Լրահոս
Օրվա լրահոսը

Եղած փաստերով սա խմբակային հանցագործություն է, առնվազն երեք անձի մասնակցությամբ տեղի ունեցած սպանություն. փաստաբան

Փետրվար 23,2024 23:10
zinvor

2021 թվականի օգոստոսի 19-ի գիշերը Կոռնիձորի դիրքում երեք զինծառայողի սպանության գործով դատական նիստին հարցաքննվել է դեպքի վայրի հարակից դիրքի ավագը: Վերջինս դատաքննության փուլում առաջին հարցաքննված վկան է: Այս մասին Aravot.am-ին հայտնեց մահացած տուժողի լիազոր ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը

Հիշեցնենք, որ սպանության համար մեղադրվում է մահացածների համածառայակից Ա.Հ-ն։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանությունը)։ Այս գործով մեղադրանք է առաջադրված նաև դիրքի ավագին՝ «ապօրինաբար դիտավորությամբ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու համար»: Ավելի վաղ նա մեղադրվում էր նաեւ ծառայակցի (սպանության մեջ մեղադրվողի) նկատմամբ «սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու» մեջ: Սպանության համար մեղադրվող զինծառայողը, ըստ վարույթ իրականացնող մարմնի, պատմել է, թե երեք համածառայակցին սպանել է դիրքի ավագի կողմից սեռական բռնության ենթարկվելուց հետո:

«Կողքի դիրքի ավագն է հարցաքննվել առայժմ, ըստ էության վկան ինքն իրեն հակասում էր: Նախաքննության ժամանակ հայտնել էր, որ կրակոցների ձայներ է լսել, իսկ դատաքննության ժամանակ չէր հիշում կրակոցների ձայները լսել է, թե՝ ոչ: Դիրքում կերուխումի հետ կապված վկայի ցուցմունքում եւս հակասություններ կային, նշվում էր, որ գյուղացիների հետ ընդհանրապես առնչություն չի եղել: Ինչ վերաբերում է հնարավոր դիվերսիային, պնդում էր, որ իմիտացիա է եղել, այլ մանրամասներ վկան չտվեց: Ի սկզբանե երկու վարկած էինք քննարկում՝ դիվերսիայի եւ խմբակային հանցագործության: Այս պահի դրությամբ եղած ապացույցների հիման վրա, 100 տոկոսով հաստատ կարող ենք ասել, որ այն վարկածը, որով գործն ուղարկվել է դատարան, կեղծ է: Դիրքի բոլոր զենքերից կրակված է, չէր կարող պարզապես իմիտացիա արվեր, որովհետեւ առնվազն երեք զինծառայող սպանված է, իրենց զենքերից եւս կրակված էր: Հետեւաբար, չէին կարող նրանք քնած լինել եւ մեկն այդպես մտներ ու սպաներ: Եզրափակելով ամփոփեմ, եղած փաստերով սա խմբակային հանցագործություն է, առնվազն երեք անձի մասնակցությամբ տեղի ունեցած սպանություն» ,- ասաց փաստաբանը:

Մեր զրուցակցի խոսքով, հարցաքննված վկան հայտնել է, որ դեպքի օրը գտնվել է միջադեպ գրանցված դիրքում. «Հետեւաբար, չէր կարող չիմանալ՝ ինչ է տեղի ունեցել այդ դիրքում, հատկապես, որ նախաքննական ցուցմունքի ժամանակ նշել էր, որ կրակոցների ձայներ է լսել, իսկ դատաքննության ժամանակ ասում էր՝ չի լսել կրակոցներ այդ դիրքից: Շատ կարեւոր հանգամանք է սա, այսինքն՝ պնդում էր, որ չի հիշում, ինչն արդեն խոսում է այն մասին, որ ինչ-որ բան թաքցնում է»:

Փաստաբանի խոսքով, դատարանը որոշել է վկաների հարցաքննությունն ընդհատել, ուսումնասիրել գործով առկա փաստաթղթերը, ինչից հետո նոր անդրադառնալ վկաների հարցաքննությանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829