Լրահոս
Օրվա լրահոսը

Կախված չլինենք այլ երկրների աշխարհաքաղաքական քմահաճույքներից

Փետրվար 24,2024 12:00

Կկայանա «Տիեզերական Հայաստան» թեմատիկ միջոցառումը

Մարտի 1-ին Երեւանում կկայանա «Տիեզերական Հայաստան» երկրի ներուժն ու ապագան» թեմատիկ միջոցառումը, որի ընթացքում մի շարք գիտնականներ կքննարկեն ոլորտում Հայաստանի հնարավորությունները: Ինչպես տեղեկացանք կազմակերպիչներից, պանելային քննարկմանը կմասնակցեն ֆիզիկոս Ավետիք Գրիգորյանը, Հայաստանում «AMADEE-24» ծրագրի ղեկավար Գայանե Հակոբյանը, Ամադի 24 Մարսի սիմուլյացիոն առաքելության հայաստանյան թիմի անդամ Հայկ Ասլանյանը: Քննարկումը վարելու է հեռուստամեկնաբան, լրագրող Սոնա Թորոսյանը: Միջոցառման նախաձեռնությունը հենց Սոնայինն է, որի լրագրողական հեռուստապոեմի ցուցադրությունը տեղի կունենա միջոցառման օրը:


Ինչպես հայտնի է, դեկտեմբերին ԱՄՆ-ի տարածքից SpaceX ընկերության Falcon-9 հրթիռի միջոցով հայ մասնագետների պատրաստած «Հայասաթ-1» արբանյակը ուղարկվեց տիեզերք` դառնալով հայրենական արտադրության առաջին արբանյակը տիեզերքում:

«Պետության եւ մասնավորի ներդրումներով կարող ենք ամբողջական հայրենական մեր արբանյակը ստեղծել եւ անկախ լինել այլ երկրների աշխարհաքաղաքական հետաքրքրություններից ու քմահաճույքներից, անենք այն, ինչ մեր երկրին է պետք: Արագ սպառողական մոտեցումը եւ դանդաղ, բայց հիմնարար աճը պետք է զուգահեռաբար համադրվեն, որպեսզի ոլորտում մենք հնարավորինս շուտ հասնենք ինքնուրույնության»,- ֆիլմում նշել է Բազումք գիտահետազոտական լաբորատորիայի հիմնադիր Ավետիք Գրիգորյանը:

Իսկ մարտի 5-ից ապրիլի 5-ը Հայաստանը կհյուրընկալի Մարսի անալոգային հետազոտական ծրագիրը՝ հեղինակավոր «AMADEE-24»-ը, որի կազմակերպիչներն են «Հայկական աերոտիեզերական գործակալությունն» ու «Հայկական տիեզերական ֆորումը», կառավարումն իրականացնում է «Ավստրիական տիեզերական ֆորումը»։ Նախաձեռնող խմբի անդամ Հայկ Ասլանյանը նախ նամակով հիմնավորել է, թե ինչու է Հայաստանը նախընտրելի՝ այստեղ միջոցառումը կազմակերպելու համար, այնուհետեւ Եվրոպական տիեզերական գործակալության ներկայացուցիչները եռօրյա այցով եկել են մեր երկիր ու որոշումը կայացվել է. «Անալոգային (սիմուլացիոն) առաքելությունները կարեւոր են ժամանակի խնայողության եւ հենց Երկրի վրա առաքելությունը փորձարկելու եւ տիեզերք թռչելը սահուն անցնելու համար: Ներկայում փորձ է արվում ստանդարտներ կիրառել եւ Հայաստանն առաջին անգամ կկիրառի դրանք»:

Սոնա Թորոսյանից «Առավոտը» հետաքրքրվեց նաեւ, թե ինչու է նման նախաձեռնությամբ հանդես եկել եւ ինչ նպատակ ունի: «Ես նպատակ ունեմ նախ հիշեցնել տիեզերագիտության ցարգացման բնագավառում հայ մասնագետների մեծ հետքը, ինչպես նաեւ ցույց տալ, որ Հայաստանում կան գիտնականներ, որոնք մեծ աշխատանք են կատարում՝ Հայաստանը տիեզերական համաշխարհային քարտեզի վրա դիրքավորելու նպատակով: Ես նաեւ լրացուցիչ ուշադրություն եմ ուզում հրավիրել նման մեծ գործ կատարող գիտնականների վրա»,- նշեց Սոնան: Նա ավելացրեց, որ վերջին տարիներին մեծ հետաքրքրություն ունի տիեզերքին վերաբերող թեմաների նկատմամբ. «Տիեզերքի «հիվանդությամբ» ինձ վարակեց որդիս, երբ 4-5 տարեկանում նայեց վերեւ ու սկսեց հարցեր տալ: Եվ ես, որպես բանասիրական գիտությունների թեկնածու, առաջարկեցի լիրիկական պատասխաններ. ընթերցեցի բոլոր բանաստեղծությունները լուսնկայի, մթնշաղի, արեւագալի մասին, բայց Աշոտի հետաքրքրությունն այլ տիրույթում էր եւ նա ինձնից հստակ տվյալներ ու թվեր էր պահանջում: Դե ինչ արած, դիմեցի «հին հայկական ավանդական» Google-ին եւ բացահայտեցի մի ամբողջ տիեզերք: Այդ պահից սկսած, իմ հոբին դարձավ տիեզերքին վերաբերող ամեն ինչ: Սկսեցի հետեւել նորություններին, հրապարակումներին եւ, բնականաբար, մի օր ալգորիթմն ինձ առաջարկեց Բազումք գիտահետազոտական լաբորատորիայի էջը, որից հետո սկսվեց այլ պատմություն: Ծանոթացա Բազումքի «կորիզի» հետ, տեսա, թե ինչ ահռելի աշխատանք են կատարել այս մարդիկ, ինչպիսի դժվարություններ են հաղթահարել եւ, արդյունքում, հասել են նպատակին. տիեզերք են ուղարկել իրենց լաբորատորիայում իրենց ձեռքով ստեղծված հայրենական առաջին արբանյակը»:

Տեղեկացանք նաեւ, որ միջոցառման ընթացքում կցուցադրվեն Golden Time միջազգային մրցույթի հաղթող, պատանի ստեղծագործող Աշոտ Թորոսյանի եւ նկարչուհի Արեւիկ Առաքելյանի թեմատիկ կտավները: Իսկ Mystery Ensemble-ը կկատարի Interstellar գիտաֆանտաստիկ ֆիլմի սաունդթրեքը:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829