Լրահոս
Օրվա լրահոսը

«Իբր ինժեներական քաղաքը հորով-մորով արեցին, հիմա էլ՝ Ակադեմիական քաղաք». Վիկտոր Մնացականյան

Փետրվար 23,2024 15:26

«Մի երկիր, որ այսօր նորմալ գիտական հանդես չունի, չունի աշխարհահռչակ գիտնականներ, ինչպես, ասենք, ժամանակին Վիկտոր Համբարձումյանն էր, ի՞նչ Ակադեմիական քաղաքի մասին կարող է խոսք լինել: Ունենք դասախոսներ, բայց չունենք փորձառու դասախոսական կազմ.․․ Այսօր ով ավարտում է բուհը՝ պաշտպանում է, դարձնում են դասախոս»,-Aravot.am-ի հետ Ակադեմիական քաղաքի մասին զրույցում ասում է քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանը:

«Մեր փոքր երկրի պարագայում, որը պատերազմական վիճակում է, երկու կողմից շրջապատված է թշնամական երկրներով, սխալ է Ակադեմիական քաղաքի անվան տակ երիտասարդությանը տանել ու մի տեղ հավաքել, Աստված մի արասցե, մեր ամբողջ սերուցքը կկորցնենք, հատկապես որ արդեն շուրջ 5000 զոհ ենք տվել 44-օրյա պատերազմում: Ինչ է թե Նիկոլ Փաշինյանի գլխում այդ կպչուն միտքն է ծնվել, որ Ակադեմիական քաղաք պետք է կառուցենք, ինքը շատ անհասկանալի ձեւով փորձում է դա իրականացնել, այն դեպքում, երբ ճարտարապետների հետ չեն քննարկել, ուրբանիստների հետ չեն քննարկել, կրթության մասնագետների հետ չեն քննարկել; Ինչ-որ մեկը սխալ խորհուրդ է տվել հերթական անգամ, երեւի ասել են՝ կարող ենք ծախել Բրյուսովի ու մնացած բուհերի շենքերը, դրա համար ուզում են թենիսի կորտերը ծախել ու սարքել հյուրանոց: Բայց եթե շատ եք ուզում, ձեր Ազգային ժողովը ծախեք ու գնացեք նստեք Գյումրիում, Վանաձորում»,-հավելում է քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանը:

Ապա տարակուսանք է հայտնում՝ իբր ինժեներական քաղաքը կառուցել են, հիմա էլ անցել են Ակադեմիական քաղաքին. «Բագրեւանդ գնալու ճանապարհին՝ ձախ կողմի վրա, որ ոչխարներ են վաճառում չհասած ստրիպտիզ ու մինչեւ Հին Ջրվեժ (Ինժեներական քաղաքը պետք է տեղակայվեր Ջրվեժ թաղամասում՝ Բագրևանդի փողոց 74 հասցեում գտնվող 3 հեկտար հողատարածքի վրա-Գ.Հ.)՝ դա է իրենց խոստացած ինժեներական քաղաքը: Ինժեներական քաղաքը հորով-մորով եք արել, հիմա էլ Ակադեմիական քաղա՞ք եք կառուցում: Ցավոք մեր երկիրը այդ պոտենցիալը չունի, որ կարողանա նման հավակնոտ նախագիծ իրականացնել: Գաղափարը վատը չէ, բայց դրա վրա պետք է 10-20 տարի աշխատենք, լավ երիտասարդներին ուղարկենք արտասահման սովորեն, հետ գան, վերապատրաստվեն, շահագրգռենեք աշխարհի լավագույն մասնագետներին, գիտնականներին, որ գան մեզ մոտ դասավանդեն: Օրինակ, Սան Դիեգոյի համալսարանում, որ լավագույն տասնյակի մեջ չէ, մի պահ աշխատում էին մեծ թվով Նոբելյան մրցանակակիրներ, որովհետեւ իրենց համար կարեւոր չէր աշխատավայրը, նորմալ պայմաններ էին առաջարկել, լաբորատորիա, ուսանողներ, բարձր աշխատավարձ․․․ Սան Դիեգոյի կլիման էլ լավն է, իրենք համաձայնել էին: Մենք չունենք նման գիտնականներ»

Ի դեպ, հիշեցնենք, որ դեռեւս 2021թ փետրվարի 9-ին այն ժամանակվա Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «Ինժեներական քաղաքի» նախագծային փաստաթղթերը պատրաստ են, եւ դրա շինարարությունն այդ տարի կսկսվի։ Ինժեներական քաղաքը, սակայն, դեռ թղթի վրա է:

Մեր զրուցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Ակադեմիական քաղաքի linkedin-յան էջում նշված տեղեկատվությանը, ըստ որի Ակադեմիական քաղաքի տարածքի սահմանների ներսում առկա է հողակտոր, որը Երևան քաղաքի Գլխավոր հատակագծով նախատեսված է եղել որպես գերեզմանատների գոտի, եւ այդ հողակտորի նպատակային նշանակությունը նախատեսվում է փոխել:

«Երեւանի գլխավոր հատակագիծը դարձրել են խանութի պարտքերի ցուցակի պես մի բան… Երկրի առաջին դեմքը պետք է հասկանա, որ մինչեւ Երեւանը չունենա ռազմավարական մաստեր պլան, որի մեջ մտնում են նաեւ հարակից շրջանները, մի շարք հարցեր հնարավոր չի լինելու լուծել: Գլխավոր հատակագիծը շատ հարցերի չի պատասխանում, իսկ մաստեր պլանը պատասխանում է: Կոնցե՞պտ եք ուզում, եկեք Մարդամոտ քաղաքի կոնցեպտը վերցրեք, զարգացրեք: Ինչ վերաբերվում է Ակադեմիական քաղաքին, նորից եմ կրկնում՝ դա անլուծելի հարց է»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829