Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺԲ աջակից. «Նիկոլ Փաշինյանը դասական պոպուլիստ է, տալիս է խոստումներ եւ դրժում է իր խոստումները»

Փետրվար 23,2024 17:49

Այսօր՝ Ռուսաստանի դաշնությունում «Հայրենիքի պաշտպանի օրը» Ազգային ժողովրդավարական բեւեռի (ԱԺԲ) երիտասարդ աջակիցների նախաձեռնությամբ հավաք էր կազմակերպվել Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի գլխավոր շտաբի մոտ: Նրանք պահանջում էին դուրս բերել Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերը, ՌԴ ռազմաբազան եւ Արցախում ռուս խաղաղապահ ուժերը:

ԱԺԲ աջակից Տիգրան Մանուկյանն Aravot.am-ին ասաց. «Ռուսաստանը այսպես թե այնպես դուրս է գալու տարածաշրջանից: Ուղղակի պատրաստվում է Հայաստանը հանձնել Թուրքիային՝ նոր հեռանալ: Իսկ մեր նպատակը նոր դաշնակիցներ ընտրելն է՝ Ռուսաստանի դուրս գալուն զուգահեռ»: Իսկ թե «նոր դաշնակիցներ» ասելով ում են տեսնում, Տիգրան Մանուկյանը նշեց՝ հավաքական արեւմուտքը՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը: Նրա խոսքով ամբողջ քաղաքակիրթ աշխարհը սպասում է մեր տարածաշրջանում փոփոխության, որին խանգարում է այսօրվա ռուսական կայսրությունը:

Հարցին, թե այդ հավաքական արեւմուտքը մինչեւ հիմա կոնկրետ ի՞նչ գործնական քայլեր է արել, որ այստեղից Ռուսաստանի դուրս գալուն զուգահեռ՝ ինքն այստեղ լինի, որպեսզի Թուրքիայից եւ Ադրբեջանից Հայաստանին վտանգ չսպառնա, մեր զրուցակիցը պատասխանեց. «Արեւմուտքը, որպես կանոն, ուղարկում է մեսիջներ՝ հասկացնելով Հայաստանին, որ դու կարող ես մեր մեկնած ձեռքը սեղմել: Բայց Հայաստանի դավաճան իշխանությունը մերժում է Արեւմուտքի ցանկացած քայլ. ժողովրդին առերեւույթ ցույց են տալիս, իբրեւ թե կարող են: Բայց իրականում նրանք պրոռուսական, նաեւ պրոթուրքական իշխանություն են: Արեւմուտքն ուզում է ինչ-որ բան անել, բայց քանի որ սրանք ժողովրդի ընտրած իշխանություն են, ուղիղ միջամտություն չի կարող ցուցաբերել: Արեւմուտքը կարծում է, որ մենք ունենք պետություն, Արեւմուտքը սպասում է մեր իշխանությունը եւ ինքնագլուխ չի պատրաստվում ներխուժել տարածաշրջան»:

Դիտարկմանը, թե հենց այսօրվա իշխանությունը արդեն բացեիբաց հակառուսական հայտարարություններ է անում ու ըստ ամենայնի՝ արեւմտյան կողմնորոշում է ցույց տալիս, դա Արեւմուտքի համար բավարար հիմք չէ՞, Տիգրան Մանուկյանը պատասխանեց. « Դուք հավատո՞ւմ եք, որ այս իշխանությունը պոպուլիստ չի ու խոսքերից հետ չի՞ կանգնելու: Նիկոլ Փաշինյանը դասական պոպուլիստ է, ինքը տալիս է խոստումներ եւ դրժում է իր խոստումները: Այդ խոստումները հերթական փափուկ բարձն է, որ դրվում է ժողովրդի գլխի տակ: Իսկ եթե, այնուամենայնիվ, ինչ-որ քայլ էլ անի, դա կլինի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ Արեւմուտքի ճնշման տակ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829