Լրահոս
Օրվա լրահոսը

Գարդման-Շիրվան-Նախիջևան միության անդրադարձը Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքներին

Փետրվար 23,2024 23:40

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքներին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Միության տարածած հայտարարությունը․

«Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան կրկին, իր գործառույթների կատարման ընտրանքային սկզբունքին համաձայն, մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին չապացուցված ինչ-որ «սպանությունների» համար, որոնց թեական գոյությունը արդեն երեք տասնամյակ է, ինչ Ադրբեջանը վերածել է հակահայկական քարոզի ուռճացված առարկայի։

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը, որ բոլորովին վերջերս ծիծաղաշարժ «անհանգստություն» էր հայտնում աշխարհում փախստականների թվի աճի կապակցությամբ մի երկրի անունից, որը վերջին երեք տասնամյակում հայաթափել է ողջ պատմական Գարդմանը, Շիրվանը, Նախիջևանը, որը օրերի ընթացքում էթնիկ զտման է ենթարկել Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությանը, պատահաբար վերհիշել է աշխարհում միջազգային իրավունքի և դրա գործարկման անհրաժեշտության մասին։ Սա ադրբեջանական ընտրանքայինության և քաղաքական երեսպաշտության հերթական զազրելի արտահայտումն է

Օրինակ՝ միջազգային իրավունքի մաս հանդիսացող «Պատերազմի զոհերի պաշտպանության մասին» Ջենովայի կոնվենցիան մեջբերելիս ինչու՞ Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը չի պատասխանում այն հարցին, թե ինչպես են Ադրբեջանում ազատ շրջում և հերոսացվում պատերազմի ժամանակ քաղաքացիական անձանց խոշտանգումների ենթարկած հանցագործները

«Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժի» կոնվենցիան մեջբերելիս արդյո՞ք Ադրբեջանի ՄԻՊ-ը խիստ նմանություններ չի գտնում կոնվենցիայի դրույթների և այն գործողությունների մեջ, որ Ադրբեջանը իրականացրել է 1988 թ․ Սումգայիթում, 1990 թ․ Բաքվում, 1992 թ․ Մարաղայում և այլուր, արդյո՞ք չի կարողանում եզրակացնել, որ Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա ապօրինի շրջափակմամբ հարուցված հումանիտար աղետը և արձանագրված սովամահությունը ամբողջությամբ համապատասխանում են ցեղասպանություն եզրի ենթադրած իրողություններին։

Իսկ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի», «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման», «Երեխաների իրավունքների» կոնվենցիաների և «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների», «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների» միջազգային դաշնագրերի հիշատակումը դուրս է ցանկացած տրամաբանությունից։ Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի դրսևորման համար Ադրբեջանում արժանանում են միայն հերոսացման։ 2023 թ․ ավելի քան 30 հազար երեխա 10-ամիս զրկված է եղել է կենսագործունեության համար անհրաժեշտ պայմաններից, 30 հազար երեխա ենթարկվել է բռնի տեղահանման վախի և կյանքի նկատմամբ սպառնալիքի մշտական ուղեկցությամբ։ 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի ամբողջ հայությունը ռասայական խտրականության հիմքով ենթարկվել է բռնի տեղահանման, վերջիններիս ստեղծած մշակութային ժառանգությունը, դարձյալ ռասայական և կրոնական խտրականության հիմքով,

շարունակաբար պղծվել, յուրացվել, ոչնչացվել է։ Այս գործընթացն ամբողջ ծավալով այժմ ընթանում է Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական հոգևոր-մշակութային և ազգային ժառանգության նկատմամբ՝ ինչպես եկեղեցիների և սրբատեղիների պղծման, այնպես էլ ազգային խորհրդանիշերի ոչնչացման ճանապարհով։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը դատապարտում է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի անհավասարակշիռ հայտարարությունները։ Սա տիպիկ ադրբեջանական գործելակերպ է՝ ժխտել այն ամենը, ինչ կատարվել է, աղաղակել այն մասին, ինչը չի եղել։

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին հորդորում ենք նաև հետևել իր երկրում պետականորեն հնչող ատելության խոսքին, ռասիստական խտրականության տարրեր պարունակող ագրեսիվ հռետորաբանությանը։ Գուցե թե այդպես վերջինս կարողանա ապահովել իր պաշտոնի գործառույթների իրականացումը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829