«Սկզբից չէին ուզում քրեական գործ հարուցել, այնուհետև հսկող դատախազի հանձնարարությամբ, այնուամենայնիվ, հարուցվեց քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասով՝ այն է լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտելը, որն ուղեկցվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով»,- Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի եւ «NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանի ներկայացուցիչներ, փաստաբաններ Շուշան Ավետիսյանի եւ Ռազմիկ Բաղդասարյանի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց փաստաբան Շուշան Ավետիսյանը։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023-ի հուլիսի 25-ին տեղի ունեցած հայտնի մամուլի ասուլիսից հետո վիրավորանքների և ոտնձգությունների արշավ էր սկսվել լրագրողների, հատկապես՝ Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի եւ «NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանի նկատմամբ: Ասուլիսից հետո նրանց հասցեին համացանցում եւ էլեկտրոնային նամակներում տարածել էին սպառնալիքներ, ծանր վիրավորանքներ եւ ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր:
Շուշան Ավետիսյանն ասաց, որ այս դեպքերից հետո Հռիփսիմե Ջեբեջյանը նշել էր, որ ինքը կաշկանդվածություն է զգում իր հրապարակումներում՝ մտածում է՝ հրապարակում կատարի՞, թե՝ ոչ, եթե կատարի, ի՞նչ հետևանքներ կունենա իր համար։ Փաստաբանները նաև շեշտեցին՝ հատկանշական է այն, որ սպառնալիք հնչեցրած անձինք ճանաչում են լրագրողներին, սակայն լրագրողները նրանցից ոչ մեկին չեն ճանաչում, և վտանգ կա, որ այդ սպառնալիքն ամեն օր կարող է իրականանալ։
Ռազմիկ Բաղդասարյանն ասաց՝ նախաքննական մարմնի կողմից խնդիր էր բարձրացվել, թե կոնկրետ ինչ ձևով է արտահայտվում մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը․ «Պարզ ու հասարակ՝ կան օգտատերեր, զանգված, որը բացահայտ սպառնալիքներ է ներկայացնում անձանց, հանդես են գալիս չակերտավոր ֆեյք անվանումների ներքո, բայց անձը նրանց չի ճանաչում։ Ունենք իրավիճակ, որ լրագրողները անկախ մասնագիտական գործունեություն ծավալելիս չեն պատկերացնում՝ որտեղ կարող են այդ գործողություններն իրենց ամփոփումը ստանալ՝ իրենց նկատմամբ հարձակում, բռնություն իրականացվի»։
Կարդացեք նաև
Շուշան Ավետիսյանը հայտնեց՝ քննիչի հետ հեռախոսազրույց է ունեցել․ «Նշում էր, որ պետք է նախաքննությունն ավարտվի։ Նախաքննության ընթացքում մի շարք անձինք հրավիրվել էին հարցաքննության։ Հարցաքննվածներից Դիանա Մարտիրոսյանը նշել էր, թե այդ իմաստով չեմ ասել։ Ի՞նչ է նշանակում՝ ասել «ղուրբան եղիր, որ քեզ չեմ գցում ոտքերիս տակ» ու հետո ասել՝ ես այդ իմաստով չեմ ասում։ Մի քանի անձ հանրապետությունում չէին գտնվում, քննիչը բերման ենթարկելու որոշում էր կայացրել, սակայն հետ էր եկել որոշումն այն հիմքով, որ նրանց գտնվելու վայրն անհայտ է։ Հետո քննիչը ՍԵԿՏ համակարգով հարցում էր արել, պարզել, որ երեքից երկուսը ՀՀ-ում չեն, մեկը ՀՀ-ում է, պետք է կազմակերպել նրա հարցաքննությունը»։
Հարցին՝ ինչո՞ւ ի վերջո չի ավարտվում նախաքննությունը, կարո՞ղ է դերակատարություն ունենալ այն հանգամանքը, որ, օրինակ, Դիանա Մարտիրոսյանը հայտնի է, որ միշտ բացահայտ պաշտպանում է այսօրվա իշխանություններին, փաստաբան Շուշան Ավետիսյանն այսպես արձագանքեց․ «Այդպիսի միտում չեմ նկատում․ նախաքննական մարմինները գերծանրաբեռնված են, և երկու քրեական գործ կա հարուցված Անի Գևորգյանի և Հռիփսիմե Ջեբեջյանի մասին։ Հարցաքննվել են, ակնառու էր քննիչի կատարած աշխատանքը։ Չեմ կարող ասել՝ անգործություն կար, զարմանում եմ, որ մինչև հիմա մեղադրանք չկա առաջադրված ինչ որ մեկի նկատմամբ, բավականին երկար ժամանակ է անցել։ Սպասում ենք, որ մարտին նախաքննության ավարտ կլինի»։
Ռազմիկ Բաղդասարյանն ասաց՝ պետք է հասկանանք, որ գործ ունենք մասնագիտական խոչընդոտներ հաղթահարող, իրականության հետ դեմ առ դեմ բախվելուց չվախեցող երկու լրագրողների հետ, որոնք միշտ գտնվում են երևույթների կիզակետում, լուսաբանում են այն խնդիրները, որոնք այնքան էլ ցանկալի չեն ներկայիս իշխանությանը․ «Նրանց սպառնում են համացանցային տիրույթում՝ երեխաներին, ձեզ կոչնչացնենք։ Դա իհարկե, ցածր իրավագիտակցության ու մակարդակ ունեցող անձանց տեսակետ է, սակայն այս ուղին են ընտրել, ինչը ստեղծված իրավիճակում մեզ համար զարմանալի չէ»։
Շուշան Ավետիսյանը փաստեց՝ այնուամենայնիվ, բռնություններ տեղի ունեցել են․ «Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ժամանակ շշով են հարվածել, նախաձեռնված վարույթ կա։ Կոնկրետ գործողություն եղել է, բայց մինչև այսօր այդ անձը չի հայտնաբերվել, չկա մեղադրյալի կարգավիճակում գտնվող անձ։ Տուժել է նաև օպերատորը»։
Ռազմիկ Բաղդասարյանը տեղեկացրեց՝ այս պահին ունենք 4 քաղաքացիական հայց, որոնք գտնվում են դատական փուլերում․ «Հայցադիմումներով պատասխանողներին պարտավորեցրել ենք հրապարակային ներողություն խնդրել սոցցանցերում և ԶԼՄ-ներում, նաև ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ պայմանականորեն 400 հազար դրամ»։
Հիշեցնենք՝ «Խաժակ Թանանյան» անունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր մի կոլաժ, որտեղ մի մեծահասակ կնոջ հետ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի լուսանկարն էր, վրան գրված՝ «Ես եմ էս լրբի մորքուրը, բայց ես նման բան չեմ ասել էս պոռնիկին»: Կատարվածի հետ կապված ներկայացված հայցադիմումի պատասխանի մասին Ռազմիկ Բաղդասարյանը պատմեց․ «Ի զարմանս մեզ ստանում ենք զավեշտալի պատասխան։ Պատասխանողն ասում է՝ չկան նվազագույն տվյալներ, որով կպարզվեր, որ այդ գրվածքները վերաբերում են նկարի մեջ երևացող Հռիփսիմե Ջեբեջյանին։ Հայցադիմումի պատասխանով հերքում է այդ հանգամանքը։ Պատասխանողը չի էլ հերքում, որ տեղադրել է այդ լուսանկարը, ասում է՝ Հռիփսիմեի լուսանկարը, որը տեղադրել եմ, այդ անձը բարի դեմքով է, ձեռքը բարձրացրել է և այդ կերպարը, որևէ ձևով չի ասոցացվում հայհոյական խոսքի հետ։ Դեմքի արտահայտությունից կախված անձին հասկանաս հայհոյանք է տալիս, թե՝ ոչ, մեկնաբանության էլ ենթակա չէ։ Պատասխանողներից մեկն էլ հայցադիմումի պատասխանում ասում է այսինքն՝ խնդիրը կրկին «Մենք ենք մեր սարերի Կարապետի ու Հայրապետի ձևավորած հայկական կլասիցիզմի ծիրում է»։
Ի՞նչ կարելի է ենթադրել այս միտքը դատական պրակտիկայում, ցանկացած հայցադիմումում մեջբերելը, մեջբերել Հայրապետից ու Կարապետի ձևակերպած խոսքեր, բերել կապել, հերքել իր ասածի հետ, դա չի տեղավորվում ոչ մի մասնագիտական տրամաբանության մեջ։ Տեսնում ենք օգտատերեր, հայհոյախառն արտահայտություններ, վիրավորանքներ, բայց չգիտենք՝ դրանք կատարողներն ովքեր են։ Ուզում եմ հանրությանը ներկայացնել՝ տեսեք, ժողովուրդ ջան, մենք անձինք ենք, որոնք դատական պրակտիկայում, երբ իրավական պատասխանատվության են ենթարկվում, նույն մտածելակերպով ու ոճով են գործում, նաև այդ նույն տրամաբանությամբ։ Հետամուտ ենք լինելու գործերի հաջող ելքերին ինչպես քաղաքացիական, այնպես էլ քրեական։ Սրանք նախադեպային որոշումներ են լինելու։ Վստահեցնում եմ՝ հետամուտ ենք լինելու այդ անձանց պատասխանատվության ենթարկելուն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ