Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Արևելյան Ամերիկայի թեմը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է 1988-ի փետրվարի 27-ից մարտի 1-ը Սումգայիթում կատարված ոճրագործություններին:
Շեշտելով, որ Խորհրդային Ադրբեջանում հայերի դեմ մղված ջարդերը եղել են պետության և ոստիկանության կողմից հովանավորված, և որ Ադրբեջանի ողջ հայ բնակչությունը վայրագություններից խուսափելու համար լքել է երկիրը, գրառման մեջ ասվում է.
«Սումգայիթի, ինչպես նաև Բաքվի, Կիրովաբադի և հենց Արցախի ավելի լայն ողբերգությունը 36 տարի անց էլ շարունակվում է և ցավ է պատճառում մեր ժողովրդին: Մենք բոլորս վկաներն ենք այն իրադարձությունների դառը գագաթնակետին, որը այսօր կրում է Արցախի և Հայաստանի մեր ժողովուրդը»:
Թեմից տեղեկացնում են, որ գալիք կիրակի հայկական շատ եկեղեցիներում ոգեկոչման աղոթք կկատարվի հակահայկական գործողությունների արդյունքում իրենց կյանքը կորցրածների հոգիների համար:
Կարդացեք նաև
«Առաջիկա օրերին հիշե՛ք նրանց, ովքեր զոհվեցին 1988-ին, և հիշե՛ք բոլոր նրանց, որոնք կորցրել են իրենց կյանքը մեր ժողովրդի շարունակական պայքարում։ Վերջապես, երախտագիտության աղոթք հնչեցրեք նրանց համար, որոնց Աստված փրկեց՝ 36 տարի առաջ և մինչև մեր օրեր», – նշվում է հրապարակման մեջ:
Սումգայիթի ջարդերը ադրբեջանական իշխանությունների և ադրբեջանցի ավազակախմբերի կողմից իրագործվեցին փետրվարի վերջին օրերին, նպատակը՝ սպանել, տեղահանել, վնասել ազգությամբ հայերին: Դրանից ընդամենը օրեր առաջ՝ փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի մարզխորհուրդը որոշում էր կայացրել Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու՝ հայ ժողովրդի իղձերն իրականացնելու մասին, որն ազդարարեց Արցախյան շարժման սկիզբը: Այս շարժումը հետագայում հիմք հանդիսացավ հայկական անկախ պետականության վերստեղծման համար:
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ