Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը Փարիզում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համատեղ ասուլիսի ժամանակ հնչած հայտարարությունների վերաբերյալ։ Միության հայտարարությունը ստորև․
«Ադրբեջանում կրկին կառավարական և մերձկառավարական հիստերիա է բռնկվել, որի կիզակետում այս անգամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արդարացի դիտարկումներն են Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքի իրացման, Հայաստանի տարածքային ամբողջականության, Ադրբեջանի կողմից անհամաչափ գործողությունների վերաբերյալ։ Ադրբեջանը, համաձայն իր առօրյա բառապաշարի, որպես «խաչակրություն» է որակում ինչպես Մակրոնի, այնպես էլ հավաքական Եվրոպայի շարունակական և արդարացի դիտարկումները և պահանջները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահը մեջբերել է Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը, որի համաձայն Ադրբեջանը պետք է ապահովի, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքած անձանց անվտանգ ու անարգել վերադարձը։ Էթնիկ զտման ենթարկված հայության իրավունքների խնդիրը բարձրաձայնելու համար Մակրոնի հասցեին հնչած քննադատությունը արդո՞ք չի հասցեագրվում նաև Արդարադատության միջազգային դատարանին, որի որոշումները արհամարհելը Ադրբեջանի համար վերածվել է սովորույթի։
Զավեշտալի է, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով շրջանառության մեջ է դնում իրականությանն անհամապատասխան թեզեր և դրանցով փորձում հակակշիռ ստեղծել բռնի տեղահանված հայերի խնդրում։ Սա պատրվակային քաղաքականություն է հիշեցնում, երբ ասելիքի բացակայությունը ստիպում է հորինել այն՝ քաղաքական խոսույթը վերածելով ծայրեծայր հեքիաթասացության։
Կարդացեք նաև
Եթե Ադրբեջանի դեմ ուղղված արդարացի և իրավականության շրջանակներում հնչող քննադատությունները հավաքական «խաչակրություն» են, ապա ինչպե՞ս որակել 2021 թ․ ի վեր Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիան Ադրբեջանի կողմից և բանակցային գործընթացի շարունակական և միտումնավոր ձգձգումը։ Ադրբեջանն է, որ քանիցս տապալել է գործընկեր երկրների և կազմակերպությունների միջնորդական ջանքերը՝ պարզապես չներկայանալով բանակցություններին կամ նոր պահանջներ առաջադրելով։
Վերջին 4 տարիների ընթացքում միակ երկիրը, որ միտումնավոր տարածաշրջանային լարվածություն է առաջացրել, Ադրբեջանն է՝ ի դեմս սանձազերծած պատերազմների և սահմանային սրացումների։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հորդորում է Ադրբեջանի արտգործնախարարությանը չկտրվել իրականությունից, չկորցնել սթափ դատողությունը, և չգնալ քաղաքական արկածախնդրությունների ճանապարհով, որովհետև հաղթանակի դափնիները ժամկետից շուտ խամրելու սովորություն ունեն»։