Պաշտոնական այցով Երեւան ժամանած Ֆրանսիայի ԶՈՒ նախարար Սեբաստիեն Լըկորնյունին եւ Սուրեն Պապիկյանը նախ առանձնազրույց ունեցան, ապա՝ համատեղ ասուլիս։ «Հայաստանը Ֆրանսիայից ձեռք բերեց պաշտպանական նշանակության զինտեխնիկայի առաջին խմբաքանակը»,- հայտարարեց հյուրը։ Ֆրանսիական աղբյուրների հաղորդմամբ՝ դրանք մինչեւ 250 կմ հեռավորության վրա ինքնաթիռներ հայտնաբերող 3 ռադար են, գիշերային տեսողության հեռադիտակներ։
Փորձագետ Մհեր Հակոբյանն անտեղի է համարում շահարկումները, թե Ֆրանսիայից ստացած զենքը պաշտպանողական է, մինչդեռ Հայաստանը կարիք ունի հարձակվողական զենքի։ Նրա խոսքով՝ անգամ ՀՕՊ համակարգը լայն ասպեկտով հարձակվողական է, քանի որ մեծացնում է այն ունեցող պետության պաշտպանությունը եւ հնարավորություն է տալիս նաեւ հարձակվելու։
«Անգամ առերեւույթ ամենապաշտպանական «զենքը»՝ զրահաբաճկոնը, հարձակվողական է, քանի որ դու այն կրելով կարող ես մեծացնել քո հարվածային հնարավորությունները։ Պարզ օրինակ բերեմ․ եթե ես եւ Դուք կռվենք, եւ իմ հագին լինի զրահաբաճկոն, ես ավելի պաշտպանված լինեմ, քան Դուք, այդ դեպքում իմ հարձակվելու հնարավորությունները կմեծանան։ Երբ մի կողմը ձեռք է բերում ՀՕՊ համակարգեր, ապա դա մեծացնում է պատերազմի հնարավորությունը։ Ցանկացած զենք, որը մեծացնում է սուբյեկտի հարվածային հնարավորությունները, արդեն հարձակվողական զենք է։ Այս իմաստով դրական եմ գնահատում Ֆրանսիայի հետ ձեռք բերված համագործակցությունը»:
Անդրադառնալով հնարավոր պատերազմին, վերլուծաբանը շեշտեց՝ Հայաստանը ոչ թե պատերազմի շեմին է, այլ՝ պատերազմի մեջ։ «Ես 2020թ․ նոյեմբերի 10-ից ասել եմ, որ պատերազմը չի ավարտվել, մարդկանց թվում էր, թե Արցախի կորստով այն կավարտվի։ Մեծ քար այն մարդկանց բոստանը, որոնք սրբապղծորեն, անբարոյական ձեւով ասում էին՝ Արցախը տանք, հանգիստ ապրենք։ Դա նման է նրան, որ գան ընտանիքին սպանելու, ընտանիքի հայրն ասի՝ մի երեխային տանք, հանգիստ ապրենք։ 2024թ․ փետրվարի 23-ին՝ 4 տարի անց, կյանքը ցույց տվեց, որ պատերազմը չի ավարտվել»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Փորձագետը նկատում է. «Ցանկացած զենք իր իրական մկրտությունը ստանում է միայն պատերազմի դաշտում։ Ուկրաինական պատերազմում շատ զենքեր մինչեւ մարտադաշտ տանելը համարվում էին սուպերմահաբեր, պատերազմի ընթացքում վարկաբեկվեցին… Եթե նախկինում Ադրբեջանը խոսում էր միայն Արցախի նկատմամբ ունեցած հավակնություններից, ապա այժմ ադրբեջանական քարոզիչները սահմանն անվանում են հայ-ադրբեջանական պայմանական սահման։ Լավ են անում, որովհետեւ 2020-ին մարդիկ իրենց կռիվը մինչեւ վերջ չտարան, իսկ 2021-ին էլ այնպիսի իշխանություններ բերեցին, որոնք մեզ հասցրին էս վիճակին։ Պահանջները մեծանալու են, ստիպում են՝ սահմանադրություն փոխենք, ասելու են՝ պատմության դասագրքերը փոխեք, տղերքի անունն Անդրանիկ մի դրեք»։
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում