«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանի, «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» ՀԿ նախագահ Էլինա Մարգարյանի, թափոնների կառավարման փորձագետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանի մամուլի ասուլիսը։
Հայաստանի համար արդիական են վտանգավոր թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության հիմնախնդիրները։ Դեռևս լուծված չեն այդ թափոնների էկոլոգիապես անվտանգ եղանակով հեռացման, վնասազերծման, վերամշակման, օգտահանման և ոչնչացման հարցերը: Նշված հիմնախնդիրների լուծումը պահանջում է նոր մոտեցումների կիրառում։ Այս համատեքստում շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրատեսակների համար Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է ներդնել արտադրողի, ներմուծողի պատասխանատվության ընդլայնման համակարգ:
Արտադրողի ընդլայնված պատասխանատվությունը համակարգ է, որն արտադրողին կամ ներմուծողին պատասխանատու է դարձնում ապրանքների ողջ ցիկլի համար։ Այլ կերպ ասած՝ արտադրողը կամ ապրանք ներմուծողը պատասխանատու է նաև այդ ապրանքի՝ թափոն դառնալուց հետո ճակատագրի համար։
Այսպիսով, այս մոտեցումը խթանում է ապրանքների ավելի կանաչ դիզայն և տեսակավորված հավաքման ենթակառուցվածք, բարձրացնում հանրային ներգրավածությունը տեսակավորված հավաքման և վերամշակման թիրախներին հասնելու գործում։
Կարդացեք նաև
2022 թվականից մեկնարկել է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման համակարգի բարելավման» 4-ամյա ծրագիրը, որի շրջանակներում տորագրվել է եռակողմ փոխըմբռնման հուշագիր ՇՄՆ, ՏԿԵՆ և ՀԱՀ միջև՝ ծրագրի հաջող իրականացումը ապահովելու նպատակով։
Ծրագրի շրջանակներում արդեն իսկ մշակվել է «Հայաստանում ԱԸՊ (արտադրողի ընդլայված պատասխանատվություն) համակարգի ներդրման մոտեցումներ» փաստաթուղթը, որտեղ ներկայացված են Հայաստանում ԱԸՊ համակարգի ներդրման միջազգային փորձը, իրավական հիմքերը, ֆինանսա-տնտեսական և հարկային մոտեցումները, թափոնի խմբերի ընտրության չափանիշները, ԱԸՊ իրականացման մոդելները, հիմնական դերակատարները և գործընթացները։ Ներկայումս ընթացքի մեջ են ԱԸՊ ներդրման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի փաթեթի մշակման աշխատանքերը։
«Նոր համակարգի ներդրմամբ արտադրողը կամ ներմուծողը պատասխանատվություն է կրելու ապրանքի ամբողջ շղթայի համար։ Այսինքն՝ ապրանքի թափոն դառնալու փուլում ընկերությունը ևս անելիք ունի։ Այդ պատասխանատվությունը վճարների տեսքով է լինելու։ Բիզնեսից գանձվող վճարներն ուղղվելու են թափոնները հավաքագրող կազմակերպությունների ստեղծմանը, թափոնների վերամշակմանը»,-ասել է Լուսինե Ավետիսյանը։
Թափոնների կառավարման փորձագետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը նշել է, որ այս գործընթացը նպաստելու է աղբավայրեր ուղղվող թափոնների կրճատմանը։
Այս նոր գործընթացը ենթադրում է բիզնեսի համար հավելյալ ֆինանսական բեռ, ենթակառուցվածքների զարգացում, կրթական ծրագրերի անհրաժեշտություն։
«Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» ՀԿ նախագահ Էլինա Մարգարյանը կարևորել է ինչպես իրազեկման աշխատանքների, կրթական ծրագրերի իրականացումը, այնպես էլ բիզնեսի, քաղաքացիների վարքագծի վերանայումը։
Ծրագիրը պիլոտային տարբերակով ներդրվելու է մինչև 15 հազար բնակչություն ունեցող համայնքում։ Ներկայում օրենսդրական փաթեթը մշակման փուլում է, այն շուտով կդրվի հանրային քննարկման։