Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է հայտնել Արցախի նախագահը իրավապահներին

Փետրվար 23,2024 15:01

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հստակ տեղեկություններ չի կարող ունենալ Արցախի որոշ պաշտոնյաների կողմից դրսեւորած կոռուպցիոն հնարավոր չարաշահումների մասին, որի վերաբերյալ համացանցում տեղեկություններ էին շրջանառվում եւ ինչի կապակցությամբ Արցախի նախագահը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով ուսումնասիրել համացանցի այդ տեղեկությունները: Այս մասին Aravot.am-ին ասաց Շահրամանյանի ներկայացուցիչ Ռոման Երիցյանը:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազին ուղղված Արցախի նախագահի գրության հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել, ինչի շրջանակում երեկ պարոն Շահրամանյանը հրավիրվել էր հարցաքննության:

Ռոման Երիցյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

 

Ռոման Երիցյանից փորձեցինք պարզել, թե հնարավոր չարաշահումների մասով երեկ պարոն Շահրամանյանն ինչ է հայտնել իրավապահներին, ի պատասխան՝ փաստաբանն ասաց. «Բնականաբար, չեմ կարող բովանդակային առումով ասել, թե ինչ դիրքորոշում է հայտնել կամ ինչ է ասել հարցաքննության ժամանակ, բայց Սամվել Շահրամանյանը նախագահի պաշտոնը ստանձնել է 2023 թվականի սեպտեմբերի սկզբին, մի ճակատագրական ժամանակահատվածում, երբ ինքը օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել տեղեկացված լինել այն ամենի մասին, ինչը տարածվել է համացանցում: Ինքը հստակ տեղեկություններ չունի ու չի ունեցել՝ արդյոք այդ տարածված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, թե՝ ոչ: Ինքը ընդամենը հաղորդում է ներկայացրել այդ ամենի վերաբերյալ, որ իրավապահները պարզեն»:

Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ իսկ նախագահը հաղորդում ներկայացնելիս ունե՞ր մտավախություն, որ կատարված հնարավոր չարաշահումներին օժանդակելու սլաքը կարող է իր կողմ ուղղվել, ի պատասխան ասաց. «Ես վստահեցնում եմ, որ մտավախություն պարոն Շահրամանյանը ունենալ չէր կարող, որովհետեւ կրկնում եմ՝ իր պաշտոնը ստանձնելիս Արցախի համար այնպիսի ճակատագրական ժամանակահատված էր, որ ինչքան էլ ցանկություն ունենար կազմակերպել, կամ օժանդակել, չէր կարող, որովհետեւ դրա ժամանակը չկար»:

Փաստաբանի խոսքով, Սամվել Շահրամանյանը, որպես Արցախի նախագահ, այլընտրանք չուներ, պարտավոր էր այդ տեղեկությունների վրա հրավիրել իրավապահների ուշադրությունը. դա էլ հենց եղել է հաղորդում ներկայացնելու հիմնական դրդապատճառը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829