Երեւանի օպերային թատրոնում շուրջ 160 տարի անց, կկայանա Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայի առաջնախաղը։ Այդ առիթով հյուրընկլվել էինք ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, չուխաճյանագետ եւ չուխաճյանասեր Աննա Ասատրյանին։ Մեր գործունեության ընթացքում սա առաջին դեպքն էր, երբ զրուցակիցը չսպասելով «նախաբանի», սկսեց եւ բառացիորեն մեկ շնչով խորությամբ ներկայացրեց թեման.
«2024 թվականի մարտի 22. պատմական օր ոչ միայն հայ, այլեւ մերձավորարեւելյան երաժշտական թատրոնի տարեգրության մեջ: Այդ օրը Երեւանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ բեմ կբարձրանա հայկական առաջին օպերան՝ հայ երաժշտության դասական, հայ երաժշտական թատրոնի հիմնադիր, հանճարեղ կոմպոզիտոր, շնորհաշատ դաշնակահար, տաղանդավոր դիրիժոր, վաստակաշատ մանկավարժ, եռանդուն երաժշտական-հասարակական գործիչ Տիգրան Չուխաճյանի (1837-1898) «Արշակ Բ» (1868) պատմառոմանտիկական օպերան, որն առաջինն է նաեւ ողջ Մերձավոր Արեւելքում:
«Արշակ Բ»-ը Տ.Չուխաճյանը գրել է թատերական գործիչ, դրամատուրգ, բանաստեղծ, թարգմանիչ, գեղագետ, ուսուցիչ ու գրական քննադատ Թովմաս Թերզյանի (1840-1909) լիբրետոյի հիման վրա: Համաշխարհային օպերային գրականության մեջ բացառիկ են այն դեպքերը, երբ ականավոր կոմպոզիտորի հետ օպերայի համահեղինակ է դառնում ժամանակի տաղանդավոր դրամատուրգը: «Արշակ Բ» օպերայի թատերատետրը սովորական լիբրետո չէ, այլ չափածո դրամատիկական երկ: Դրաման առաջին անգամ բեմադրվել է 1869-ին Նաումի իտալական թատրոնում, ապա բազմիցս խաղացվել արեւմտահայ թատրոնների բեմերում:
1871-ին «Արշակ Բ» օպերայի թատերատետրը որպես գրական երկ հրատարակվել է Կ.Պոլսում:
Կարդացեք նաև
Չուխաճյանը` «հայկական Վերդին», իր անդրանիկ օպերան գրեց Իտալիայում, որտեղ դաշնամուրի եւ տեսական առարկաների իր առաջին ուսուցիչ, իտալացի պոլսաբնակ մանկավարժ Մանձոնիի խորհրդով եւ հանձնարարականով ուղեւորվել էր 1862-ին` մասնագիտական երաժշտական կրթություն ստանալու նպատակով: Միլանում ուսանելու տարիներին պոլսահայ լուսանկարիչ, կոմպոզիտորի բարեկամ Գեւորգ Ապտուլլահը (Ապտուլլահյան) Չուխաճյանին է ուղարկում «Արշակ Բ» օպերայի լիբրետոն, որը շարադրվել էր իտալերեն, այնուհետեւ թարգմանվել հայերեն:
Օպերան հնչելու է իտալերեն: Ինչու՞,- կհարցնի հանդիսատեսն ու ճիշտ կանի: Դրա հիմնավոր բացատրությունը չունենք, կարող ենք ենթադրություններ անել: Չուխաճյանի կյանքի օրոք hայ պրոֆեսիոնալ օպերային արտիստներ եւ, առավել եւս, հայկական օպերային թատրոն, ցավոք, չկար: Հետեւաբար՝ իր օպերայի համար բեմական ճանապարհ հարթելու նպատակով կոմպոզիտորը, բնականաբար, պիտի ընտրեր որեւէ այլ լեզու: Ընտրությունը կանգ է առել իտալերենի վրա, քանի որ այն Չուխաճյանի պաշտելի կոմպոզիտորի՝ Վերդիի օպերաների լեզուն էր: Հայտնի է, որ մահվան մահճում կոմպոզիտորն իր սնարի մոտ հերթապահող Սմբատ Քեսեճյանից խնդրել էր Ջ.Վերդիի «Օթելլո» երաժշտական դրամայի պարտիտուրը, գրկել այն, սեղմել կրծքին ու հրաժեշտ տվել երկրային կյանքին…
Իսկ լիբրետոյի հեղինակ Թովմաս Թերզյանն իտալերենին (նաեւ՝ ֆրանսերենին, թուրքերենին, հին հունարենին, լատիներենին, անգլերենին ու իսպաներենին) տիրապետում էր կատարելապես:
1865-ին Միլանից Պոլիս վերադառնալով, Չուխաճյանն իր հետ բերում է գրեթե ավարտված «Արշակ Բ» օպերան` բացառությամբ Նախերգանքի, որը հորինում է Կ.Պոլսում` բավական արտասովոր պայմաններում: Ամեն անգամ, երբ Չուխաճյանն այցելում էր Ապտուլլահին, լուսանկարիչը պահանջում էր, որպեսզի նա գրի Նախերգանքը: Չուխաճյանը խոստանում էր ավարտել Նախերգանքը առաջիկայում, մի քանի օրից: Խոստանում էր եւ … խոստումը հերթական անգամ դրժում: «Օր մը, Չուհաճեան դարձեալ գացած էր Ապտուլլահի լուսանկարչատունը, բայց այդ անգամ բան չըսուեցաւ իրեն Նախերգանքին մասին: Գէորգ Ապտուլլահ կը խնդրէ, որ այդ գիշեր
իրենց մնայ. Տիգրան կը համաձայնի: Գէորգ յօրինողին յատկացուած սենեակին մէջ, ուր դաշնակ մըն ալ կար, քանի մը տասնեակ երաժշտութեան թուղթեր, մատիտ, զմելի կը դնէ, որոնք նախապէս պատրաստած էր: Երբ Չուհաճեան քնանալու համար այդ սենեակը կ,առաջնորդուի՝ Ապտուլլահ կը յայտարարէ. Մինչեւ որ «Արշակ Բ»-ի Նախերգանքը չպատրաստես, բանտարկուած պիտի մնաս այս սենեակին մէջ: Ու դուռը վրայէն կողպելով, բանալին իր քով կը պահէ: Չուհաճեան ըսուածը կատակ կը կարծէ, ու հանգիստ մը կը քնանայ, սակայն առաւօտուն կը հասկնայ որ ըսուածը իրականութիւն է: Ճարահատ, կը սկսի իր բանտին մէջ պատրաստել Նախերգանքը: Ապտուլլահ իր ընտանիքին անդամներուն պատուիրած էր, որ Չուհաճեանի նախաճաշը եւ կէս օրուան ճաշը կողովով մը վար իջեցնեն վերի յարկի պատուհանէն: Չուհաճեանի յատկացուած սենեակը տանը պարտէզին կողմն էր եւ ճաշը իրեն տրուած միջոցին, դրացի տուներէն օրիորդ մը կը տեսնէ բանտարկեալի մը այդ կերպով կերակրուիլը ու եղելութիւնը կ’երթայ կը պատմէ դրացի քանի մը օրիորդներու, որոնք հաւաքուելով՝ մինչեւ իրիկուն արգելք կ,ըլլան երգահանին, որ չի կրնար Նախերգանքը վերջացնել: Երեկոյեան, երբ Ապտուլլահ տուն կը վերադառնայ եւ տեսնելով, որ Նախերգանքին կէսը միայն պատրաստ է, կը հրամայէ որ բանտարկութիւնը շարունակուի եւ երեկոյան ճաշն ալ նոյն կերպով կը տրուի: Չուհաճեան տեսնելով, որ ազատում չկայ, մինչեւ որ գործը չաւարտի, այդ գիշեր մինչեւ արշալոյս աշխատելով կը վերջացնէ: Առաւօտուն Չուհաճեան կը պոռայ որ լրացուցած է Նախերգանքը: Ապտուլլահ դուրսէն կ’ուզե դաշնակի վրայ լսել պատրաստուածը: Չուհաճեան ներսէն կ’աղաղակէ թէ պատրաստած է: Ապտուլլահ կը պնդէ որ պէտք է լսէ: Վերջապէս Չուհաճեան կը նուագէ Նախերգանքը: Ապտուլլահ դուռը կը բանայ ու կը շնորհաւորէ» (Պեշիկթաշլեան Ն., Թատերական դէմքեր, Անթիլիաս, 1969, էջ 90):
Չուխաճյանը Նախերգանքը ձոնում է Հակոբ Պալյանին. նրա ապարանքում էլ 1868-ի վերջերին առաջին անգամ հնչում է Նախերգանքը` իտալական քառյակի կատարմամբ, Չուխաճյանի ղեկավարությամբ. նվագահանդեսին ներկա էր բարձր դասին պատկանող ավելի քան 100 ընտանիք: Ցնցող տպավորություն թողնելով ունկնդիրների վրա, Նախերգանքը մեծ ժողովրդականություն է ձեռք բերում` բազմիցս հնչելով Կ.Պոլսում, Զմյուռնիայում եւ Եվրոպայում` Վենետիկում, Նեապոլում, Վիեննայում (1873) եւ Փարիզում (1891)` տարածելով հեղինակի անունը:
Նախերգանքը, որի ողջ թեմատիկ նյութը վերցված է օպերայից, ներկայացնում է երկու հակադիր բեւեռներ՝ գլխավոր հերոսներ Արշակ Բ-ի եւ Օլիմպիայի ողբերգական սիրո, տառապանքների ու կործանման պատմությունը եւ կենսական ուժով փայլող եւ հավերժ հաղթանակող ժողովուրդը:
«Արշակ Բ» օպերայի Նախերգանքն ունեցավ արտասովոր ճակատագիր:
Կոմպոզիտորի մահից հետո Չուխաճյանի սան, արեւմտահայ ջութակահար, դիրիժոր, կոմպոզիտոր Հարություն Սինանյանը (1872–1930) 1900-ին Նախերգանքը վերածում է կլավիրի եւ իր սեփական միջոցներով տպագրում 700 օրինակ: Վաճառքից ստացված հասույթով 1907-ին Իզմիրի գերեզմանատանը Չուխաճյանի շիրմին կանգնեցվում է մեծ վարպետի մահարձանը. մարմարի վրա փորագրվում է Ալեքսանդր Փանոսյանի (Ալփասլան, 1858–1919) հետեւյալ քառատողը.
«Մեծ երգահան, պարծանք ազգին որ տարագիր`
Իզմիրի մէջ կնքեցիր կեանքդ անշըքօրէն,
Ցուրտ ու լըռին դամբանիդ տակ խաղաղ հանգի՛ր,
Որ երկնից մէջ անուշ երգերդ հոգիդ օրրեն»:
Փայլուն էին «Արշակ Բ» օպերայի ծնունդը 1868-ին եւ առաջին քայլերը, տխուր ու դրամատիկ՝ հետագա ճակատագիրը: Շռնդալից հաջողություն ծննդավայրում՝ Կ.Պոլսում… եւ մոռացում: Երկրորդ շնչառություն 1945-ին Երեւանում եւ տեւական բեմական կյանք, հաղթարշավ տարբեր օպերային բեմերում, Ստալինյան մրցանակ՝ բայց փոփոխված թերզյանական լիբրետոյով ու մերժված չուխաճյանական Նախերգանքով: Եվս վեց ներկայացում՝ հեղինակային մտահղացմամբ 2001-ին. այս անգամ՝ ԱՄՆ, Սան-Ֆրանցիսկո: Անհաջող բեմադրություն ու վերստին տեւական լռություն…
Անհրաժեշտ էր, որպեսզի Չուխաճյանի հանճարեղ օպերան վերադառնար տարագրությունից եւ բեմադրվեր հայրենիքում՝ հայ արտիստների ջանքերով…
Երեւի «Արշակին» վիճակված է կրկնել իր հեղինակի ճակատագիրը: Չէ՞ որ երկար տարիներ աշխարհի տարբեր քաղաքներում ծափահարությունների արժանացած, իսկ հետո թշվառության ու մոռացության դատապարտված Չուխաճյանը փառավոր ու մեծահանդես հուղարկավորություն ունեցավ. դագաղի առջեւից քայլող նվագախումբը նվագում էր մեծանուն հանգուցյալի «Սգո քայլերգը» (եւս մի հրաշալի ստեղծագործություն, որն այսօր անհայտ է բոլորին), որը հեղինակը գրել էր հատուկ իր սգո հանդեսին հնչեցնելու նպատակով…
Եվ ահա, իր ստեղծումից շուրջ 160 տարի անց հայկական միակ ազգային օպերային թատրոնի ստեղծագործական կոլեկտիվը՝ համաշխարհային օպերային արվեստի նշանավոր գործիչների մասնակցությամբ հայ հանդիսատեսին եւ մայրաքաղաքի հյուրերին առաջին անգամ կներկայացնի «Արշակի» բնագիրը՝ իտալերեն լեզվով:
Երեւանում «Արշակի» բեմադրությունը հեղինակային մտահղացմամբ, Թերզյանի թատերատետրով ու չուխաճյանական Նախերգանքով կվերականգնի պատմական արդարությունը եւ հարազատ ժողովրդին ու աշխարհի երաժշտասեր հանրությանը կվերադարձնի հայ եւ մերձավորարեւելյան առաջին օպերան: Սա մեր պարտքն է հայկական օպերային թատրոնի սկզբնավորող մեծ մաեստրոյի հիշատակի առջեւ:
Դժվարանում եմ բառերով արտահայտել երջանկությունս, քանի որ այս օրվան սպասել եմ անցյալ դարից՝ 1996 թվականից, երբ Տիգրան Չոխաճյանի օպերաների ուսումնասիրության ընթացքում ծանոթացա Երեւանի Ե.Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում գտնվող Չուխաճյանի դիվանում պահվող «Արշակի» ձեռագիր պարտիտուրին ու թերզյանական լիբրետոյին եւ գիտակցեցի այդ գանձի արժեքն ու կարեւորությունը, բեմադրման անհրաժեշտությունն ու հրատապությունը: Օպերայում դրսեւորվել է Չուխաճյան-օպերային դրամատուրգի եւ սիմֆոնիստի (քչերին է հայտնի, որ Չուխաճյանը հայկական իրականության մեջ գրել է առաջին սիմֆոնիկ ստեղծագործությունները, որոնք այսօր, ցավոք, չկան հայկական սիմֆոնիկ նվագախմբերի երկացանկերում) ողջ տաղանդը, իսկ հայոց արքային նվիրված պատմությունը հեղինակները ներկայացրել են՝ ճեղքելով ազգայինի սահմաններն ու հասնելով համամարդկային գաղափարների մարմնավորման:
Վստահ եմ, որ «Արշակ Բ» օպերան կշարունակի իր հաղթարշավը աշխարհի առաջնակարգ օպերային թատրոններում, եւ վերջապես Չուխաճյանի բացառիկ երաժշտությունը կստանա իր արժանի ճանաչումը»:
Պատրաստեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
23.02.2024