54-ամյա Գայանե Ղ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերուհու պայուսակից նախապես վերցնելով նրա բնակարանի մուտքի դռան բանալին, 2023 թվականի հունվարի 28-ին բացել է դուռը եւ ապօրինի մուտք գործել բնակարան, գողացել է 1.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ շիշ ձեթ, որից հետո փակելով դուռը՝ հեռացել է: Երկրորդ դրվագով էլ փետրվարի 21-ին նույն ընկերուհու գրպանից վերցնելով տան բանալին, մտել է նրա բնակարան, հափշտակել մոտ 40 000 դրամի քաղցրավենիք, ապա փակելով բնակարանի դուռը՝ հեռացել է: Ըստ նախաքննությունն իրականացրած մարմնի, Գայանե Ղ-ին կ մեղսագրվել է հանցանքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը, եւ կիրառվել էր 500 000-ի չափով գրավ:
Դատարանը հաշվի առնելով «արարքի հանրային վտանգավորության բնույթը» դեկտեմբերի 5-ի դատավճռով, որպես վերջնական պատիժ նշանակել է 4 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկումը։ Դատարանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ Գայանե Ղ-ի նկատմամբ նշանակված ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել է փորձաշրջան 4 տարի ժամկետով։ Ուշագրավ մի հանգամանք. «Դատարանն իր համաձայնությունն է հայտնել պաշտպանի այն դիրքորոշմանը, որ չի կարող ուշադրության չարժանանալ այն հանգամանքը, որ մեղադրյալը երկու անգամ էլ տուժողների բնակարանից գողացել է սնունդ՝ մեկ շիշ ձեթ եւ քաղցրավենիք»։ Դատարանն արձանագրել է, որ մեղադրյալը կյանքի սոցիալական ծանր պայմաններով պայմանավորված է դիմել հանցավոր գործողության կատարման՝ տուժողների բնակարանից գողանալով սնունդ, որի արդյունքում պատճառված վնասը պատրաստակամ է եղել փոխհատուցել։ Նշվել է, որ կինն ունի մի շարք հիվանդություններ, որոնք նրւան զրկել են աշխատանքի հնարավորությունից:
Մեղադրող Խաչատրյանը դիմել է քրեական վերաքննիչ դատարան, պահանջելով բեկանել եւ փոփոխել Երեւան քաղաքի քրեական դատարանի (Աջափնյակ նստավայր) դատավճիռը պատժի մասով, պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 տարի 3 ամիս ժամկետով:
Քրեական վերաքննիչ դատարանում նախագահող դատավորն է Լուսինե Ալավերդյանը, բողոքի քննությունը նշանակվել է փետրվարի 27-ին:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.02.2024