«Երբ հնչեցրի Ղազանչեցոցի զանգերը, միայն մի բանի մասին էի մտածում՝ երբ պիտի ավարտվի պատերազմը, որ մենք նորից հետ գանք, հիմա էլ եմ այս ամենի մասին երազում ու հավատում, որ մենք նորից գնալու ենք Շուշի»,- մեզ հետ զրույցում ասաց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում հոգևոր ծառայություն մատուցած Հարութ Բաբալյանը։ Եկեղեցու ներսում է անցել Հարութ Բաբալյանի մանկությունը:
Հոգևոր կյանքն Արցախում դեռևս առաջին դարից մինչև մեր օրեր՝ 21-րդ դար, անցել և անցնում է դժվար փորձություններով։ Պատմական վկայություններն այն մասին են, որ գրեթե բոլոր ժամանակներում Արցախ աշխարհն էլ կռվել և պաշտպանվել է, պահպանել է իր ինքնիշխանությունը,և անգամ այնտեղ, որտեղ չենք ունեցել աշխարհիկ իշխանությունը, հոգևորը փոխարինել է։ 1988թ․ Արցախյան շարժումը նոր շունչ տվեց նաև տեղի հոգևոր կյանքին։ Նույն տարում վերականգնվեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմը։ Ստեղծման կոնդակը ստորագրեց Ամենայն Հայոց Վազգեն Ա կաթողիկոսը։ Վերականգնված թեմի առաջնորդ նշանակվեց Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանը։ Գանձասարի վանքը սկսեց գործել։ Այստեղ 1989-ին՝ երկարատև ընդմիջումից հետո, մատուցվեց կիրակնօրյա պատարագ։
1992 թվականին ազատագրվեց Շուշին։ Ղազանչեցոցում մատուցվեց առաջին պատարագը՝ հանպատրաստից, որից հետո Պարգև եպիսկոպոսի կողմից եկեղեցուց դուրս բերվեց առաջին արկը։ Հաջորդ առավոտ կրակոցների ձայներն ավետեցին Շուշիի՝ որպես հոգևոր քաղաք դառնալու ազատագրումը։ Այդ օրվանից ի վեր կրակոցների ձայներին փոխարինեցին Սուրբ Ղազանչեցոցի ղողանջների ձայներին՝ որպես բարի ավետիս Շուշիում և Արցախում ապրող հայերի համար։
Ղազանչեցոցի ղողանջները աղմկել են միշտ։ Խաղաղ օրերին զանգերի ձայնը արարելու, ապրելու մասին է եղել, պատերազմի օրերին՝ ավելի շատ ապրելու և արարելու մասին․․․
Կարդացեք նաև
2020 թ․ Արցախյան 44-օրյա պատերազմում Ղազանչեցոցը թշնամու կիզակետում է եղել։ Ղազանչեցոցում պատերազմական հանցագործություն կատարվեց։
Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինուժը երկու անգամ հրետակոծեց եկեղեցին: HUMAN RIGHTS WATCH-ը սա համարեց պատերազմական հանցագործություն:
Եկեղեցին, որը 90-ականների պատերազմից հետո վերականգնվել էր, հրթիռակոծությունից լուրջ վնասներ կրեց։ Եկեղեցու ապաստարանում են գտնվել երեխաներ և կանայք, որոնք, բարեբախտաբար, չեն տուժել:
Սակայն Ղազանչեցոցը զանգերը դարձյալ ղողանջում էին…
2020 թվականին հոկտեմբերի 8-ին Ղազանչեցոցի հրթիռակոծությունը չստիպեց, որ վանքի զանգերը լռեն: Եկեղեցում հոգևոր ծառայություն մատուցող Հարութ Բաբալյանը հնչեցրեց վանքի զանգերը` հավատալով, որ մի օր նորից իրենց տան պատուհանից երևալու է Ղազանչեցոցը։
Մեզ հետ զրույցում Հարութ Բաբալյանը պատմեց՝ ինչ է զգացել, ինչ ցանկություններ է ունեցել, երբ հրետակոծությունից հետո հնչեցրել է Ղազանչեցոցի զանգերը։
Նա 4 տարեկանից հոգևոր ծառայության է անցել Ղազանչեցոցում: Պատերազմը Հարութից խլեց ամենաթանկը, որի հանգստությունն էլ ոչ մի տեղ չի կարողանում գտնել: Մեզ հետ զրույցում հոգևոր սպասավորը պատմեց․ «Երբ հոգևորի նկատմամբ սերդ մեծ է, կորցնելուց հետո ցավդ կրկնապատկվում է, և միայն այդ ժամանակ ես հասկանում, որ ամեն ինչ եղած պահին է պետք գնահատել ու սիրել»։ Պատերազմից հետո Հարութը հոգևոր սպասավոր է եղել Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում, մեզ հետ զրույցում նշեց, որ այդպես փորձել է օգնել տեղի քահանաներին․ «Նույն հոգևոր սպասավորն եմ (2021թ․), բայց․․․Աստված թող ինձ ների, Աստծո տունը մնում է Աստծո տուն, Ղազանչեցոցը ոչ մի տեղ չկա, այնտեղի կամարների տակ զգացածը ոչ մի տեղ չես գտնի, Ղազանչեցոցը ուրիշ էր»։
2024 թվականի հունվարի մեկից լուծարվեցին Արցախի բոլոր պետական հաստատությունները։ Դե ֆակտո սկսեց չգործել նաև Արցախի թեմը։ Դե յուրե թեմը կա, այս մասին մեզ հայտնեց թեմի նախկին քարտուղար Դավիթ Փաշայանը։ Մնացել է միայն թեմակալ առաջնորդի հաստիքը, որը զբաղեցնում է Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, իսկ մնացած հոգևորականներին վերաբաշխել են հայաստանյան և ռուսաստանյան թեմերում։
Արցախում հոգևոր սպասավորությամբ զբաղվողներից ոմանք Հայաստանում դարձյալ կատարում են նույն աշխատանքը։ Մեզ հետ զրույցում այդ մասին փաստեց նաև Հարութ Բաբալյանը․ «Մայր Հայաստանում որոշեցի շարունակել հոգևոր ծառայությունը։ Սկզբում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էի ապրում և այնտեղ էլ զբաղվում հոգևոր ծառայությամբ, բայց արդեն ոչ հաճախակի, քանի որ աշխատանքս թույլ չէր տալիս։ Կենտրոն վարչական շրջան տեղափոխվելուց հետո Սուրբ Սարգիս եկեղեցում նույնպես զբաղվել եմ սարկավագությամբ։ Հիմա աշխատանքս թույլ չի տալիս շատ ժամանակ հատկացնեմ և մասնակցեմ պատարագներին։ Հնարավորության դեպքում անպայման այցելում եմ, քանի որ հոգևոր ծառայությամբ զբաղվելը իմ կյանքի մի մասն է եղել ու կմնա»։
Անահիտ ՂԱԶԱՐՅԱՆ
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
4-րդ կուրս
Հարութ Բաբալյանի լուսանկարը՝ Էդգար Քամալյանի