«Փաստինֆո». ԵԿՄ կամավորական Գոռ Ասատրյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ արձանագրվել է, որ նա սպանության զոհ է դարձել։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին ԵԿՄ-ն հայտնեց, որ նախնական տվյալներով փետրվարի 12-ին հանկարծամահ է եղել Ներքին Հանդում ծառայության մեջ ներգրավված երկրապահ կամավորական՝ 1984թ․ ծնված Գոռ Ռազմիկի Ասատրյանը։
Հանկարծամահության վարկածն, ի սկզբանե կասկածելի էր Ասատրյանի ընտանիքի անդամների համար, որոնք փաստվեցին քննության արդյունքներով։
Մասնավորապես, ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ 2024թ․ փետրվարի 12-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ ԵԿՄ անդամ Գ․ Ասատրյանը առավոտյան քնից չի արթնացել և ըստ նախնական տվյալների՝ հանկարծամահ է եղել: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է քննչական խմբին։
Կարդացեք նաև
«Նախաքննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ կատարված դիահերձման, ինչպես նաև այլ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տ․Կ․-ի և Գ․ Ասատրյանի միջև ծագած վիճաբանությունից հետո, փետրվարի 12-ի գիշերը՝ 00․05-ի սահմաններում, Տ․Կ․-ն ձեռքով ուժգին հարված է հասցրել մահճակալին պառկած Գ․ Ասատրյանի պարանոցի շրջանին, ինչի հետևանքով վերջինս ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և մահացել է»,- նշեց Աբրահամյանը՝ տեղեկացնելով, որ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Տ․Կ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։
Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ