Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի նկատմամբ` ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան առնչությամբ։ Այս մասին հայտարարել է նախագահ Ջո Բայդենը` Սան Ֆրանցիսկոյում Նավալնիի կնոջ և աղջկա հետ հանդիպումից հետո։
Ալեքսեյ Նավալնիի այրու՝ Յուլիա Նավալնայայի և նրանց դստեր հետ հանդիպմանը նախագահ Ջո Բայդենը ռուսաստանցի գործչին անվանել է «արտասովոր քաջության տեր և կոռուպցիայի դեմ ու հանուն ազատ, ժողովրդավարական Ռուսաստանի համար պայքարող մարտիկ»։
Բրազիլիայում Մեծ քսանյակի անդամ-երկրների արտգործնախարարների հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է. «Նավալնին իսկապես հերոս է, բայց այն, որ (Ռուսաստանի նախագահ) Վլադիմիր Պուտինը կարևոր է համարել հետապնդել, թունավորել և բանտարկել մեկ մարդու, շատ բան է ասում ոչ թէ պուտինյան Ռուսաստանի ուժի, այլ թուլության մասին»:
Այս ամենին զուգահեռ՝ ամերիկա-ռուսական հարաբերություններում զարգանում է նոր պատմություն։ Օրերս ռուսաստանյան լրատվամիջոցները ցուցադրել են մի տեսանյութ, ուր պատկերված է ԱՄՆ ու Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող 33-ամյա կնոջ ձերբակալությունը։ Նրան մեղադրում են դավաճանության մեջ: Կալիֆոռնիայի բնակչուհին ամանորին այցելել էր իր ընտանիքին՝ Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաք։
Կարդացեք նաև
Ռուսաստանյան լրատվամիջոցները չեն բացահայտում կնոջ ինքնությունը, սակայն հայտնել են, որ նրան մեղադրում են Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու համար:
Ըստ որոշ հրապարակումների նրա անունը Քսենիա Կարելին-Խավանա է:
Ինստագրամյանի գրառմամբ՝ այդ կնոջ լոս անջելեսյան գործատուն հայտնել է, որ նրան մեղադրել են դավաճանության մեջ՝ ԱՄՆ-ում ուկրաինական բարեգործական հիմնադրամին ընդամենը 51 դոլար նվիրաբերելու համար:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում