Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանում քաղբանտարկյալներ չկան». Ռուստամ Բաքոյանն ավելի համարձակ է, քան Շիրակ Թորոսյանը, Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, Էդմոն Մարուքյանը

Փետրվար 24,2024 14:00

Նրանք՝ տարբեր պատճառաբանություններով, խուսափեցին խոսել մեր երկրում քաղբանտարկյալների թեմայով

Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, համանուն խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանն անակնկալի եկավ «Առավոտի»՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության կամ բացակայության, մարդու իրավունքներին վերաբերվող թեմայով հարցազրույցի խնդրանքից: «Ինչի՞ որոշեցիք հենց ինձ զանգել»,- շփոթված հարցրեց ՔՊ-ական պատգամավորը: Մի քիչ սեթեւեթելուց հետո, նա այնուհանդերձ պատասխանեց հարցիս՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, ասելով. «Հայաստանում քաղբանտարկյալներ չկան»:

Հիշեցրեցինք, որ մի շարք միջազգային կառույցներ, այդ թվում մարդու իրավունքներով զբաղվող, վերջին շրջանում թեեւ հպանցիկ, բայց մտահոգություններ էին հայտնել Հայաստանում մարդու իրավունքների, քաղաքական նրբերանգներ պարունակող դատավարությունների մասին: Իսկ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին հայտարարել էր քաղաքական բանտարկյալ: Անցած տարեվերջին, Բրյուսելում՝ Եվրոպական Խորհրդարանում անցկացվող Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ Եվրոպական Ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեան ընդունել էր «Աջակցելով քաղաքական բանտարկյալներին՝ Եվրոպայում ահագնացող ավտոկրատիայի պայմաններում» վերտառությամբ հրատապ բանաձեւը, որում, անդրադարձ կա տարածաշրջանի երկրներում քաղաքական նպատակներով հետապնդումների ենթարկվող անձանց: Հայաստանի մասով, մասնավորապես, նշվում է. «Մեզ մեծապես անհանգստացնում է բավարար ապացույցների բացակայության պայմաններում Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին անազատության մեջ պահելը։ Ավելի քան երկու ամիս պարոն Աշոտյանը զրկված է եղել իր ընտանիքի հետ հաղորդակցվելու հնարավորությունից։ Բացի այդ, դատարանը մերժել է նրա պաշտպանների միջնորդությունը՝ Արմեն Աշոտյանին գրավով, տնային կալանքով, եւ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) անվանի անդամների երաշխավորությամբ ազատ արձակելու մասին»: Նույն բանաձեւում Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում «ազատ արձակել Արմեն Աշոտյանին, երաշխավորել արդարացի ու թափանցիկ դատաքննություն, եւ դադարեցնել իշխանությունների ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումները»։ Սա ԵԺԿ-ի երկրորդ հայտարարությունն էր՝ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում քաղբանտարկյալների առկայության, նրանց, ու, մասնավորապես Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին անհապաղ ազատ արձակելու կոչով: Ի դեպ, վերջին մի քանի ամիսների ընթացքում անցկացված սոցհարցումների համաձայն, հարցվածների 50 տոկոսը եւս կարծում են, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան. մոտ 50 տոկոսն Արմեն Աշոտյանին է համարում քաղբանտարկյալ, մոտ 35 տոկոսը՝ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին:

Մարդու իրավունքների հարցերով զբաղվող ՔՊ-ական պատգամավորից հետաքրքրվեցինք նաեւ «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի քաղբանտարկյալ լինել-չլինելու մասին. նա մի քանի ամիս է կալանավորված է՝ Արցախի հանձնման օրը Ֆեյսբուք սոցիալական ցանցում իշխանության մասին կարծիք հայտնելու համար: Նույն պատճառով տեւական ժամանակ կալանավորված մնաց Տաթեւիկ Վիրաբյանը, նույն պատճառով կալանավորված են եւ քրեական հետապնդման են ենթարկվում արցախցի 11 երիտասարդները, ովքեր Արցախի հանձնման օրը հավաքվել էին Հանրապետության հրապարակում՝ իրենց հարազատների եւ ազգականների ճակատագրով մտահոգված: Սոցցանցերում իշխանություններին քննադատելու համար քրեական հետապնդման է ենթարկվում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, նաեւ՝ տասնյակ այլ քաղաքացիներ:

«ՀՀ-ում օրենք է գործում, ըստ այդ օրենքի մարդիկ հայտնվել են ինչ-որ տեղերում, դրա հետ քաղաքական կազմակերպությունները ոչ մի առնչություն չունեն: Ես կարծում եմ, յուրաքանչյուր ոք, այդ թվում նաեւ ձեր մատնանշած մարդիկ՝ ունեն հնարավորություն՝ իրենց շահերը պաշտպանելու՝ ընդհուպ մինչեւ միջազգային ատյաններ»,- պատասխանեց Ռուստամ Բաքոյանը:

Ռուստամ Բաքոյանի հետ մեր հետագա զրույցն այսպիսին էր.

-Լեւոն Զուրաբյանը, որը Աշոտյանի քաղաքական ոխերիմ հակառակորդներից է, անձնական երաշխավորություն էր ներկայացրել դատարանում՝ Արմեն Աշոտյանին ազատ արձակելու համար, նա նաեւ հայտարարեց, որ Արմեն Աշոտյանը հստակ համապատասխանում է քաղբանտարկյալի այն չափանիշներին, որոնք մշակվել են ԵԽԽՎ-ի կողմից: Լեւոն Զուրաբյանն էլ է մասնակցել այդ չափանիշների մշակմանը:

-Չեմ մեկնաբանում պարոն Զուրաբյանի մտքերը: Ոչ մի ասելիք չունեմ: Ինքն ինձ համար ուղղակի մարդ է, որը տարել երաշխավորություն է տվել, այլ մեկնաբանություն չունեմ:

-Ասացիք՝ մեր երկրում օրենք է գործում, ըստ որի տվյալ մարդիկ պատասխանատվության են ենթարկվում, բայց այդ օրենքները չեն պարտադրում կալանք կիրառել, կան այլընտրանքային խափանման միջոցներ:

-Դատական իշխանությունը քանի որ անկախ է, հետեւաբար, ես որեւէ կերպ չեմ կարող ազդել դատական իշխանության վրա՝ որեւէ հարցով:

-Անկախ ասելով ի՞նչը նկատի ունեք, «վնգստացող դատավորների՞ն», որոնց մասին Փաշինյանն էր խոսում:

-Ես հարցին շատ հստակ պատասխանեցի:

Այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, նախկինում՝ 2007-2019 թվականներին՝ երեք գումարումների խորհրդարաններում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն էլ չի ցանկանում խոսել մեր երկրում քաղբանտարկյալների առկայության կամ բացակայության մասին. «Ես այդ առումով ամենահարմար մարդը չեմ»: Ասում է՝ գերադասում է խոսել միայն արտաքին քաղաքականության, եվրասիական տարածաշրջանային հարցերի, Ջավախքի մասին՝ ինչով որ ինքն է զբաղվում: Դիտարկմանը՝ քաղբանտարկյալները շատ ուղիղ առնչվում են արտաքին քաղաքականության հետ. օրինակ, ձեր նախկին թիմակից Արմեն Աշոտյանին ԵԺԿ-ն հայտարարեց քաղբանտարկյալ, Շիրակ Թորոսյանն արձագանքեց. «Թիմակից ասելը բարդ է, որովհետեւ ես կոնկրետ նպատակով ու հանձնարարականով աշխատել եմ պառլամենտում»: Ուղիղ հարցին՝ Արմեն Աշոտյանը Ձեր կարծիքով քաղբանտարկյա՞լ է, Շիրակ Թորոսյանը պատասխանեց, որ այդ թեմայով հարցազրույց չի տալիս:

Ուշագրավն այն է, սակայն, որ ժամանակին՝ մինչեւ Հայաստանում թավշյա կոչված հեղափոխությունը, Արմեն Աշոտյանը եւ Շիրակ Թորոսյանը մտերիմ փոխհարաբերությունների մեջ էին եւ երբ տարիներ շարունակ Շիրակ Թորոսյանի մուտքը Վրաստան արգելված էր, հարեւան երկիր իր այցերի ժամանակ Արմեն Աշոտյանը պարտադիր լինում էր Շիրակ Թորոսյանի հայրենի գյուղում, նրա հայրական տանը՝ տեսակցում նրա ծնողներին ու հարազատներին:

Մեր երկրում քաղբանտարկյալների առկայության կամ բացակայության մասին՝ տարբեր պատճառաբանություններով, հրաժարվեցին խոսել նաեւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, նրա կուսակից Արտակ Զեյնալյանը, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829