Ելնում ենք նրանից, որ Երևանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ ՝ իրավունքներով և պարտավորություններով. ՌԴ ԱԳՆ-ից ՌԻԱ Նովոստիին ասել են, որ ակնկալում են համապարփակ բացատրություններ երկկողմ խողովակներով, թե ինչ է կանգնած ՀԱՊԿ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետևում։
ՌԴ ԱԳՆ-ն մասնավորապես նշել է. «Մենք երկկողմ ուղիներով ակնկալում ենք համապարփակ բացատրություններ այն մասին, թե իրականում ինչ է կանգնած Հավաքական անվտանգության պայմանագրին և բուն կազմակերպությանը Հայաստանի մասնակցության սառեցման վերաբերյալ հայտարարությունների հետևում։ Մոսկվան ելնում է նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։
Միևնույն ժամանակ, ցավով նշում ենք, որ կազմակերպության միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան նվազել է, ինչն ակնհայտորեն չի համապատասխանում բարեկամ հայ ժողովրդի շահերին և երկրի անվտանգության ապահովման նպատակներին, հուսով ենք՝ Երևանը կգա այն ըմբռնմանը, որ առկա մտահոգությունները պետք է քննարկվեն և լուծվեն հանգիստ, կոնֆիդենցիալ երկխոսության միջոցով, այլ ոչ թե դրանք հանրային տարածքում բարձրաձայնելով»։
Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը «կտրականապես չի ընդունում Հայաստանի իշխանությունների կշտամբանքները 2021 և 2022 թվականներին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատը և պարտավորություններն իբր չկատարելու վերաբերյալ»։
Կարդացեք նաև
«Ուզում ենք հիշեցնել, որ 2022 թվականի սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով կազմավորվել և երկրի սահմանամերձ շրջաններ է ուղարկվել կազմակերպության քարտուղարության և միացյալ շտաբի գնահատման առաքելությունը, ինչի արդյունքում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից պատրաստվել է որոշում Հայաստանում դիտորդական առաքելություն տեղակայելու մասին, մենք մեղավոր չենք և կազմակերպության մյուս անդամները մեղավոր չեն, որ այս հավասարակշռված որոշումը, որը նախատեսում էր նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնության տրամադրում, Հայաստանի իշխանության կողմից շինծու պատրվակներով մերժվել է, ավելին՝ դրա փոխարեն Երևանը ցուցադրաբար նախընտրել է հրավիրել Եվրամիությունից կեղծ դիտորդների, բոլոր փաստերը վկայում են, որ նրանց աշխատանքը զրոյական արդյունավետություն ունի»։