության կայացման գործում, մեր եկեղեցին նաեւ պետության հենասյուներից մեկն է, եկեղեցին չի կարող այս կամ այն թեմայի շուրջ կարծիք չհայտնել, եկեղեցին մեր հանրության մի մասն է, հոգեւորականները, Վեհափառը մտահոգ են երկրի համար, Արցախի համար, եթե պաշտոնյան հակահայ հայտարարություն է անում, ասում է՝ Արցախը Ադրբեջան է, եկեղեցին պետք է անմա՞սն մնա․ «Հակառակը, եկեղեցին  պետք է ավելի մեծ դեր ստանձնի, որովհետեւ մենք սովորական իրավիճակում չենք, վաղը թշնամին պատրաստվում է հարձակման։ Այս պարագայում, եթե եկեղեցին իր գնահատականը չտա, ե՞րբ  պետք է տա»։

Մանրամասն՝ տեսանյութում

Փաստաբանների պալատի անդամ Արա Զոհրաբյանն էլ եկել էր Մայր Աթոռ՝ ի աջակցություն եկեղեցու։

Նա մեզ հետ զրույցում ասաց, որ Կաթողիկոսի հրաժարականի նման պահանջ չի կարող ձեւավորվել ո՛չ քաղաքացիական նախաձեռնությամբ, ո՛չ էլ պետական մարմիների նախաձեռնությամբ․ «Կաթողիկոսը օծված, ընտրված, բարձրաստիճան հոգեւորական է, եւ միայն ագզային եկեղեցական ժողովն ունի իրավասություն նման հարցերի։ Մենք դարերով պետականություն չենք ունեցել, օտար պետություններ փորձել են Կաթողիկոսներին ճնշել, բայց եկեղեցու ինքնակառավարման համակարգն այնպիսին է եղել, որ միշտ պաշտպանված է եղել։ Այսօր էլ պաշտպանված է»։

Զոհրաբյանն ասաց, որ այսօր մարդիկ իր կոչով չեն եկել, ինքը որպես շարքային քրիստոնյա իր մտահոգությունն է հնչեցրել, իր ընկերները տեղեկացել են, որ այսօր հավաքվում են, եւ իր խոսքով՝ ասած՝ ուխտավորաբար գալու են Մայր Աթոռ, մարդիկ ինքնաբուխ եկել են։

«Այստեղ քաղաքական, անձնապաշտական որեւէ բան չի կարող լինել, սա այն հարթակն է, որտեղ մենք մեր սեփական անձը պետք է մի կողմ դնենք։ Այդ գործընթացները, որոնք կազմակերպվում են եկեղեցու դեմ, հաջողություն չեն ունենալու, որովհետեւ եկեղեցին ամենաամուր հաստատությունն է»,-ասաց Զոհրաբյանը։

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ Վեհափառի հրաժարականը պահանջող մարդիկ դժգոհ են եկեղեցուց, դրա համար են պահանջում հրաժարական, բարեփոխում են պահանջում, Զոհրաբյանը պատասխանեց՝ այդ մարդիկ ուղղորդված են․ «2018 թվականից եկեղեցու նկատմամբ կար ուղղորդում։ Եկեղեցուն թիրախավորում են, որովհետեւ միակ ազգային ինստիտուտն է, որը պաշտպանն է մեր ինքնության»։

Մեր դիտարկմանը՝ իշխանությունը կարծես փորձում է այնպես անել, որ եկեղեցին չխառնի պետական եւ քաղաքական գործերին, սակայն կան հոգեւորականներ, որոնք քաղաքական հայտարարություններ են անում, նաեւ վարչապետի հրաժարական պահանջում, եւ ի վերջո սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից, նա պատասխանեց․ «Պետությունն անջատ է եկեղեցուց, եկեղեցին անջատ է պետությունից, դա Սահմանադրությամբ է այդպես, եւ այդպես է փաստացի։  Եկեղեցին, երբ քննադատում է պաշտոնատար անձանց, հայրաբար խրատ է տալիս, դա ընդունված է։ Հոգեւոր առաջնորդները խրատել են թագավորներին իրեն պղծությունների համար։ Օրինակ՝ Պապ թագավորը, վարչապետը շատ է սիրում իրեն նույնացնել Պապ թագավորի հետ, հոգեւորականները միշտ Պապ թագավորին խրատել են իր մեղքերի, պղծությունների համար։ Եկեղեցու դերը դրա մեջ է։ Եթե եկեղեցին  տեսնում է, որ անվտանգային հարցերում իշխանությունը պատշաճ չի իրականացնում գործառույթները, հրաժարվում է Արցախից, հրաժարվում է սահմանին գտնվող հայ մարդուց, ասի՝ ես  քաղաքականությամբ չեմ զբաղվում ու չխառնվի՞»։

Զոհրաբյանի կարծիքով՝ եկեղեցականը չի ձգտում  իշխանություն ունենալ, այլ բան է, հայրական խստությամբ խրատում է․ «Դրա քիչ  լինելն է, որ մենք այս օրին ենք հասել»։

Մանրամասն՝ տեսանյութում

Այսօր Էջմիածին քաղաքում ի աջակցություն եկեղեցու հավաք էին անում նաեւ  Դոն Պիպոյի «Հայ խաչակիրների ազատագրական շարժման» անդամները։ Նրանք իրենց դրոշներով շրջեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում, ինչը զայրացրեց «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ Գաբրիել Ջեմբերջյանին, որը «խաչակիրներին» բավականին վրդովված հորդորեց դուրս գալ եկեղեցու բակից, դրոշներով չշրջել այդտեղ։ Գաբրիել Ջեմբերջյանի եւ «խաչակիրների» միջեւ ընդհարում տեղի ունեցավ, սակայն կարճ ժամանակ անց կրքերը հանդարտվեցին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829