Նախօրեին France 24-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները փորձագետներն արդեն իսկ հասցրել են գնահատել մեկը մյուսից սադրիչ, վտանգավոր և անպատասխանատու: Եթե մի քանի հիմնական կետերը առանձնացնենք՝ բաց թողնելով «ջուրը», ապա Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է.
ա) Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) այս պահին «սառեցված» է,
բ) «2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ և հոկտեմբերին Ռուսաստանի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչները ուղիղ կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին՝ դուրս գալ փողոցներ և տապալել Հայաստանի ընտրված, լեգիտիմ կառավարությունը»:
գ) «Մենք խնդիր ենք ունենում խաղաղության պայմանագրի մեջ արտահայտել այն երեք սկզբունքները, որ հայտարարված ու հրապարակված են միջազգային հարթակներում ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում: Վերլուծելով այս խնդիրներն ու պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները՝ գալիս ենք եզրակացության, որ, այո՛, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է»:
Կարդացեք նաև
Իսկ հիմա ավելի հանգամանորեն այս ամենը միասին դիտարկենք: Այն, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը վարում են ընդգծված հակառուսական քաղաքականություն, և որ իրենց թիրախային նպատակներից մեկը հայ-ռուսական հարաբերությունների խզումն է, քաղաքականությունից ու քաղաքագիտությունից հասկացողների համար ակնհայտ էր դեռ 2018-ին: Դատողունակ մարդկանց առավել լայն շերտերի համար դա պարզ դարձավ հաջորդող ընթացքում, իսկ հիմա արդեն ոչ մեկի համար, կարծում ենք, գաղտնիք չէ:
Ի դեպ, ՀԱՊԿ-ից շտապել էին մեկնաբանել Փաշինյանի արած հայտարարությունը՝ նշելով, որ ՀԱՊԿ քարտուղարությունը Փաշինյանի իշխանությունից ոչ մի դիմում չի ստացել՝ կազմակերպությունում ՀՀ անդամությունը «սառեցնելու» վերաբերյալ: Բայց դա ավելի շուտ «տեխնիկական» մանրուք է, քանի որ առավել քան ակնհայտ իրողություն է, որ Փաշինյանի կառավարությունը գործնականում ու արդեն բավականին վաղուց է «սառեցրել» Հայաստանի անդամությունը ՀԱՊԿ-ին, ինչը վերջին շրջանում դրսևորվել է բազմիցս՝ ՀԱՊԿ շրջանակներում զորավարժություններին մասնակցելուց ցուցադրաբար հրաժարվելու, նիստերին մասնակցելուց հրաժարվելու և դեմարշային այլ քայլերի տեսքով: Ավելին, հիշեցնենք, որ 2018-ին իշխանության գալուց և փողոցային փոշին «դուխով» գրությամբ գլխարկից թափ տալուց անմիջապես հետո Փաշինյանի առաջին գործողություններից մեկը եղավ այն, որ նպատակային վարկաբեկիչ քայլ արեց ՀԱՊԿ-ի դեմ՝ քրեական հետապնդում նախաձեռնելով այդ պահին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ:
Բայց հարցը սոսկ ՀԱՊԿ-ը չէ: Փաշինյանն ակնհայտորեն խնդիր ունի նաև Հայաստանը հանել ԵԱՏՄ-ից: Ի վերջո, Փաշինյանը այն գործիչն է, որը դեռ ընդդիմադիր պատգամավոր «աշխատելու» շրջանում նախաձեռնել էր Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու օրենսդրական գործընթաց: Այն, որ մինչև հիմա նա դեռ նման քայլի չի գնացել կամ նման հայտարարություններ չի արել, պայմանավորված է զուտ անձնական-խմբակային շահերով: Մասնավորապես, այս փուլում Հայաստանի կառավարությունը թե՛ քաղաքական, թե՛ նյութական դիվիդենտներ ունի, այսպես ասած, վերաարտահանումից: Դա ապահովում է ոչ միայն որոշակի եկամուտներ, այլև տնտեսական «աճող» ցուցանիշներ, որոնք շահարկվում են իշխանական քարոզչության կողմից՝ իշխանությունը պահելու նպատակադրմամբ:
Ինչ վերաբերում է Փաշինյանին ու նրա մերձավորներին, հարկավ, նաև իր իշխանության ներկայացուցիչներին, ապա նրանք միմյանց հերթ չեն տալիս՝ հակառուսական հայտարարություններ ու քայլեր անելու հարցում: Մեկը մյուսից ցուցադրական, ի դեպ: Էլ չենք խոսում այն մասին, որ սեփական արկածախնդիր «քաղաքականության» ծանր հետևանքների համար մեղքերը Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները շարունակաբար գցում են Ռուսաստանի վրա կամ «գրպանը», եթե կուզեք: Ի դեպ, նույն ՀԱՊԿ-ի մասին խոսքում Նիկոլ Փաշինյանը հատուկ շեշտադրում է անում այն հանգամանքին, որ ՀԱՊԿ-ում «գերակայում է Մոսկվան»:
Այնպես չէ, որ Ռուսաստանին ուղղված հարցեր չկան: Բայց մեր առաջին հարցերը Հայաստանի ղեկավարությանը պետք է ուղղված լինեն, քանզի նրանց վարած քաղաքականության հետևանք են նաև այդ հարցահարույց դրսևորումները:
Հիմա ամենակարևորը. ուրեմն, Նիկոլ Փաշինյանը «վերլուծելով» հանկարծ եկել է եզրակացության, որ՝ այո, Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա շատ հնարավոր է:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում