Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր եւ վաղը եւ այսուհետ, ես իմ ընկերների հետ, որպես ազգային ինքնության եւ հավատի պաշտպաններ, լինելու ենք այստեղ՝ Մայր Աթոռի կողքին». Գեւորգ Գեւորգյան

Փետրվար 23,2024 15:13

«Այսօր եւ վաղը եւ այսուհետ, ես իմ ընկերների հետ, որպես ազգային ինքնության եւ հավատի պաշտպաններ, լինելու ենք այստեղ՝ Մայր Աթոռի կողքին»,- այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ «Հայ ազգային ճակատ»-ի նախագահ Գեւորգ Գեւորգյանը՝ բոլոր մտահոգ կառույցներին, հավատավոր ժողովրդին կոչ անելով՝ գալ ու կանգնել Մայրավանքում՝ ի պաշտպանություն հայ եկեղեցու եւ հայոց հավատի՝ հանուն երկրի:


«Այստեղ ուժի ցուցադրության հարթակ չէ, այլ մեր հավատի տաճարը, որտեղ պետք է գալ քրիստոնեական խոնարհությամբ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ պատմական ամենադժվարին իրավիճակներում եւ շրջափուլերում, մենք գոյատեւել ենք եկեղեցու միջոցով, եկեղեցին է պահել հայ լեզուն, մշակույթը, մեր հավատը:

«Հայ ազգային ճակատ» կազմակերպության անդամներն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայրավանքի մուտքի մոտ էին հավաքվել՝ «Ի սատարում եկեղեցու»: Հավաքին ինքնաբուխ միացել էին բազմաթիվ հավատավոր մարդիկ։ Հավաքը շարունակվելու է նաեւ վաղը` փետրվարի 24-ին:

Հավաքի մասնակիցներին դիմավորեց Տեր Հովհաննես քահանա Քեսաբլյանը:

Իր խոսքում նա պատգամեց՝ Մեծ պահքի այս օրերին առավել պահել Աստծո պատվիրանները, որպեսզի Աստծո առատությունը մեզանում ավելանա. «Ուրախ ենք, որ այս օրերին, երբ տարատեսակ կոչեր են հնչում, շատ հայորդիներ ազնիվ մղումներով կանգնած են Հայ եկեղեցու եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողքին»:

Իր խոսքում Գեւորգ Գեւորգյանը նաեւ ասաց, որ որպես Քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրի՝ կանգնած ենք մեր եկեղեցին զանազան ոտնձգություններից պաշտպանելու առջեւ. «Հայ եկեղեցին թիրախավորած զանազան խարդախ, զազրախոս եւ թշնամիների կողմից գործող խմբավորումները, «հասարակական կազմակերպությունները» կրկին ակտիվացման հրահանգ են ստացել՝ ճիշտ նույն սցենարով, ինչ 2018-ին, երբ խառնամբոխը խուլիգանապես ներխուժեց Մայր Աթոռի Վեհարան, հարձակվեց ամենայն հայոց Վեհափառի վրա»:

Գեւորգ Գեւորգյանը հայտարարեց, որ նման նախաձեռնությունները մշտապես տապալվելու են. «Մենք այստեղ ենք՝ պահպանելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»:

Հավաքի մասնակիցները նաեւ միասնական աղոթք արեցին:

Այլ մանրամասները՝  տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829