Մենք, քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած երկիր, այսօր կանգնած ենք զանազան ոտնձգություններից մեր եկեղեցին պաշտպանելու հարցի առջև։
Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորած զանազան խարդախ, զազրախոս և թշնամիների կողմից գործող խմբավորումներն ու չակերտավոր «հասարակական նախաձեռնությունները» կրկին ակտիվացման հրահանգ են ստացել, ճիշտ նույն սցենարով, ինչպես 2018-ին, երբ անաստված խառնամբոխը խուլիգանաբար ներխուժեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարան, հարձակվեց Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի վրա, հակաեկեղեցական արշավներով փորձ արվեց նսեմացնել, պղծել մեր սուրբ հավատը։
Հակահայ ուժերի կողմից հրահանգված այս հարձակումները, ինչպես 2018-ին, այնպես էլ օրերս կրկին ձախողվեցին, հաջորդիվ էլ են ձախողվելու, որովհետև մենք շարունակելու ենք աննահանջ պաշտպանել 1723 տարի հային հայ պահող մեր անսասան հենասյունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։
Մենք այստեղ ենք պաշտպանելու մեր հոգևոր ամրոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայրավանքը, այն վայրը, որտեղ իջավ Միածին Որդին իր ոսկե մուրճով սրբացնելով հայոց հողը, որտեղ խոնարհությամբ պետք է գալ, և ոչ զազրախոսությամբ ու պղծությամբ։ Չպետք է երբեք մոռանանք, որ պատմական ամենադժվարին իրավիճակներում, շրջափուլերում մենք գոյություն ենք ունեցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շնորհիվ, եկեղեցին է պահել մեր լեզուն, մշակույթը, հավատը։
Կարդացեք նաև
Կոչ եմ անում հավատավոր ժողովրդին և բոլոր այն ուժերին ու հասարակական նախաձեռնություններին, որոնք մտահոգ են ստեղծված իրավիճակով, գալ, կանգնել այստեղ, հանուն հավատի, հանուն եկեղեցու, հանուն մեր երկրի։
Այստեղ ուժի և քաղաքական ազդեցության ցուցադրության հարթակ չէ, այստեղ մեր հավատի տաճարն է, մեր բոլորիս սրբատեղին, որտեղ պետք է քրիստոնեական խոնարհությամբ գալ ու փաստել մեր հավատարմությունն առ ազգային արժեքներ, առ հավատ։
Ես, իմ համախոհների հետ միասին, այսօրվանից սկսած, շուրջօրյա ներկայություն ենք ունենալու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, եկեք քրիստոնեական խոնարհությամբ և միասնությամբ կանգնենք մեր Սուրբ Եկեղեցու կողքին, որպես ազգային ինքնության և հավատի պաշտպաններ։
Հերիք է խոսենք, գործով առաջ գնանք։
Այսօր և վաղը, փետրվարի 24-ին, բոլորս լինելու ենք այստեղ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
Գևորգ Գևորգյան
«Հայ ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր