Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում խորհրդարանական ընտրություններ են. մրցելու են նաև չորս հայ

Փետրվար 23,2024 17:33

Մարտի երեքին տեղի կունենան Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) խորհրդարանի հերթական ընտրությունները։ Սա ԻԻՀ-ի հիմնադրումից ի վեր 12-րդ խորհրդարանական ընտրություններն են։

Իսլամական խորհրդարանն ունի 290 պատգամավոր, որոնք ընտրվում են չորս տարվա համար։ ԻԻՀ-ի Սահմանադրության համաձայն՝ ճանաչված կրոնական փոքրամասնությունները (քրիստոնյա, զրադաշտական, մովսիսական) խորհրդարանում ունեն հինգ տեղ. մեկական պատգամավոր ընտրում են զրադաշտականներն ու մովսիսականները և երեք պատգամավոր՝ քրիստոնյաները (երկու հայ և մեկ ասորի):

Հայերից մեկն ընտրվում է հյուսիսից՝ Թեհրան կենտրոնով և մեկը հարավից՝ Սպահանի Նոր-Ջուղա կենտրոնով։ Շրջանավարտ խորհրդարանի հայ պատգամավորներն են Ռոբերտ Բեգլարյանը և Արա Շահվերդյանը։ Առաջինը քանի շրջան պատգամավոր դառնալուց հետո այս տարի այլևս իր թեկնածությունը չի առաջադրել, իսկ Շահվերդյանը մնում է որպես թեկնածու և հյուսիսի ընտրատարածքից պետք է մրցի նոր հայտ ներկայացրած թեկնածու Ժոզեֆ Ամիրյանի դեմ։ Հարավի մանդատի համար կմրցեն Գեղարդ Մանսուրյանը և Էմին Հովսեփը։ Վերջինս նախորդ շրջանում ևս թեկնածու էր և պարտվել էր Ռ. Բեգլարյանին։

ԻԻՀ-ի նախորդ տասնմեկ գումարման խորհրդարաններում ավանդաբար հաղթել են ՀՅԴ-ին հարող թեկնածուները, բացառությամբ առաջին գումարման շրջանը, որտեղ 1980 թվականին հյուսիսում հաղթեց դաշնակցական Հրայր Խալաթյանը, իսկ հարավում հաղթեց հայկական մյուս ուժի թեկնածու դոկտ Հրաչ Խաչատրյանը։ 2-11 գումարման խորհրդարաններում միշտ հաղթել են ՀՅԴ զույգ թեկնածուները։

ԻԻՀ-ի 12-րդ խորհրդարան մուտք գործելու համար Թեհրանից կմրցեն ՀՅԴ-ական Արա Շահվերդյանը և ոչ դաշնակցական Ժոզեֆ Ամիրյանը։ Հարավում կմրցեն ՀՅԴ-ական Գեղարդ Մանսուրյանը և ոչ դաշնակցական Էմին Հովսեփը։ Չորս թեկնածուից ամենաճանաչվածն է գործող պատգամավոր Արա Շահվերդյանը։

Իրանահայ մի քանի փորձագետի հետ խոսելուց հետո այն տպավորությունն եմ ստացել, որ հայ համայնքում մրցակցային ընտրության ականատեսն ենք լինելու։ Ոչ դաշնակցական շրջանակները, որոնք հիմնականում հայտնի են նաև որպես Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը պաշտպանող ուժեր, կփորձեն իրանահայերին հատկացված երկու մանդատներից գոնե մեկը վերցնել։

Երկրի խորհրդարանի 290 մանդատի համար հայտ էին ներկայացրել մոտ 25,000 հոգի․ Իրանի Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հաստատել է 12,000 թեկնածուի գործերը, որոնցից տասներկու տոկոսը կին են։ Հետաքրքիր է, որ գործող խորհրդարանի պատգամավորներից 275-ը ցանկացել են նորից ընտրվել, բայց ՆԳՆ-ն նրանցից 26-ին մերժել է։

Խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակ տեղի են ունենալու նաև ԻԻՀ-ի «Խոբրեգան» (Բանիմացների) Ժողովի անդամների ընտրությունները։ Այս Ժողովը կարելի է համեմատել Սահմանադիր Ժողովին․ «Խոբրեգան»-ի անդամները ազդեցիկ հոգևորականներ են․ Ժողովն ունի լայն իրավասություններ և նրան է վերապահված ԻԻՀ-ի առաջնորդի ընտրության իրավունքը։

«Խոբրեգան»-ը խիստ կարևորություն է ստացել նաև ԻԻՀ-ի 35 տարիների առաջնորդ պրն Խամենեիի բարձր տարիքի պատճառով և նկատելի է մրցակցություն հաջորդ առաջնորդի աթոռին հասնելու համար։ Այս մթնոլորտում Իրանի ՆԳՆ-ն, ապա նաև «Սահմանադրության Պահապան Խորհուրդ»-ը մերժել են անգամ շրջանավարտ նախագահ պրն Ռոհանիի թեկնածությունը, որից պահպանողական հոգևորականները վտանգ են տեսնում։ «Խոբրեգան» Ժողովի անդամները պետք է միայն մուսուլման լինեն․ ոչ մուսուլմանները կարող են «Խոբրեգան»-ի թեկնածուներին ընտրել, բայց չեն կարող ընտրվել։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829