Լրահոս
Օրվա լրահոսը

Հավանության է արժանացել կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2023 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը

Փետրվար 23,2024 16:19

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցին: Սույն որոշման ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 156-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից: Մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության 156-րդ հոդվածը սահմանում է, որ «Յուրաքանչյուր տարվա համար Կառավարությունը զեկույց է ներկայացնում Ազգային ժողով իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին»: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Կառավարությունը յուրաքանչյուր տարի` մինչև մարտի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարում իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց»: Կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին կառավարության զեկույցը մշակվել է բոլոր շահագրգիռ մարմինների մասնակցությամբ: Այն ներառում է Կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ արդյունքային և թվային ցուցանիշներ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայացմամբ, զեկույցում ներառված է 2023թ. Հայաստանի սոցիալ-տնտեսական պատկերը նկարագրող ցուցանիշներ, ինչպես նաև միջազգային հեղինակավոր մի շարք վարկանիշներում Հայաստանի դիրքի վերաբերյալ տվյալներ, որոնք ի ցույց են դնում Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների բովանդակությունն ու արդյունքները:

Արձագանքելով վարչապետը նշել է. «Ավանդույթի համաձայն մենք Կառավարության տարեկան զեկույցն ավելի մանրամասն քննարկում ենք խորհրդարանական ձևաչափով, այսինքն՝ Ազգային ժողովում: Այսօր Կառավարության նիստում ես ուզում եմ երկու հանգամանքի վրա մեր ուշադրությունը կենտրոնացնել:

Առաջինը, որ մենք 2021թ. նախընտրական շրջանում խոստացել էինք, որ տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ենք ապահովելու, ինչը, իհարկե, շատ հավակնոտ ցուցանիշ է: Կարող եմ ասել, որ 2023թ. մեզ հաջողվել է արձանագրել 8,7 տոկոս տնտեսական աճ: Նաև ուզում եմ հիշեցնել, որ 2022թ. տնտեսական աճի ցուցանիշը 12,6 տոկոս էր, նաև եթե նախընտրական տարին էլ հաշվի առնենք, տնտեսական աճի ցուցանիշը 5,6 տոկոս էր: Ըստ էության, նաև 2021թ. ցուցանիշները՝ նույնիսկ հաշվառումով, միջինում ավելի քան կատարել ենք տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու խնդիրը, որն, իհարկե, համապարփակ ցուցանիշ է, ինչը բոլոր ոլորտների վրա՝ առանց բացառության, ունենում է կոնկրետ ազդեցություն:

Երկրորդը՝ ես կուզենայի ընդգծել բյուջետային ցուցանիշները, որովհետև 2023թ. մենք ապահովել ենք 2 տրիլիոն 222 միլիարդ բյուջետային եկամուտներ: Որպեսզի այս թվի բովանդակությունն առավել հասկանալի լինի, ասեմ, որ 2017թ. բյուջետային եկամուտների նկատմամբ այս ցուցանիշն ավել է 1 տրիլիոն 64 մլրդ դրամով, այսինքն՝ բյուջեի աճը, հարկային եկամուտների մասին է խոսքը, կազմել է շուրջ 92 տոկոս: Այսինքն՝ 2017թ. նկատմամբ մենք բյուջեի հարկային եկամուտներն ավելացրել ենք 92 տոկոսով, չնայած՝ ավելի ճիշտ կլինի ասել, որ ոչ թե մենք ենք ավելացրել, այլ հարկ վճարողներն են ավելացրել: Եվ ես կրկին ուզում եմ բոլոր մեր օրինապահ հարկ վճարողներին շնորհակալություն հայտնել»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ձեռք բերածով չպետք է բավարարվել, քանի որ Հայաստանում, ցավոք, շարունակում է մնալ ստվերային տնտեսություն: «Մեզ մոտ ստվերային տնտեսության մեջ պիտի նկատի ունենանք նաև այն դեպքերը, երբ մենք գործնականում հարկային վարչարարություն չենք իրականացնում, կամ էլ այն դեպքերը, այսինքն՝ օրենքով նախատեսված է հարկային վարչարարություն, բայց դե ֆակտո դա չի իրականացվում: Մենք նախորդ տարի մի այդպիսի քայլ արեցինք այս տարվա համար, և այս տարի արդեն մենք մեր քաղաքացիներից ակնկալում ենք, որ բնակարանների վարձակալության դեպքում դրանք հայտարարագրենք: Երբ մենք այս որոշումը կայացնում էինք, ես հիշում եմ, որ բավականին հոռետեսություն կար, թե դա ինչքանո՞վ կաշխատի, բայց ես գիտեմ նաև, որ արդեն իսկ Հայաստանի շուրջ 15 392 քաղաքացի (շուրջ 21 000 հայտարարություն) հայտարարագրել է, որ վարձով բնակարան է տալիս»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, իրավիճակն այնպիսի է եղել, որ օրենսդրությամբ բնակարան վարձակալելու պարագայում հարկի վճարումը նախատեսված է եղել, բայց գործնականում դա չի իրականացվել: Պարզաբանելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ պարզ համակարգ է ներդրվել հարկային օրենսգրքում, որ եթե անձն ուզում է հայտարարագրել իր եկամուտները վարձակալությունից, պարզ ձևաչափով հայտարարություն է ներկայացնում հարկային մարմին իր եկամուտների մասին և հաջորդ տարի արդեն հայտարարագիրը ներկայացնում է:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև վերջին օրերին արտագնա աշխատանքի մեկնողների շրջանում հնչող որոշակի բողոքներին: Վարչապետը նշել է, որ օրենքը նախատեսում է, որ արտագնա աշխատանքի մեկնողները նույնպես եկամտային հարկ պիտի վճարեն, այսինքն՝ աշխատանքի երկրում և Հայաստանի Հանրապետությունում առկա եկամտային հարկի տարբերության չափով, բայց դա էլ չի իրականացվում, ինչպես բնակարանի վարձակալության հետ կապված օրենքի դեպքում էր: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե այս առումով ի՞նչ փոփոխություններ են արվել:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի խոսքով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության ամբողջ պատմության ընթացքում գործել է հետևյալ կանոնը, որ ՀՀ ռեզիդենտը վճարում է թե՛ ՀՀ-ում ստացած եկամուտները, թե՛ արտասահմանում, իհարկե կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի ուժով նաև կան բացառություններ: «Եվ ինչպես նշեցիք, որևէ մեխանիզմ չի եղել այդ պարտականությունը կյանքի կոչելու: Մենք 2020թ. ԱՊՀ շրջանակներում միացել ենք համաձայնագրին, որով նախատեսվում է, որ հարկային մարմինները կփոխանակեն էլեկտրոնային տեղեկություններ միմյանց քաղաքացիների ստացած եկամուտների և վճարված եկամտային հարկի մասին, և առաջին անգամ նախորդ տարի ենք ստացել այդ տեղեկությունը: Ինչպես պահանջում է հարկային օրենսգիրքը, սկսել ենք մեղմ վարչարարություն իրականացնել, մեր քաղաքացիներին ծանուցել ենք առկա հարկային պարտավորությունների մասին»,-ասել է Ռուստամ Բադասյանը:

Անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողների շրջանում հնչող բողոքներին, վարչապետը նշել է, որ պետք է հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքը փոխել: «Ամեն իրավիճակում կարող են լինել օբյեկտիվ բողոքներ: Մենք պարտավոր ենք այդ օբյեկտիվ բողոքներին և օբյեկտիվ դիրքորոշումներին արձագանքել: Բայց նաև ուզում եմ ասել, որ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները, երբ վերադառնում են Հայաստանի Հանրապետություն, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի մեր հայրենակիցները, ովքեր գնացել, եկել են, պետք է, որ նկատած լինեն, որ նույն Գեղարքունիքի մարզի ավտոմոբիլային ճանապարհներն այն վիճակում չեն, ինչ վիճակում էին մի ժամանակ: 2018 թվականից մինչև այսօր Գեղարքունիքի մարզում 452 կմ ճանապարհ է կառուցվել: Սա միայն պետական ծրագրերով»,-ասել է կառավարության ղեկավարը և հավելել, որ այստեղ Գեղարքունիքի մարզի մասին է խոսում, սակայն ասվածը վերաբերում է բոլոր մարզերին:

Թեմային շրջանակում կառավարության ղեկավարը նշել է, որ միայն Գեղարքունիքի մարզում, ընդհանուր առմամբ, 76 միլիարդ 980 միլիոն դրամի՝ 180 միլիոն դոլարի չափով սուբվենցիոն ծրագրեր և պետական բյուջեի միջոցներով ծրագրեր են իրականացվել: Նիկոլ Փաշինյանը թվարկել է Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքում 2018 թվականից մինչ օրս իրականացված 148 սուբվենցիոն ծրագրերի մի մասը: Ըստ այդմ՝ «Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի երկու փողոցների և գերեզմանոցի հարակից տարածքի գիշերային լուսավորության ցանցի նորոգում, Մարտունի խոշորացված համայնքի Լիճք բնակավայրի Ա3 թաղամասի թիվ 5 և 8 դպրոցների խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցում, Մարտունի խոշորացված համայնքի Լիճք բնակավայրի Ա1 թաղամասի համար 2 փողոցի ասֆալտապատում, Մարտունի խոշորացված համայնքի Գեղհովիտ թիվ 1 փողոցի ասֆալտապատում, Մարտունի խոշորացված համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի մաս 5 և Բ թաղամաս 10-րդ փողոցների ասֆալտապատում, Մարտունի խոշորացված համայնքի Ծովասար բնակավայրի երկրորդ փողոցի ճանապարհի հիմնանորոգում, Մարտունի խոշորացված համայնքի Վարդենիկ բնակավայրի խմելու ջրագծի նոր սնուցող ջրագծի կառուցում, Մարտունի խոշորացված համայնքի Վարդենիկ բնակավայրի Սարի առու ոռոգման մայր ջրատարի հիմնանորոգում, Մարտունի խոշորացված համայնքի Ձորագյուղ բնակավայրի թիվ 9 փողոցի ասֆալտապատում, Մարտունի խոշորացված համայնքի Ծակքար բնակավայրի առաջին և երրորդ փողոցների երկարությամբ անցնող ոռոգման ջրագծերի կառուցում մետաղական կիսախողովակներով, Մարտունի խոշորացված համայնքի Գեղհովիտ բնակավայրի Ղռաժներ և Չայիրներ թաղամասերը սնող ոռոգման ջրատարների գլխամասի կապիտալ վերանորոգում, Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի գիշերային լուսավորության ցանցի ընդլայնում, Մարտունի խոշորացված համայնքի Աստղաձոր բնակավայրի Զորավար Անդրանիկի փողոցի ասֆալտապատում, Մարտունի խոշորացված համայնքի Աստղաձոր բնակավայրի Զորավար Անդրանիկ փողոցի խմելու ջրագծի ներքին ցանցի հիմնանորոգում, Մարտունի խոշորացված համայնքի Ծովասար բնակավայրի 10-րդ փողոցի ասֆալտապատում, Մարտունի խոշորացված համայնքի Վաղաշեն բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման սեյսմազինվածության բարձրացում բակային մասի բարեկարգում, Մարտունի խոշորացված համայնքի Ծակքար բնակավայրի 10-րդ փողոցի ասֆալտապատում, Մարտունի խոշորացված համայնքի Ծակքար բնակավայրի Մատուռներ առվի ոռոգման ջրագծի կառուցում, Մարտունի խոշորացված համայնքի Ծակքար բնակավայրի մշակույթի տան հիմքերի ամրացում, Մարտունի խոշորացված համայնքի Ծովինար բնակավայրի մանկապարտեզի շենքի վերանորոգում երրորդ փուլ, Մարտունի խոշորացված համայնքի Ծովինար բնակավայրի համայնքի փողոցների ասֆալտապատում, Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգում, Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի նոր կապտաժի կառուցում և որոշակի հատվածներում երկաթյա խողովակների փոխարինում, Մարտունի խոշորացված համայնքի Երանոս բնակավայրի մսուրմանկապարտեզ ՀՈԱԿի շենքի երկրորդ մասնաշենքի ուժեղացում և հիմնանորոգում, Մարտունի խոշորացված համայնքի Վերին գետաշեն բնակավայրի ներհամայնքային ոռոգման առուների կառուցման աշխատանքներ, Մարտունի խոշորացված համայնքի Զոլաքար բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցում և տարածքի բարեկարգում երրորդ փուլ, Մարտունի խոշորացված համայնքի Զոլաքար բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի կառուցում»:

Երկարաձգվել է բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի գործողության ժամկետը

Կառավարության որոշմամբ մեկ տարով երկարաձգվել է «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի» գործողության ժամկետը՝ մինչև 2025թ. հուլիսի 1-ը: 2022 թվականի հունիսի 1-ից մեկնարկել է Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը, որով նախատեսվում էր շուրջ 2000 շահառուի տրամադրել ծրագրով ներգրավված վարկերի տոկոսների համար սուբսիդավորում։ 2023թ. արդյունքներով շահառուների թիվն ավելի քան 7600 է, ինչն էլ իր հերթին խոսում է ծրագրից օգտվելու հարցում քաղաքացիների շահագրգռվածության մասին։ Բացի այդ, ծրագրի հաջողված լինելու մասին է վկայում նաև տարածքային առումով համաչափ բաշխվածությունը։ Ծրագրի ավարտը նախատեսված է 2024 թվականի հուլիսի 1-ին: 2023թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետի կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացված խորհրդակցության շրջանակներում հանձնարարվել է նախաձեռնել համապատասխան իրավական ակտի ընդունում ծրագրի երկարաձգման նպատակով։ Ծրագրի երկարաձգմամբ շահառուների թիվը կավելանա ևս շուրջ 3000-ով։

Թեմայի շրջանակում վարչապետը կրկին անդրադարձել է արտագնա աշխատանքի մեկնողների հետ կապված վերոնշյալ դիտարկումներին և ընդգծել. «Ի՞նչ կապ ունի արտագնա աշխատանքի մեկնողների հետ: Կապ ունի այնքանով, որ մենք ասում ենք, որ մարդիկ պետք է սրանով բնակարաններ նորոգեն։ Առաջինը՝ ո՞վ պետք է այդ նորոգումը իրականացնի: Պետք է իրականացնեն արտագնա աշխատանքի մեկնողները, այսինքն՝ նրանց համար աշխատանքի դաշտ բացելու համար էր այս ծրագիրը։ Երկրորդը՝ մենք խոսում ենք, որ գյուղական բնակավայրերում բազմաթիվ մեծ տներ կան, որոնք ժամանակին կառուցվել են այլ տրամաբանությամբ և քանի որ տուրիզմի թվերը աճում են, այս ռենովացիայի ծրագրով մենք պետք է աջակցենք, որ մարդիկ իրենց տները վերափոխեն գյուղական բնակավայրերում և մեծ տների մի մասը հյուրատներ ստեղծեն և այլն։ Այդ հաշվարկը մեծ հաշվով արդարացավ, որովհետև 2023թ. մենք բոլոր ժամանակների համար ռեկորդային թվով զբոսաշրջիկներ ենք ընդունել և նաև տեսնում ենք, որ ծրագիրն արդեն բավականին մեծ թվով շահառուներ ունի՝ 7638 շահառու։ Կարող ենք ասել, որ 7638 տուն կամ բնակարան նորացվում է: Այս ծրագրի երրորդ կոմպոնենտն էլ ավելացավ այն տրամաբանությամբ, որ մենք ծրագիրն ուղղենք էներգախնայողությանը, որ մյուս կողմից՝ այդ նորացված բնակարաններում մարդիկ կոմունալ վճարումներն ավելի քիչ անեն: Սա իր նպատակին ծառայում է, և մենք ծրագրի ծավալներից գոհ ենք։ Սա է պատճառը, որ մենք հիմա որոշում ենք երկարացնել մեկ տարով և երբ մեկ տարին լրանալիս լինի, այն ժամանակ կվերադառնանք և կտեսնենք, թե ոնց ենք պատկերացնում շարունակությունը։ Որպեսզի մեր հայրենակիցներին հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը. իրենք պետք է գնան բանկ, այս ծրագրով ստանան վարկ և կառավարությունը վարկի տոկոսները կսուբսիդավորի։ Այսինքն՝ սահմանամերձ բնակավայրերում կզրոյացնի, Երևանում՝ 9 տոկոս, այսինքն՝ Երևանում էլ բնակարանները էներգախնայող դարձնելու համար կարող են այդ վարկը վերցնել, մարզային քաղաքային բնակավայրերում 11 տոկոսով կնվազի բանկի սահմանած տոկոսը, գյուղական բնակավայրերում 12 տոկոսով կնվազի բանկի տոկոսը»։

638,444.4 հազար դրամ կուղղվի մանկապարտեզների և մարզադպրոցների, ինչպես նաև «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների նախագծմանը և կառուցմանը

Կառավարության որոշմամբ, նախատեսվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար չբաշխված գումարներից կատարել վերաբաշխում 638,444.4 հազար դրամ գումարի չափով՝ գումարն ուղղելով մանկապարտեզների և մարզադպրոցների, ինչպես նաև «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների նախագծմանը և կառուցմանը: Բացի այդ, որոշմամբ նախատեսվում է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին փոխանցել թվով 23 դպրոցի և 11 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները: Վերոնշյալ նպատակով որոշմամբ նվազեցվում են 2024 թվականի պետական բյուջեի 1236 ծրագրի 32002 միջոցառմամբ նախատեսված և օբյեկտներով չբաշխված գումարները: Որոշմամբ գումար կհատկացվի թվով 5 մանկապարտեզի, թվով 2 մարզադպրոցի, ինչպես նաև թվով 10 «Վորքաութ» տեսակի մարզահրապարակի նախագծման, կառուցման և վերակառուցման համար: Որոշմամբ կկատարվի նաև վերաբաշխում 300 դպրոցի ծրագրի կատարողների միջև: Արդյունքում կապահովվեն կրթական և մարզական դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ։

Անդրադառնալով վերոնշյալ որոշմանը, վարչապետը բոլորի ուշադրությունը հրավիրել է «Վորքաութ» կոչվող նախագծի իրականացմանը։ «Մենք նկատեցինք, որ աշխարհում շատ մեծ թափով զարգանում և տարածվում է, այսպես կոչված, «Սթրիթ վորքաութ» տեսակի մարզման ձևը, որն, ըստ էության, մարզումային համակարգ է, որը գործում է ոչ թէ ֆիթնես կենտրոններում և մարզասրահներում, այլ ուղղակի փողոցներում։ Իրականում դա ավելի ու ավելի պոպուլյար դարձող մարզաձև է ամբողջ աշխարհում։ Այստեղ մենք խոսել ենք տարբեր ֆորմատներով և որոշում ենք կայացրել, որ դա պետք է անենք, որովհետև մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ նաև փողոցներում նման ենթակառուցվածքների գոյությունը լավ միջոց է պատանիներին, երիտասարդներին, այսպես ասած, քրեածին հակումներից, դրսևորումներից հետ պահելու և նրանց էներգիան այլ ուղղությամբ զարգացնելու համար»,-նշել է կառավարության ղեկավարը։ Կառավարության ղեկավարի խոսքով, այստեղ մտահոգության առարկա կարող է լինել այն, որ բնակավայրերում այդ ենթակառուցվածքները կստեղծվեն, սակայն պոտենցիալ շահառուների կողմից չեն կիրառվի։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, անհրաժեշտ են մեխանիզմներ, որպեսզի համոզվածություն լինի, որ մարդիկ դա օգտագործում են: Վարչապետը հանձնարարել է Հայաստանում գործող այդ մարզաձևի ֆեդերացիա հետ քննարկել, որպեսզի նրանք գնան և ներկայացնեն մարզաձևը: Կառավարության ղեկավարի խոսքով, չնայած գործիքները կան, սակայն ամեն մի գործիք իր համար վարժությունների որոշակի համախումբ ունի, և պրոֆեսիոնալ աջակցությունը չի խանգարի։

Հաջորդիվ՝ վարչապետը ներկայացրել է «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների բաշխվածությունը, ըստ որի այն կլինի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 18/5 հասցեում, Նադարյան փողոցի 3/4 հասցեում, Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սայաթ-Նովա 1 շենքերի թիվ 4 դպրոցի և թիվ 3 դպրոցի բակերում գտնվող տարածքներում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ս. Շահումյանի փողոցի թիվ 1 շենքի, Ջերմուկի կրթահամալիրի բակերում, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մանուկյան փողոցի 1-ին նրբ. թիվ 2 և 3 շենքերի, Թումանյան փողոցի թիվ 18, Շահումյան փողոցի թիվ 15 և 19 շենքերի բակերում գտնվող տարածքներում: Վերոնշյալ ծրագրով նաև նախատեսվում է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի մանկապարտեզի նախագծում, Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի մանկապարտեզի նախագծում, Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ բնակավայրի մանկապարտեզի նախագծում, Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրի մանկապարտեզի կառուցում, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզի վերակառուցում և Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրի մարզադպրոցի նախագծում, Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի մարզադպրոցի կառուցում:

Աջակցություն կտրամադրվի գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1000 անձանցով համալրելու համար

Կառավարության որոշմամբ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ, մասնավորապես՝ «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման» ծրագրի իրականացման համար 2024 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 873,150.0 հազ. դրամ գումար միջոցառման շրջանակներում 1000 շահառուի աջակցություն տրամադրելու նպատակով: Որոշման արդյունքում ակնկալվում է ապահովել աջակցության տրամադրում՝ գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերը անհրաժեշտ մասնագիտական կարողություններ և հմտություններ ունեցող՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1000 անձանցով համալրելու համար՝ ապահովելով վերջիններիս կայուն զբաղվածությունը։

Շարունակվում են զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումները

Գործադիրի որոշմամբ, զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառման շրջանակներում շահառուներին փոխնակ մոր ծառայությունից օգտվելու և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով 2024 թվականի առաջին եռամսյակի համար Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 15.250 մլն դրամ:

Կապահովվի Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից տրանսպորտային անվտանգության բնագավառում ստուգումների անխափան ընթացքը

Կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշմամբ հաստատվել են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականցվող ստուգումների համար նախատեսված ստուգաթերթերը։ Ստուգաթերթի կիրարկման ընթացքում պարզվել է, որ տրանսպորտի անվտանգության ոլորտում ստուգում իրականացնելու համար նախատեսված ստուգաթերթի հարցաշարում որոշ հարցեր հղում են կատարում ուժը կորցրած նորմատիվ պահանջներին։ Այսպիսով, որպեսզի Տեսչական մարմինը կարողանա պատշաճ իրացնել իրեն օրենքով վերապահված լիազորությունները, անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ Որոշման N 1-ին հավելվածով հաստատված ստուգաթերթում։ Որոշման նպատակն է խմբագրել տրանսպորտային անվտանգության բնագավառում ստուգումներ իրականացնելու համար նախատեսված ստուգաթերթի հարցաշարի հղումներ։

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարության որոշումներով, գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «ՍԻ ԷՆ ՍԻ ՄԵՏԱԼ ՄԱՆՈՒՖԱԿԹՈՒՐԻՆԳ», «ՋԻ-ԿՈԴԵՐ» ընկերությունները կօգտվեն ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Որոշումների նպատակն է ապահովել ընկերությունների կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1942-Ա որոշմամբ սահմանված արտոնության կիրառումը ամբողջ ծավալով:

Կապահովվի պատվաստանյութերի անընդմեջ մատակարարման, որակյալ և անվտանգ պատվաստումային ծառայություններ

Կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում պատվաստանյութերի անընդմեջ մատակարարմամբ, բյուջետային միջոցների խնայողությամբ, ինչպես նաև որակյալ և անվտանգ պատվաստումային ծառայությունների ապահովմամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կիրառման արդյունքում ակնկալվում է ՀՀ բնակչության շրջանում կանխարգելիչ պատվաստումների անվտանգ և արդյունավետ իրականացում, որի հետևանքով կապահովվի Հայաստանի Հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելում և կայուն համաճարակային իրավիճակի ստեղծում:

Օրենսդրական նախաձեռնություն

Կառավարությունը հավանություն է տվել «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Արդյունքում կսահմանվեն համապատասխան իրավական հիմքերը ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողություն իրականացնելու նպատակով հասարակական դիտորդների խմբի ստեղծման համար, ինչը կամրապնդի հասարակական կազմակերպությունների և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համագործակցությունը և հնարավորություն կստեղծի ապահովելու ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության թափանցիկությունը։

 ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829